HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դիլիջան համայնքում վերացվել է 30-ից ավելի աղբանոց. ավագանին աղբահանության կազմակերպման հայեցակարգ է ընդունել

Դիլիջան համայնքի ավագանին 2017 թ.-ի տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը հաստատելիս աղբի վարձավճար է սահմանել բազմաբնակավայր Դիլիջան համայնքի կազմում ընդգրկված 7 բնակավայրերից միայն 2-ի` Դիլիջան քաղաքի եւ Թեղուտ գյուղի բնակիչների համար: Դիլիջան քաղաքում մեկ անձի համար սահմանվել է ամսական 100 դրամ, իսկ Թեղուտ գյուղի բնակիչների համար` 20 դրամ: Խոշորացված Դիլիջան համայնքի կազմում ներառվել է 7 բնակավայր` Դիլիջան, Թեղուտ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք, Հաղարծին, Գոշ: Վերջին 5 գյուղերի համար  ավագանին աղբի վարձավճար չի սահմանել:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված մեկ համայնքում ընդգրկված բնակավայրերի միջեւ տարբերակված մոտեցումը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ նշված 5 գյուղում մինչեւ մեկ շաբաթ առաջ աղբահանում չի իրականացվել` աղբարկղեր չլինելու պատճառով, դրա համար էլ վարձավճարներ չեն սահմանել:

«Մաքուր Հայաստան» անվանված համապետական շաբաթօրյակի օրերին այս գյուղերում վերացվել է 30-ից ավելի աղբանոց: «Քանի որ այդ գյուղերում աղբահավաքում իրականացնելու հնարավորություն չի եղել, մարդիկ աղբը կուտակել են իրենց մոտիկ ձորակներում ու դաշտերում»,- ասում է համայնքի ղեկավարը: Պրն Սանթրոսյանը վստահ է, որ դա այլեւս չի կրկնվի, քանի որ մեկ շաբաթ առաջ USAID-ին խոշորացված համայնքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներին աջակցելու համար աղբամաններ է նվիրել, որոնք արդեն տեղադրվել են թվարկված 5 համայնքում: Ավագանու առաջիկա նիստում աղբահանության վարձավճարներ կսահմանեն նաեւ այդ գյուղերի համար:

USAID-ին վերջին մեկ տարում, «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակում, Դիլիջան համայնքին նվիրել է մի քանի անուն տեխնիկա` 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր, 1 թրթուրավոր տրակտոր, 1 քաղաքային կոմունալ վակումային փոշեկուլ, նաեւ` 2 աղբատար մեքենա եւ 116 աղբաման, եւս 250-ը պետք է տրամադրեն: Առաջիկայում Դիլիջանը կստանա եւս մեկ ինքնաթափ բեռնատար եւ ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա, ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգն անթերի պահելու եւ բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման եւ վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին եւ աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:

Համայնքի հնգամյա զարգացման ծրագրում նշվում է, որ շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն են գործում թափոնները, որոնք պահեստավորվում են Հաղարծին գյուղի մոտ գտնվող աղբավայրում: Թափոնների տարեկան ծավալը կազմում է 5.4 հազ. խ/մ:  Դիլիջան համայնքին սպառնացող վտանգ է համարվում աղբի վերամշակման բացակայությունը, եւ կարեւորվում է վերամշակման ծրագիր ունենալը: Սակայն Դիլիջան համայնքը Կառավարությանը նման ծրագիր չներկայացրեց:

Համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ Դիլիջանն այլ ծրագրում է ներառված. KFW բանկի (Գերմանական Զարգացման բանկի) վարկային միջոցներով Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տիպային աղբավայր է կառուցվելու, եւ իրենք օգտվելու են այդ աղբավայրից: Այս միջանկյալ հատվածում կշարունակեն շահագործել Հաղարծինի աղբավայրը, որը տիպային չէ, նաեւ բարվոք վիճակում չէ, սակայն դեռեւս խորհրդային տարիներին գլխավոր հատակագծով նախատեսված է եղել որպես աղբավայր:

Դիլիջան համայնքի վարչական տարածքում աղբահանությունը եւ սանիտարական մաքրումն իրականացնում է «Դիլիջան համայնքի սանիտարական մաքրում եւ լուսավորություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ): ՀՈԱԿ-ի  2017 թ.-ի տարեկան բյուջեն 67,231 մլն դրամ է, որը ձեւավորվում է աղբահանության համար գանձվող վարձավճարներից եւ համայնքի բյուջեից սանմաքրմանը հատկացվող 32 մլն դրամից:

Բազմաբնակավայր Դիլիջան համայնքը, թերեւս միակն է, որը համայնքի վարչական տարածքում աղբահանության կազմակերպման հայեցկարգ է ընդունել` նպատակ ունենալով կարգավորել համայնքի վարչական տարածքում աղբահանության կազմակերպման հետ կապված հարաբերությունները: «Համայնքի ղեկավարությունը աղբահանության կազմակերպման ռազմավարության հետագա պլաններում նախատեսում է հետեւողական եւ նպատակաուղղված աշխատանքներ տանել հանրության հետ` համայնքի վարչական տարածքում աղբահանության կազմակերպման աշխատանքների հետագա շարունակական գործընթացների, բնագավառը կարգավորող իրավական ակտերի, իր որդեգրած քաղաքականության միջոցով»,- նշվում է հայեցակարգում: 

Սակայն, համայնքի 2017 թ.-ի բյուջեի «շրջակա միջավայրի պաշտպանություն» տողով, աղբահանությունից բացի, այլ ծախսեր չեն նախատեսվել: Օրինակ, բնակչության էկոկրթության եւ էկոդաստիարակության ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար` մաքուր շրջակա միջավայր ունենալու անհրաժեշտությունն ու կարեւորությունը բնակչության շրջանում արմատավորելու նպատակով:

Այդ նպատակին կարող էին ծառայեցվել նաեւ վարչական տուգանքներից գանձվող գումարները, սակայն համայնքային բյուջեով չնախատեսված վայրերում աղբը թափելու համար վարչական տուգանքներից եկամուտներ նույնպես չեն նախատեսել: Պրն Սանթրոսյանն ասում է, որ նախկինում վարչական տուգանք կիրառելու մեկ-երկու դեպք է եղել, երբ մեծ բեռնատարներն աղբը թափել են մայրուղում:

Շրջակա միջավայրի աղտոտման դեմ հնարավոր է պայքարել միայն էկոդաստիարակության շնորհիվ, միայն այդ ժամանակ «Մաքուր Հայաստան»-ը ծրագրից կվերածվի կենսակերպի: Հանրային տարածքները մաքուր պահելու հարկադրանքի ցանկացած միջոց դատապարտված է ձախողման, եթե այն բնակչության մշակույթի մաս չի դարձել: 

Գլխավոր լուսանկարը` commons.wikimedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter