HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

Հունիսի 19-ին նյութ էինք հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, նախկին պայմանագրային զինծառայող Ալբերտ Մարտոյանի մասին։ 

Ա․Մարտոյանը «Հետք»-ին հայտնել է, որ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծում՝ մարտական հերթապահության ժամանակ, ցրտահարվել և կորցրել է երկու ոտնաթաթը։ ՊՆ-ի միջոցներով պլաստիկ վիրահատություն է կատարվել, սակայն բժիշկներն այն կիսատ են թողել՝ կատարելով միայն կրունկի վիրահատություն, իսկ ոտնաթաթերը պարզապես հեռացրել են:

Նախկին պայմանագրային զինծառայողը նաև հայտնել էր, որ  պետք է ստանար օրթոպեդիկ կոշիկներ և փոխարինող սիլիկոնե ոտնաթաթեր, սակայն տրամադրվել է գինու խցանի նյութից պատրաստված երկու անհասկանալի իր:

Այսօր պաշտպանության նախարարությունից պարզաբանում ենք ստացել հրապարակված նյութի վերաբերյալ։ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը գրել է․ 

«ՀՀ ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, պայմանագրային կրտսեր սերժանտ Ալբերտ Մարտոյանը «Զույգ ոտնաթաթերի մատերի 3-րդ աստիճանի ցրտահարություն» նախնական ախտորոշմամբ 05.04.2016թ. ընդունվել է ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: 05.04.2016թ. տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հոսպիտալում ախտորոշվել է զույգ ոտնաթաթերի ցրտահարություն III-IV աստիճանի, ինտոքսիկացիոն համախտանիշ: ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կատարվել են ստորին վերջույթների դուպլեքս հետազոտություն, լաբորատոր և այլ գործիքային հետազոտություններ: Նշանակվել է համապատասխան տեղային և ընդհանուր դեղորայքային բուժում: Կլինիկական լավացումից և ախտահարման տեղային պրոցեսի սահմանափակումից հետո 30.05.16թ. կատարվել է զույգ ոտնաթաթերի անդամահատում` մետատարզալ մակարդակներում: ՀՀ ՊՆ ԿՌԲՀ որոշմամբ, համաձայն ՀՀ ՊՆ 08.04.2013թ. թիվ 410 հրամանի հավելված 1-ի 44-րդ հոդվածի` ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի սահմանափակումով` պատերազմի ժամանակ:

Ա. Մարտոյանը 08.09.2016թ. կրկին ընդունվել է  ՀՀ ՊՆ ԿԿԶՀ` կրունկների վերքերի մաշկային պլաստիկայի համար, սակայն նախավիրահատական տեղային բուժման երկարատևության պատճառով հրաժարվել է ստացիոնար բուժումից և դուրս գրվել հոսպիտալից: Միաժամանակ, Ա Մարտոյանը դիմել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական  վարչություն և խնդրել բուժում կազմակերպել Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում: Ամբուլատոր կարգով հաճախել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, հաճախումների ընթացքում կատարվել են վիրակապություններ, տրվել բժշկական խորհուրդներ:

2016թ. դեկտեմբեր ամսին Ա. Մարտոյանը դիմել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչություն` վերջույթների պրոթեզավորում կազմակերպելու խնդրանքով: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ‹‹Ինտերօրթո›› պրոթեզավորման գերմանական կենտրոնի հետ զինհաշմանդամի պրոթեզավորումը կազմակերպելու համար: Մասնակի ամպուտացված ոտնաթաթերի համար անհրաժեշտ հատուկ օրթոպեդիկ կոշիկների ստացման համար Ա. Մարտոյանը դիմել է այլ կազմակերպության:

Ս.թ. հունիսի 13-ին Ա. Մարտոյանը կրկին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն` պահանջելով փոխել իրեն հատկացված օրթոպեդիկ կոշիկները: Նրան առաջարկվել է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, քանի որ, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման տվյալ գործառույթն իրականացնում է վերոնշյալ գերատեսչությունը:

Ա. Մարտոյանը ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում հաշվառված է որպես 2-րդ խմբի զինհաշմանդամ: Ընդհանուր առմամբ, բացի նշանակված 06.09.2016թ-ից կենսաթոշակից և միանվագ ապահովագրական գումարից, 2016-2017թ.թ. ՀՀ ՊՆ-ն զինհաշմանդամ Ա. Մարտոյանին հատկացրել է 600.000 դրամ ֆինանսական օգնություն:

Զինհաշմանդամ Ա. Մարտոյանը հաշվառված է ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության բնակարանի կարիքավորների հերթացուցակում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter