HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոռոգման ջրի բացակայության պատճառով աստղաձորցիները փակել են ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները  փակել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։ Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է։ 

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը՝ գյուղում ոռոգման շրջանը սկսվել է հուլիսի 3-ից, և արդեն երկրորդ անգամ գյուղացիները փակում են միջպետական ճանապարհը։ 

«Ո՜չ խմելու ջուր ունենք, ո՜չ ոռոգման ջուր։ Գյուղը վառվում է։ 510 հեկտար կարտոշկեն վառվել ա։ Էսօր երկրորդ անգամ են փակում։ Անտերության ա մատնված։ Ոչ մեկը ուշադրության չի դարձնում։ Միայն մարզպետն ա զբաղվում էս հարցով։ Պատկերացրեք՝ էս 32 աստիճան արևի տակ ինչ պիտի լինի էս բուսականությունը։ Գրեչկա ունենք 3000 մետր ցանած, լրիվ վառվել, թափվել ա։ Ոչ մի հատիկ չի մնացել, որովհետև ջուր չկա»,-ասաց համայնքապետը։ 

Գյուղապետը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունների գործադիր տնօրեն Ռոբերտ Մինասյանին։ Խաչատրյանի կարծիքով՝ Մինասյանը գործից տեղյակ չէ՝ ո՛չ պոմպի, ո՛չ շարժիչի համար գիտի։ Ասում է՝ նրան նշանակելուց հետո ոլորտն անտերության է մատնվել, հետևանքն էլ ստեղծված իրավիճակն է։ Գյուղապետի փոխանցմամբ՝ առաջին անգամ է, որ գյուղը ոռոգման ջուր չունի. «Որովհետև ոչ մի պոմպ չեն տարել վերանոգորման։ Հին պոմպերն են, ջուր չեն հանում»։ 

Գյուղապետի խոսքով՝ Մինասյանին անգամ զգուշացրել է՝ թողնել, գնալ, քանի որ նա գործից գլուխ չի հանում, իրենք էլ տուժում են։ 

«Վառվում ա, ամբողջ գյուղը վառվում ա։ Պատկերացնում եք՝ էս արևի տակ, էս չորային տարին, բույսին էլ ջուր չեն տալիս։ Ի՞նչ պիտի լինի»,-նշեց գյուղապետը։ 

Գյուղը նաև խմելու ջուր չունի։ Խաչատրյանի փոխանցմամբ՝ 5000 բնակիչ ունեցող գյուղում 2-3 ժամով ջուր են մղում, որ դույլերով ջուր հավաքեն։ Խաչատրյանը հավաստիացնում է՝ խմելու ջրի ապահովման մասին 1000 անգամ բարձրաձայնել է, բայց խնդիրը օդի մեջ ու թղթի վրա է մնացել։ 

Քիչ առաջ Խաչատրյանին Գեղարքունիքի փոխմարզպետն է զանգահարել։ Հայտնել է, որ քիչ հետո գյուղ է գալու մարզպետ Կարեն Բոթոյանը գյուղացիների հետ հանդիպելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter