HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պատգամավոր Մանե Թանդիլյանին անհանգստացնում են երկարատև նախաքննությունները

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը։ 

Դրան անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Պատգամավորը խոսեց կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայի և գլխավոր դատախազի որակած այն «թյուր մոտեցման» մասին, որ քաղաքացիները կալանավորումը համարում են անտեղի խափանման միջոց։ 

«Ձեզ պետք է հիասթափեցնեմ, պարոն դատախազ, որ իրականում դա հենց այդպես էլ կա։ Դա թյուր կարծիք չէ, և ինձ անհանգստացնում է ձեր մոտեցումն այդ հարցին, որպես թյուր կարծիք, որովհետև մենք ականատեսն ենք, որ խափանման միջոցը կալանք ընտրելու պարագայում, այն փոխարինելու տարբեր միջնորդություններն անգամ չեն բավարարվում, և ըստ էության, հիմնավորումները չեն բավարարում քաղաքացիներին և մեզ»,- ասաց պատգամավորը։ 

Թանդիլյանն անդրադարձավ նաև Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու իրենց ներկայացրած միջնորդությանը։ Նշեց, որ թեև Ղուկասյանը պատարաստ էր ստորագրել, որ երկրից չի հեռանա, վարույթ իրականացնող մարմնից չի խուսափի, սակայն միջնորդությունը մերժվեց՝ այդ հանգամանքը հիմք չընդունելով և հիմնավոր պատճառ չդառնալով։ 

Պատգամավորին նաև անհանգստացնում են երկարատև նախաքննությունները։ Որպես օրինակ՝ Մանե Թանդիլյանը մեջբերեց մեկ տարի տևող նախաքննությունները, որոնք հաճախ ո´չ նպատակային են, ո´չ արդարացված։ Ասաց՝ եթե հաշվարկի այդ ժամանակաշրջանը, կալանքը որպես խափանման միջոց ընտրածների քանակը, ապա կնկատի, որ անարդյունավետ ծախսեր են լինում, որոնք կրկին ընկնում են հարկատուների ուսերին։ Թանդիլյանի հավաստմամբ՝ այդ գումարները հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել։

Թանդիլյանը նաև խոսեց մասնագիտությունը` որպես կալանավորման հիմք դառնալու հանգամանքի մասին։ 

Ասաց՝ 2016թ.-ին ձերբակալվել է լրագրող, նրա կալանավորումը փոխարինելու միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ լրագրողը կարող է նյութեր հրապարակել։  

«Արդյոք մենք լռելյայն ընդունում ենք, որ յուրաքանչյուր լրագրողի նկատմամբ գործ հարուցելուց առաջին հերթին և ըստ էության նրա մասնագիտությունը որպես հիմք է ընդունվելու, և բոլոր լրագրողների նկատմամբ կիրառվելու է կալանքը որպես խափանման միջոց։ Փաստորեն՝ լրագրողները անհավասար պայմաններում են գտնվում, ասենք, օրինակ հաշվապահների նկատմամբ»,-ասաց պատգամավորը։ 

Թանդիլյանին մտահոգում է, որ լրագրողներին կալանավորում են՝ հիմք ընդունելով մասնագիտությունը։ Պատգամավորի գնահատմամբ՝ սա վնասում է խոսքի ազատության և ժողովրդավարության կայացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter