HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Օպերները «գործ են սարքել» Հայաստանի ամենաաղքատ մարդու վրա

Էդիկ Բաղդասարյան
Օնիկ Գրիգորյան 

«Ամուսնուս ասել են` պիտի վիզ վերցնես, քո կնիկը մեզ մոտ է: Օպեր Հարությունյան Արմենն էր, Մաշտոցի քրեականի աշխատողներն էին: Իմանալով, որ ես ոստիկանների ձեռքում եմ, ամուսինս վիզ է վերցրել, մտածելով` ավելի լավ է կինս հասնի երեխուս»,- արտասվելով պատմում էր 23-ամյա Լուսինե Գյուլշադյանը:

Ամուսնու` Վռամի, չորս տարեկան աղջկա հետ Լուսինեն ապրում է Շահումյանի աղբանոցի հարեւանությամբ գտնվող ավտոբազայի լքված տարածքում, 10 քմ մեծությամբ մի խրճիթում: 26 տարեկան Վռամն աղբանոցից շիշ, պլաստմասսայե իրեր, կոշիկներ, ուտելիքի մնացորդներ է հավաքում: Այդ ամենը հանձնելով` օրական աշխատում է 1000 դրամ, կերակրում ընտանիքը:

Այս լքված տարածքով երկաթգծի ռելսեր են անցնում: Անհայտ մարդիկ օրը ցերեկով դրանք հանել-տարել են: Իրավապահները որոշել են բռնել գողին, եւ իրագործել են իրենց այդ որոշումը: 

«Ինձ տարան Մաշտոցի բաժին, ասացին` ճիշտն ասա, գլուխդ կծակեմ, մի քանի հոգու անուն տուր, որ ամուսնուդ բաց թողնենք: Բայց իմ ամուսինը ոչ մի բանից խաբար չէր, նա աղբանոցում էր: Ասացին` պիտի բացատրություն տաս: Ես էլ` անգրագետ եմ, գրել- կարդալ չգիտեմ: Մի քանի ժամ նստեցրին այնտեղ, պահանջում էին` ճիշտն ասա, ամուսնուդ մատը խառն է: Ես էլ պատասխանեցի` ամուսինս աղբանոցում շիշ է հավաքում: Չէ, քո ամուսինն է արել»,- շարունակում է Լուսինեն:

«Վռամն աղբանոցից եկավ, ապրանքներ էր բերել»,-պատմում է Լուսինեի հարեւանուհին` Թագուհի Կարապետյանը: «Մեկ էլ ասացին, որ Վռամին ու կնոջը տարան: Նրանց երեխուն ուղարկեցի տատի տուն` Չորրորդ գյուղ ու խնդրեցի, որ փոխանցեն, թե հարսին ու տղուն միլիցեքը տարան: Հենց այդ օրը, երբ Վռամին տարան, մեկ ժամ հետո էդ գծերը էստեղից մեքենաները բարձած տանում էին: Մենք չենք ճանաչում տանողներին: Ոստիկանները մեզ գծերի մասին ոչինչ չեն էլ հարցրել»: 

«Կռանով եկան, քանդեցին, մեծ մեքենաներ էին բերել, դրանով տարան գծերը»,- պատմում է տարածքի մեկ այլ բնակչուհի Անահիտը: 

Ավտոբազայի տարածքում ապրող հինգ ընտանիքները սնվում են աղբանոցով` հավաքում են այն ամենը, ինչ կարող է պիտանի լինել, հանձնում են տարբեր մարդկանց: Այստեղ ջուր ու էլեկտրականություն չկա: Այստեղ ապրող մարդկանցով երբեւէ որեւէ պաշտոնյա չի հետաքրքրվել:

Նրանց մասին հիշել են միայն ընտրությունների ժամանակ, տարել են քվեարկելու: Այստեղ ապրող մարդկանց մեծ մասը ոչ մի տեղ հաշվառված չէ, երեխաների մի մասը ծննդյան վկայականներ չունի: «Փոքր երեխաս ծննդական չունի, փող են ուզում, չունենք, ոչ մի պատվաստում չենք արել երեխեքին»,- պատմում է չորս երեխաների մայր Թագուհի Ադիլխանյանը:  

«Սկեսուրիս տանը` Չորրորդ գյուղում, 15 հոգի կա, ծանրաբեռնված ընտանիք է: Ամուսնուս հող էր հասնում, չտվեցին: Ես էլ անտեր մեծացած աղջիկ եմ, ծնողներ չունեմ: Եկանք այստեղ, որ գլխներիս վերեւը մի ծածկ ունենանք: Չորս տարեկան երեխա ունենք: Էստեղի գնացքի գծերը քանդեցին, տարան, ուրիշի արածը ամուսնուս գլխին ջարդեցին:Օրվա հացը հազիվ էինք վաստակում: Եկեք, տեսեք, թե որտեղ ենք ապրում»,- իր տնակը ցույց տալով, ավելացնում է Լուսինեն: 

«Հիմա ինչ անենք, չգիտեմ: Իրենք լավ էլ գիտեն, թե էդ գծերն ովքեր են տարել: Բայց մեկին պետք էր, որ վրեն բարդեին: Հիմա երեխուն նույնիսկ ցամաք հաց առնելու փող չունեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter