HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելի արագ է աճում, քան ոլորտի հասույթը. ԱՎԾ

2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործում է հյուրանոցային տնտեսության 551 օբյեկտ։ Ինչպես նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում (ԱՎԾ), այդ օբյեկտներից 302-ը գտնվում են Երևանում։

Հյուրանոցային տնտեսությունը ներառում է հյուրանոցները, առողջարանները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները և այլն։  Թե դրանցից քանիսն են միայն հյուրանոցները, ԱՎԾ-ի ներկայացրած վիճակագրությունում չի առանձնացվում, սակայն ավելի վաղ մեր հոդվածներից մեկի շրջանակներում Զբոսաշրջության պետական կոմիտեից ստացված տեղեկությունների համաձայն, հյուրանոցների թիվը շուրջ 190  է, որից շուրջ 70-ը՝ Երևանում։

Ինչպես երևում է, զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը վերանայվում է, քանի որ նախորդ տարի ցուցանիշներում որոշակի փոփոխություններ են արվել։

Հատկանշական է, որ վերջին երեք տարիներին, ըստ ԱՎԾ-ի, հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը զգալի աճել է`409-ից հասնելով 501-ի (աճը՝ 35%), այդ թվում Երևանում ՝ 229-ից հասնելով 302-ի  (աճը՝ 32%)։   

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հյուրանոցային 551 օբյեկտները միասին ունեն ավելի քան 8900 համար, որից ավելի քան 8500-ը հյուրանոցային օգտագործման համար են, մնացածը՝ ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարները։ Ընդ որում, թե Երևանում, թե մարզերում գերիշխում են սովորական համարները, թվաքանակով երկրորդ տեղում կիսալյուքս համարներն են, երրորդում ՝ լյուքսերը։

Ուշագրավ է, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները «սնկի պես» աճում են, սակայն ոլորտի ընդհանուր հասույթը, հատկապես մայրաքաղաքում, ցածր տեմպերով է աճում։ Նախորդ տարի ոլորտի ընդհանուր հասույթն, ըստ ԱՎԾ-ի, կազմել է մոտ 23 մլրդ դրամ, որը 2015 թվականի համեմատ աճել է մոտ 834 մլն դրամով կամ մոտ 4%-ով, մինչդեռ հյուրանոցային օբյեկտների թիվն այդ ընթացքում աճել է 16%-ով։ Սա նշանակում է, որ մեծամասամբ ավելացել են փոքր շրջանառություն ունեցող հյուրանոցային օբյեկտները։

Առանձին վերցրած՝ նույն պատկերն է նաև մայրաքաղաքում։ Նախորդ տարի Երևանում գտնվող հյուրանոցային օբյեկտների հասույթն, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել է 18.6 մլրդ դրամ, որը մեկ տարում աճել է  ընդամենը 0.09%-ով, մինչդեռ այդ ընթացքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելացել է  10%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Հարգելի հեղինակ, վերնագրից արդեն երեւում է որ տվյալ համեմատությունը ինքնին իմաստազուրկ է (որովհետեւ ,,օբյեկտ,, հասկացությունը քանակական միավոր չէ): Իմաստ կունենար, ասենք, տեղերի թիվ - միջին հասույթ համադրությունը: Լավագույն ցանկություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter