HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Օպերատորները «կարմիր գծերի» համար աստղաբաշխական միջնորդավճար են սահմանել

Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների ծառայություն մատուցող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հուլիսի 7-ին հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 1-ից 1045 եւ 5045 համարներին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս կգանձվի համապատասխանաբար 149 եւ 748 դրամ՝ ներկայիս 100 եւ 500 դրամի փոխարեն: 

1045 համարի միջոցով 1 ժամ ավտոկայանատեղիից օգտվելու դիմաց գանձվելիք 149 դրամից 100-ը ավտոկայանատեղիի վճարն է, 24.8 դրամը՝ միջնորդավճարը, 24.2 դրամը՝ ԱԱՀ: 1 օրվա դիմաց վճարելու դեպքում վարորդի հեռախոսային հաշվեկշռից կգանձվի ոչ թե 500 դրամ, ինչպես հիմա է, այլ՝ 748 դրամ, որից 124.6 դրամը կհամարվի միջնորդավճար, 123.4 դրամը՝ ԱԱՀ: 

Երբ հայտարարությունը սոցցանցերում մեկնաբանվեց որպես ավտոկայանատեղիների վճարի թանկացում, Երեւանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ խոսքը միայն sms հաղորդագրությունների միջոցով կատարվող վճարումների մասին է, եւ որ կայանատեղիներին կից տերմինալներով վճարելու դեպքում գնի փոփոխություն չկա: 

Մյուս կողմից` բջջային օպերատորները հայտարարեցին, որ «Փարկինգ սիթի սերվիսի» հետ համագործակցության ընթացիկ պայմանները չեն փոխել, այդ թվում՝ միջնորդավճարի չափը: 

Չորս օր է անցել, սակայն հասարակական-քաղաքական կազմակերպությունները, քաղաքացիները շարունակում են քաղաքապետարանից պահանջել՝ կարգավորել գինը: Սակայն պարզվում է, որ ինչ-որ բան ի սկզբանե այն չի եղել բջջային օպերատորների եւ «Փարկինգ սիթի սերվիսի» բիզնես հարաբերություններում: 

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը «Հետք»-ի հետ զրույցում ներկայացրեց խնդիրը: Փաստորեն, «կարմիր գծերի» գոյությունից այս կողմ բջջային օպերատորների կողմից սահմանված են եղել նույն միջնորդավճարներն ու ԱԱՀ-ն, որը օգոստոսի 1-ից իրենց գրպանից կվճարեն վարորդները` օգտվելով sms հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունից: «Փարկինգ սիթի սերվիսը», որն ընդամենը մի քանի ամիս առաջ դարձել է համայնքային կազմակերպություն, իսկ մինչ այդ մասնավոր ընկերություն էր, բոլոր ժամանակներում sms-ով կատարված վճարումների մոտ 50 տոկոսը վերադարձրել է բջջային օպերատորներին՝ որպես միջնորդավճար եւ ԱԱՀ: 

Իսկ երբ ընկերությունը դարձել է համայնքային ՓԲԸ, եւ ավտոկայանատեղիների դիմաց վճարվող գումարները որպես տեղական վճար փոխանցվում են քաղաքապետարանին, քաղաքապետարանը հավաքագրած տեղական վճարներից որեւէ դրամ չի հատկացրել բջջային օպերատորներին` դրա համար ունենալով իր պատճառները: Փոխարենը դա արել է «Փարկինգ սիթի սերվիսը», որը շարունակում է քաղաքապետարանից պատվիրակված ծառայություն իրականացնել` դրա դիմաց վճարվելով քաղաքապետարանի կողմից: Հիմա էլ ընկերությունը, վերագնահատելով իրավիճակը, որոշել է ֆինանսական այդ բեռից հրաժարվել: 

Հուլիսի 7-ից այս կողմ կարծիքներ են հնչել, թե ինչպես կարող է 1 sms-ը արժենալ 49 կամ 248 դրամ՝ չհաշված ավտոկայանատեղիների 1 ժամվա կամ 1 օրվա սպասարկման գումարը: Վահե Նիկոյանը պարզաբանեց, որ միջնորդավճարը ոչ թե sms ուղարկելու, այլ՝ այդ sms-ի միջոցով բնակչից փող գանձելու եւ քաղաքապետարանին փոխանցելու դիմաց է գանձվում։ 

«Մեզ ասում են՝ եթե ուզում ես, որպեսզի քաղաքացուց էս 100 կամ 500 դրամը գանձեմ ու տամ քեզ, դու պիտի ինձ տաս իմ միջնորդավճարը եւ ավելացված արժեքի հարկը: Ի պատիվ օպերատորների` ասեմ, որ գույքահարկի եւ մյուս վճարումների մասին հաղորդագրություն ուղարկելու համար ծառայությունն անվճար է։ Բոլոր օպերատորներն էլ ընդառաջում են:Բայց սա ուրիշ դեպք է։ Սա ուղղակի sms ուղարկել չէ»,-ասաց փոխքաղաքապետը: 

Նրա խոսքով՝ որեւէ դեպքում քաղաքապետարանը տեղական վճարներից կուտակված գումարները չի կարող, պարզապես իրավունք չունի վճարել բջջային օպերատորներին՝ որպես ծառայության վճար: 

«Տեղական վճարը օրենքով սահմանված համայնքային եկամտատեսակ է, որն ամբողջությամբ պետք է մուտքագրվի Երեւանի բյուջե: Համայնքը կարո՞ղ է վճարել մի ծառայության դիմաց, որն իրականացվում է բջջային օպերատորի կողմից՝ բնակչին: Ոչ, չի կարող»,-ասաց Նիկոյանը: 

Դիտարկմանը՝ ստացվում է, որ բջջային օպերատորը գնում է ծառայությունը «Փարկինգ սիթի սերվիսից» եւ վերավաճառում մեզ, Նիկոյանը պատասխանեց.

«Ըստ էության, այո: Որպեսզի նա ձեր 100 դրամն ընդունի ավտոկայանատեղիների սպասարկման դիմաց, պահանջում է 49 դրամ: Այս ամեն ինչի մեջ sms-ը փող չէ:

Բջջային օպերատորների դիրքորոշումը հետեւյալն է՝ էս 100 դրամը, որով քաղաքացին իր հեռախոսը լիցքավորել է եւ որով հետո վճարում է կատարելու ավտոկայանատեղիների ծառայության համար, դա իմ եկամուտն է, ես դրա ԱԱՀ-ն արդեն վճարել եմ»: 

Փոխքաղաքապետն ասում է, որ միայն Երեւանի փողոցներում, կարմիր գծերին հարակից տարածքներում 300 տերմինալ է տեղադրվել քաղաքապետարանի կողմից, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին առանց միջնորդավճարի եւ ԱԱՀ-ի վճարումներ կատարել: Նույնը հնարավոր է անել այլ կազմակերպությունների վճարային տերմինալների, հեռախոսային ԻԴրամի եւ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով, ԱռԿա համակարգով եւ այլն: 

Վահե Նիկոյանն ասաց, որ քաղաքապետարանն իրավասու չէ քննարկելու, թե բջջային օպերատորների ծառայությունների միջնորդավճարի հիմքում ինչ հաշվարկներ են: Հարցին՝ միջնորդավճարների չափը բարձր համարու՞մ է, փոխքաղաքապետը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ սա շատ մեծ գումար է: Իհարկե, 100 դրամ վճարողի համար 49 դրամ գումարը բավականին մեծ է: Դրա համար մենք կոչ ենք անում օգտվել այն ծառայություններից, որի դեպքում միջնորդավճար չկա»: 

«Հետք»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ավագանու 2012 թվականի 563 որոշման մեջ փոփոխություն կատարվի եւ sms հաղորդագրությունը որպես ավտոկայանատեղիների համար վճարվող տուրքի վճարաձեւ՝ բացառվի, Նիկոյանը պատասխանեց. «Էստեղ պարզ իրավիճակ է՝ բնակչությունը ո՞րը կնախընտրի: Ունենալ եւս մի ձեւ, որը թանկ է, բայց՝ ավելի կոմֆորտ ու հարմա՞ր, թե՞ չունենալ: Ես այս հարցի պատասխանը չգիտեմ: Միգուցե պահենք սա: Չնայած աշխարհի շատ երկրներում sms հաղորդագրության միջոցով հնարավոր չէ վճարել ավտոկայանատեղիի համար»: 

Երեկ «Հետք»-ը բջջային օպերատորներից ստացել է նույնաբովանդակ պարզաբանում այն մասին, որ կարճ հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձեւերի եւ գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն իրենց իրավասություններից դուրս են, միջնորդավճարը մնացել է անփոփոխ եւ այլն: 

Ինչպես մեզ հետ զրույցում ձեւակերպեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ, իրավաբան Տիգրան Քեյանը, նույն տեխնիկական ծառայության համար տարբեր սակագներ չեն կարող գանձվել: Մասնավորապես, եթե բաժանորդը sms է ուղարկում 1045 համարին, որի միջնորդավճարը 24.8 դրամ է, ապա 5045 համարին sms ուղարկելու միջնորդավճարը 124.6 դրամ սահմանելն անտրամաբանական է:

«Սա ռեկետ է: Տարբերությունն այն է, որ մի դեպքում 1045 ես հավաքում, մյուս դեպքում՝ 5045: Ստացվում է, որ բջջային օպերատորները, ծառայությունը գնելով «Փարկինգ սիթի սերվիսից», վերավաճառում են քաղաքացիներին: Մեր հաշվին բիզնես են անում»,-ասաց Քեյանը: 

Նա կարծում է, որ քաղաքապետարանը եւ օպերատորները պետք է նոր պայմանագիր կնքեն, որը կբխի ՀՀ օրենքներից: Բանն այն է, որ «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ բջջային օպերատորները նման ծառայություն մատուցելիս իրավունք չունեն քաղաքացիներից գանձել լրացուցիչ ԱԱՀ, քանի որ նրանք այս դեպքում ոչ թե sms ծառայություն են մատուցում քաղաքացիներին, այլ՝ գումարների հավաքագրման ծառայություն՝ քաղաքապետարանին: 

Տիգրան Քեյանի գնահատականով` բջջային օպերատորների սահմանած միջնորդավճարները բարձր են: «Վարորդի ընկեր» ՀԿ-ն պահանջում է, որպեսզի վերանայվի կնքված պայմանագիրը, ուսումնասիրվի օրենքը: 

Մեզ չհաջողվեց բջջային օպերատորներից բանավոր պարզաբանում ստանալ, թե ինչ հաշվարկ է դրված իրենց սահմանած միջնորդավճարների հիմքում: 

«Հետք»-ն այսօր բոլոր երեք բջջային օպերատորներին նույն հարցով կդիմի գրավոր կարգով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter