HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

IFAD-ի ներդրումային ծրագրերով կառուցված Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի ջրագծերը շուրջ մեկ տարի է՝ չեն գործարկվում

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրով 2015թ.-ին 303 մլն դրամ է հատկացվել Լոռու մարզի Ճոճկան գյուղի խմելու ջրագիծ կառուցելու և ջրի ներքին ցանցը վերակառուցելու համար: Ծրագրի` համայնքի համաֆինանսավորման գումարը կազմել է 30 մլն դրամ, որից 15 մլն դրամը հատկացվել է պետբյուջեից: Ծրագրով Ճոճկանը պետք է ջուր ստանա Շնող գյուղի դաշտամիջով անցնող Ագարակի ջրագծից: Ճոճկանի ջրագծի շինարարությունը մեկնարկել է 2015թ.-ի հուլիսի 7-ին: Շինարարությունը մրցութային կարգով իրականացրել է «Արարատշին» ՍՊԸ-ն:  

«Մենք հատկացված գումարի և շինարարական կազմակերպության մրցույթի հետ որևէ առնչություն չենք ունեցել: Ծրագրի պատվիրատուն կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է»,- ասում է գյուղապետ Արկադի Թամազյանը:

Ջրագիծը պետք է շահագործվեր 2016թ.-ի հոկտեմբերին: Սահմանված ժամկետում այն չի գործարկվել: Այս տարվա փետրվարի առաջին օրերին «Հետք»-ի բանավոր հարցմանը գյուղապետ  Ա. Թամազյանը պատասխանել է, թե մինչև փետրվարի վերջ ջրագիծն անպայման կշահագործվի, և ճոճկանցիները վերջապես խմելու ջուր կունենան:  

«Պետք է գործարկվեր, բայց ներքին ցանցի հետ խնդիր առաջացավ, մարդիկ (ի նկատի ունի շինարարական կազմակերպությանը-հեղ.) իրենք իրենց հաշվին էդ խնդիրը լուծում են։ Փորձարկման ժամանակ շինարարական կազմակերպության կողմից ներքին ցանցում տեղադրված կապրոնե խողովակները չեն դիմացել ջրի ճնշմանը, պայթել և ցանցում ստեղծել են վթարային վիճակ: Ջրագծի համար գյուղի Քարագլուխ դաշտում պոմպակայան է կառուցվել, որի միջոցով ջուրը մղվում է գյուղի ամենաբարձր կետը: Այստեղ էլ կառուցվել է 300տ տարողությամբ ջրամբար, որտեղից  ջուրը մղվելու է ներքին ցանց: Հիմա ջրագծի պոմպակայանն աշխատում է, ջուրը հասնում է ջրամբար, խնդիրը ներքին ցանցում է»,- ասաց Ա.  Թամազյանը:

Թե ինչու է 2016թ.-ի հոկտեմբերին շահագործման նախատեսված  ջրագծի ներքին ցանցի փորձարկումը 2017թ.-ի փետրվարին կատարվել, Ա.Թամազյանը չպարզաբանեց: Նրա խոսքով, շինարարները շինարարության ընթացքում փոխել են գյուղի ներքին ցանցի խողովակների մի մասը։ «Երևի 3,5 կմ ջրագիծը փոխած կլինեն»,-ասաց նա:

Անհաջող փորձարկումից հետո շինարարները ստիպված են եղել փոխել ներքին ցանցի ամբողջ խողովակները, որը նրանց առայժմ չի հաջողվել ավարտել: Հիշեցնենք, որ ջրագծերի նախագծերը հաստատելիս, Ա. Թամազյանը նախագծողներին տեղյակ չի պահել Ճոճկանի ծայրամասային թաղամասերի՝ 15-20 տան ներքին ցանցի նախագծից դուրս մնալու մասին:  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկի շինարարության բաժնի պետ Ավետիք Պալյանը դեռ 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին «Հետք»-ին վստահեցրել է, թե ջրագծի կառուցման  ծրագրում գումարային ոչ մի սահմանափակում չկա, և անպայման Ճոճկանի ներքին ցանցից դուրս մնացած ընտանիքների ջրագծերի խնդիրը կմտցնեն ծրագրի մեջ:

Հուլիսի 7-ին Ա. Թամազյանը հայտնեց, որ գրությունը ժամանակին  ուղարկել է, բայց խնդիրը Ա.Պալյանի կողմից չի լուծվել: «Մենք համայնքի բյուջեի ուժերով  մի 4-5 ընտանիքի  հարցեր լուծել ենք, մի 4-5 ընտանիք էլ ջրագծից 800 մետր հեռավորության վրա են գտնվում, մի քիչ բարդ է նրանց հարցը լուծելը: Հիմա նույնիսկ գյուղը ջուր չունի, ուր մնաց նրանք ջուր ունենան»,- ասաց Ա.Թամազյանը:

Սահմանված ժամկետում Ճոճկանի ջրագիծը չշաշահագործելու պատճառների մասին «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ծրագրերի շինարարության վերահսկողության բաժնի պետ Գեորգի Գևորգյանը հեռախոսով մեզ  հայտնեց, որ Ճոճկանի ջրագիծը չի շահագործվում ներքին ցանցում ստեղծված խողովակների որակյալ չլինելու պատճառով: Վերադառնալով ներքին ցանցի նախագծից դուրս մնացած ճոճկանցի ընտանիքներին՝ Գ.Գևորգյանը շինարարության բաժնի պետ Ավետիք Պալյանի նման վստահեցրեց, որ խնդիր չկա։ «Հիմա ես կխոսեմ շինարարի և գյուղապետի հետ, այդ  ընտանիքների տներն անպայման կմտնեն ներքին ցանցի նախագծի մեջ»,- ասաց  Գ. Գևորգյանը: Գյուղապետ Ա. Թամազյանն էլ դժգոհեց, թե «Հետք»-ին այդպես պատասխանելուց հետո իրենց գրությունը մերժում են: 

Ճոճկանի հարևանությամբ գտնվող և 1200 բնակիչ ունեցող Մեծ Այրում գյուղի ամենահրատապ խնդիրը նույնպես ջրամատակարարումն է: 

«Խմելու ջրի մանրէազերծում և ֆիլտրում Մեծ Այրումում  չի կատարվում»,-նշված է գյուղի 5-ամյա զարգացման ծրագրում: Հիշեցնենք, որ այրումցիների խմելու ջրի աղբյուրի ակունքը  գտնվում է Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող Ճոճկան և Մեծ Այրում գյուղերի վարչական տարածքում տեղակայված պոչամբարի մոտ:

 IFAD-ի 205 մլն դրամ ներդրումային ծրագրով Մեծ Այրումի ջրի ներքին ցանցի վերակառուցում չի նախատեսվել: Շնող գյուղի դաշտամիջով անցնող Ագարակի ջրագծից 2015թ.-ի մայիսին սկսվել է Մեծ Այրումի ջրագծի կառուցումը, որի շինարարական աշխատանքները իրականացրել է նույն «Արարատշին» ՍՊԸ-ն: Կառուցման ժամկետը սահմանվել է մեկ տարի: Սահակ Նազարյանի խոսքով,  ջրագծի կառուցումն ավարտվել է սահմանված ժամկետից  շուտ, սակայն Մեծ Այրումի նորակառույց ջրագիծն արդեն մեկ տարուց ավելի է՝ չի ծառայում նպատակին գյուղի ջրի` քայքայված ներքին ցանցի պատճառով: Ստեղծված իրավիճակում համայնքում IFAD-ի ներդրումային 205 մլն դրամը դարձել է անիմաստ ծախս: Մեծ Այրումի  ջրամատակարարման ծրագրի շինարարության վերահսկողության բաժնի պետ Գեորգի Գևորգյանը  պարզաբանեց. «Մեծ Այրումի գյուղապետը մեզ միայն ջուրը գյուղ հասցնելու արտաքին ցանցի պահանջն է ներկայացրել, մենք էլ ջուրը հասցրել ենք գյուղ»: Ջրամատակարարման ներքին ցանցն անհապաղ կառուցելու համար Ս. Նազարյանը ծրագիր է ներկայացրել «Շեն» բարեգործական կազմակերպությանը:

«Մեր ծրագիրը «Շեն»-ն ուղարկել է Ֆրանսիա: Թե ինչպես կլուծվի խնդիրը, դեռևս տեղեկություն չունենք»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ IFAD-ի ներդրումային 80 մլն դրամ ծրագրով 2016թ.-ին Լորուտ գյուղի Իքատակ հանդամասում Մարցիգետ թափվող Սարիբուլաղ գետակից սնվող 9,5 կմ երկարությամբ ջրագիծ է կառուցվել «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 770 հա վարելահողերի ոռոգման խնդիրը լուծելու համար:

Դսեղը նույնպես ներքին ցանց չունի, կառուցված ջրագիծը նույնպես չի ծառայում գյուղացիներին: Դսեղում IFAD-ի 221,2 մլն ներդրումային ծրագրով ոռոգման ջրագծեր են կառուցվել նաև 2008թ.-ին: Այդ ջրագծերի հետքն անգամ չկա: IFAD-ի անարդյունավետ ներդրումային ծրագրերի համար ոչ ոք պատասխան չի տալիս: Այս տարվա մարտի 20-ին Ալավերդիում «Հետք»-ը վարչապետ Կարեն Կարապետյանին ահազանգել  է Դսեղի  անարդյունավետ  ծրագրերի  մասին. «Տեսեք, նախ և առաջ անարդյունավետ փող ծախսելը և դրա համար որևիցե մեկի պատասխան չտալը մեր պրակտիկայում մենք պետք է դադարեցնենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ փողը որտեղ ենք դնում և «ինչու» հարցին պատասխան ունենանք»,- պատասխանել է վարչապետը: 

Մեկնաբանություններ (5)

Սիսակ
հետո էլ ասմ են գյուղացիք խի են փախնում գյուղերից բա սենց են անում, օդն ել պակեք ու վսյո
Կամո
Ժողովուրդ էդ վարկերն մեր թոռներն են հետ տալու կամ էլ ԱՐԻ ՏՈՒՆ ծրագրով վերադարձած սփյուռքահայերը: Հրանուշ Հակոբյան ջան ազգովի խնդրում ենք հնարավորին չափ շատ սփյուռքահայ բեր
Ռազմիկ
Մի բան անհասկանալի է, լավ էն ժամանկներում մեր Հովիկի հետ լեզու էին գտնում, բա հիմաաաաաաա՞ Փաստորեն Ձև կա լեզու գտնելու՞ :ՃՃՃՃՃՃՃ Էհհ բալամ բան էլ չի փոխվել մենակ անոււները
Manvel
Կարեն Կարապետյանը ինչ կապ ունի, որ այդ ծրագրերը մինչ այժմ Արգամիչի մարդիկ են տիրում!!! Ինչքան գիտեմ դրանք վարկային ճրագրեր են այլ ոչ ներդրումային և համայնքներն ել համաֆինանսավորում են 10 տոկոսի չափով: Հարց էդ որ ՍՄԵՏԱ-ի 10 տոկոսի չափով?
Սամկվել
մի ամբողջ թաղամաս ստույգ 8 ընտանիքներ եվ ԱԱԾ_ի զինվորական ուղեկալը,որ գտնվում են 8-րդ փողոցի վրա,դուրս են մնացել ջրագծից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter