Կիրակի, 23 սեպտեմբերի

Նախարարն օրենք է խախտել. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի հայցն ընդդեմ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության բավարարվել է



Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Վարչական դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության: Ընկերությունը դատարանին խնդրել է վերացնել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության 26.09.2016թ. ստուգման ակտը, նախարար Աշոտ Մանուկյանի 15.12.2016թ. հրամանը: 

Վեճի նախապատմությունը սկսվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հանձնարարագրից, որի համաձայն՝ անցյալ տարվա օգոստոսին նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում: Նպատակը ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունների կատարման և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները ստուգելն էր:

Ստուգողներն ակտում գրել են, որ ընկերությունը սխալ է հաշվարկել մարված պաշարները՝ նշելով, որ ընկերությունը մարել է 4064,46կգ ոսկի, այնինչ պետք է մարվեր 4617,36կգ ոսկի։ Ստուգողների կողմից տարբերությունը հաշվարկվել է հետևյալ ձեւով՝ հանքաքար` 48193 տոննա, ոսկի՝ 552,9 կգ: Ստուգողներն արձանագրել են, որ ընկերությունը կիրառել է ոսկու պարունակության հաշվարկման չընդունված մեթոդ։

Ստուգմամբ տեսչությունն արձանագրել էր նաև, որ հանքավայրի հաշվեկշռային պաշարների մարմանը մասնակցած մի շարք նմուշներում ոսկու պարունակությունները չեն համապատասխանում լաբորատոր անալիզների իրական պարունակություններին, որի արդյունքում բլոկով հաշվարկված հանքաքարում ոսկու քանակը քիչ է հաշվարկվել, որն էլ իր հերթին հանգեցրել է հաշվեկշռային պաշարներից ոսկու քանակի մարման ցուցանիշի էական նվազման:

Ավելին, հանքավայրի որոշ հորիզոններում փաստացի իրականացվել են հանքաքարի արդյունահանման աշխատանքներ, այդ թվում` նաև նախկինում շահագործական հետախուզման արդյունքում եզրագծված բլոկներից, որոնց վերաբերյալ տեղեկատվություն ընկերությունը ոչ մի հաշվետվությամբ չի ներկայացրել։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Տեր-Տաճատյանը հայցում նշել է, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ ոսկու պարունակության հաշվարկման համար կիրառելի մեթոդաբանություն։ Ակտին կցված չի եղել որևէ մասնագիտական եզրակացություն, որը կբացատրեր կամ ինչ-որ կերպ կհիմնավորեր ստուգող խմբի հաշվարկները։ Ընկերության ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրում, աշխատանքային նախագծում առկա չէ որևէ պարտադիր մեթոդի վերաբերյալ նշում։

Բացի դրանից, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ստուգողները դուրս են եկել ստուգման նպատակներից, որը սահմանված է եղել հանձնարարագրով: 

«Ներկայումս մետաղական օգտակար հանածոների մարված պաշարների հաշվառումը որևէ նպատակ չի հետապնդում և որևէ կերպ չի ազդում որևէ հարկի, վճարի վճարման բազայի, բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների փոփոխության վրա։ Ուստի, մարված պաշարների հաշվառումը դուրս է 04.08.2016թ. հանձնարարագրում արված նպատակից, այն չի բացահայտում բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները, հետևաբար, ստուգումն իրականացնող անձինք, հաշվառելով մարված պաշարները, խախտել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը՝ դուրս գալով ստուգման նպատակներից»,- հիմնավորել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն:

Ակտի վերաբերյալ վերադասության կարգով ներկայացվել է վարչական բողոք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին։ Լսումներ իրականացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, որին նախարարը հրամայել է իրականացնել վարչական վարույթ։ Ըստ հայցվորի՝ այդ հանձնաժողովը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ինստիտուցիոնալ մարմին չէ, այն որպես առանձին ստորաբաժանում նշված չէ ՀՀ կառավարության 15.05.2008թ. թիվ 654-Ն որոշման մեջ, որով հաստատվում է այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը։

Բացի այդ, տվյալ դեպքում բողոքարկվում էր նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող ընդերքի պետական տեսչության ստուգման ակտը, իսկ նշված հանձնաժողովը չի հանդիսանում Տեսչության վերադաս մարմին։ Այնուամենայնիվ, հենց այդ հանձնաժողովն է իրականացրել վարչական բողոքի առնչությամբ լսումները։ Սակայն, վարչական բողոքը մերժելու վերաբերյալ հրամանն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի, այլ նախարար Աշոտ Մանուկյանի կողմից: Եվ նախարարը բողոքը մերժելու մասին կայացրել է հրաման, ոչ թե որոշում։ ««ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, որի արդյունքում ընդունվում է որոշում, սակայն նախարարը խախտել է վերոնշյալ հոդվածի պահանջը»,- հայտնել են հայցվորները:

Դատավոր Արծրուն Միրզոյանն ամբողջությամբ բավարարել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հայցը և վերացրել (անվավեր ճանաչել) էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության ակտը և նախարարի հրամանը:

«Հետքը» նախարարությունից փորձեց ճշտել, թե վիճարկվող ակտից բխող ինչպիսի տույժ-տուգանքներ էին սահմանվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ, և պատրաստվո՞ւմ է նախարարությունը դատարանի վճիռը բողոքարկել վերադաս ատյանում:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը հայտնել է, որ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթներով սահմանված և վերջինիս կողմից կիրառվող վարչական տույժեր չեն բխում, իսկ այլ վարչական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք ստանալ պետեկամուտների կոմիտեից:

Կարեն Ղահրամանյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե պատրաստվում են, արդյոք, բողոքարկել վարչական դատարանի որոշումը վերադաս ատյանում՝ հորդորելով ընթացքին ծանոթանալու համար հետևել datalex.am դատական տեղեկատվական համակարգին: Առ այսօր datalex.am-ում բողոքարկման մասին որևէ նշում չկա: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ