Երեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Հետք»-ի հրապարակման հիման վրա սոցիալական դեպք է բացվել



Վերջերս «Հետք»-ը հոդված էր հրապարակել Էջմիածնի Արագած թաղամասում ապրող Արմինեի՝ սոցիալապես անապահով ընտանիքի մասին։ Արմինեն 7 ամիս աշխատել էր Ծաղկունք գյուղում՝ Մայիս և Հովսեփ անունով մարդկանց գոմում, սակայն խոստացված աշխատավարձը չէր ստացել։ 

Պարտքերն ավելացել էին, և Արմինեն չէր կարողանում նույնիսկ 18-ը լրացած և առողջական խնդիրներ ունեցող իր դստեր՝ Գրետայի անձնագիրը հանել, որպեսզի կարողանա զբաղվել նոր էպիկրիզի, ինչպես նաև՝ կարգ ստանալու հարցերով։ 

Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ թեև Արմինեն վերը նշված անձանց մոտ աշխատելիս չի ունեցել օրենքով նախատեսված աշխատանքային պայմանագիր և, հետևաբար, այդ հարցում իրեն աջակցել չեն կարող, սակայն Վաղարշապատի տարածքային գործակալությանը հանձնարարվել է հնարավոր միջոցներ ձեռնարկել՝ «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Արմինե Մովսեսյանի ընտանիքին «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական դեպք բացելու և ընտանիքի սոցիալական կարիքները բավարարելու ուղղությամբ»։ 

Նախարարության սոցիալական աջակցության վարչությունից Անդրանիկ Գրիգորյանը «Հետք»-ին հայտնեց, որ Արմինեի սոցիալական վիճակին համապատասխան մարմինները ծանոթ են (Արմինեն նպաստ է ստանում-հեղ․), այժմ էլ իր հետ կաշխատեն սոցիալական ծառայության աշխատակիցները՝ որպես անապահով ընտանիքի։ Իսկ թե կոնկրետ ինչ աջակցություն նրանք կստանան, պարզ կլինի ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո: «Սոցիալական դեպքը այս ընտանիքի համար նոր գործառույթ է։ Ծառայության աշխատակիցները կհանդիպեն քաղաքացու հետ, կզրուցեն, նրա խնդիրները կհասկանան։ Թե ինչ կարիքների գնահատում կլինի, դեռևս չեմ կարող ասել»,- եզրափակեց Ա․ Գրիգորյանը։

Նշենք, որ հոդվածի հրապարակումից հետո մի շարք անձինք ֆինանսապես և նյութապես օգնել են այս ընտանիքին, Առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ իրենց իրավասությունների շրջանակներում կաջակցեն Գրետային, որը շուտով նաև անձնագիր կունենա։

———————————————————————————————————————————

Սոցիալական դեպք — կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի (ընտանիքի) մոտ մեկ կամ միմյանց հետ փոխկապակցված տարբեր սոցիալական կարիքների ամբողջությամբ պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ 

Սոցիալական դեպքի վարում — համագործակցության և հասանելի ռեսուրսների որոնման միջոցով և անձի (ընտանիքի) սոցիալական կարիքների գնահատման հիման վրա իրականացվող գործընթաց, որը ներառում է սոցիալական աջակցություն ստացողների կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի ծրագրավորումը, դրանք ստանալու հարցում աջակցությունը՝ նպատակ ունենալով բավարարել սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական կարիքները.


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ