Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը շարունակում է օրենքները մեկնաբանել իրավիճակի թելադրանքով



ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր սկսվեց շուրջ 20 րոպե ուշացմամբ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ մտնելով՝ տեղեկացրեց, որ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն է հրավիրվել: Ավելի ուշ պարզվեց, որ Նազարյանն առողջական խնդիրներ չուներ, պարզապես պահանջել էր շտապօգնություն հրավիրել` հաշվի առնելով նախորդ դատական նիստի փորձը:

Հիշեցնենք, որ ըստ ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Արայիկ Խանդոյանի և Մխիթար Ավետիսյանի պաշտպանների հայտարարության`նախորդ դատական նիստի ընթացքում դատարանում իրենց պաշտպանյալները դաժան ծեծի են ենթարկվել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:  Նազարյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ ամբաստանյալներին ծեծի ենթարկելն է պատճառը, որ Նազարյանը շտապօգնություն է պահանջել ու պնդել, թե բժիշկները պետք է մշտական հսկողություն իրականացնեն դատարանում:

Իսկ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ամբաստանյալների խոշտանգման փաստը, կարծես թե առանձնապես չի հետաքրքրում, վերջինս հարցը չի դիտարկում իր իրավասություների տիրույթում:

Այսօր ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանն ու Արայիկ Խանդոյանը դատական նիստի մեկնարկին դահլիճ չէին բերվել:

Արայիկ Խանդոյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր պաշտպանյալը դահլիճում չէ, և դատավոր Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց, թե նա հեռացված է նիստերի դահլիճից:

Արա Ղարագյոզյանն ի պատասխան հիշեցրեց, որ նախորդ դատական նիստին, երբ իր պաշտպանյալը, հեռացված լինելու պատճառով, դարձյալ դահլիճ չէր բերվել, դատարանի նկուղում ծեծի էր ենթարկվել, և չբացառեց, որ այսօր ևս կարող է նույնը կրկնվել:

«Խոշտանգումների մասին հայտարարություններ անելն անիմաստ է»,- ի պատասխան` նշեց Արտուշ Գաբրիելյանը:

Վերջինս գտնում է, որ դեպքի առթիվ քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը բավարար է այս դատական նիստի ընթացքում այլևս թեմային չանդրադառնալու համար:

Արտուշ Գաբրիելյանի՝ նման դիրքորոշում հայտնելուց հետո Արայիկ Խանդոյանի պաշտպանը հայտարարեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել:

«Այս դատավարությունը դուք չեք կառավարում: Այն կառավարվում է Վլադիմիր Գասպարյանի, Բաղրամյան 26-ի ու Դատական դեպարտամենտի կողմից: Դուք ինքնուրույն որոշումներ չեք կայացնում: Դուք ամեն ժամը մեկ, մեկ ժամով չհիմնավորված ընդմիջումներ եք անում. գնում եք զանգեր ստանալու և որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս կարող է դատարանը թույլ տալ, որ անձը, ով խոշտանգել է գործով ամբաստանյալներին, այսօր շարունակի նրանց ուղեկցել դատարան:

«Դուք ասում եք՝ քրեական գործ կա, քրեական գործը կքննվի: Դուք՝ որպես դատավոր, որպես իրավաբան, քաջ հասկանում եք, որ տվյալ անձն առնվազն կասկածյալի կարգավիճակ ունի այս պահին, և իրավունք չունի շփվելու անձի հետ, ով արդեն վաղուց պետք է տուժողի կարգավիճակ ունենար: Դուք տվյալ գործի շրջանակներում թողնում եք, որ կասկածյալը և տուժողը շփվեն: Մեզ համար դա անթույլատրելի է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Սեդրակ Նազարյանը

Դատավոր Գաբրիելյանը հարց ուղղեց, թե արդյոք Արմեն Ղազարյանն այս պահին կասկածյալ է, և Լուսինե Սահակյանը նշեց, որ ՄԻԵԴ իմաստով այդ անձն արդեն մեղադրյալ է:

«Բայց նույնիսկ եթե տվյալ անձը վկայի կարգավիճակ ունի, ինչպե՞ս է դատարանը թույլ տալիս, որ տուժողն ու վկան շփվեն միմյանց հետ»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ապա ամբաստանյալ Պավել Մանուկյանը դատարանից պահանջեց իր ընկերներին բերել նիստերի դահլիճ:

Պավել Մանուկյանը

«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերե՛ք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորը պատասխանեց, որ հարցերը կքննարկվեն հերթով:

«Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- դատավորին դիմելով՝ ասաց Պավել Մանուկյանը:

«Մանուկյա՛ն»,- դատավորը փորձում էր ինչ-որ բան ասել ամբաստանյալին:

«Ի՞նչ Մանուկյան, իմ անունն Ապարանցի Պավլիկ է»,- արձագանքեց Պավլիկ Մանուկյանը:

«Ապարանցի Պավլի՛կ, նստի՛ր»,- ասաց դատավորը՝ հիշեցնելով, որ նա վատառողջ է:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը դարձյալ այլ ծանրաբեռնվածության պատճառով չէր ներկայացել:

Ամբաստանյալների պաշտպանները դարձյալ բարձրացրին առանց պաշտպանի նիստ անցկացնելու հարցը: Նշենք, որ Սմբատ Բարսեղյանին երկու ոստիկանի սպանության մեջ են մեղադրում, և վերջինիս միակ պաշտպանը Հայկ Ալումյանն է, այսինքն՝ ստացվում է, որ Սմբատ Բարսեղյանի շահերն այս պահին դատարանում որևէ պաշտպան չի ներկայացնում: Սակայն դատավորին այս հանգամանքը ևս չի հուզում:

Սմբատ Բարսեղյանը

Վերջինս կրկնեց իր` նախկինում հայտնած դիրքորոշումը, թե այս պահին գործը նախապատրաստման փուլում է, և պարտադիր չէ պաշտպան Ալումյանի ներկայությունը:

Նշենք,որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն՝ պաշտպանի չներկայանալու, և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է, այսինքն՝ օրենքը հստակ պահանջում է նման դեպքերում հետաձգել դատական նիստը:

Հատկանշական է, որ դատավորը դատավարության ընթացքում արդեն բազմիցս այլ պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա է կիրառել՝ նիստերի դահլիճ չներկայանալու համար, և հարց է առաջանում` եթե պաշտպանների ներկայությունը նախապատրաստման փուլում պարտադիր չէ, ապա ինչո՞ւ է դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառել:

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Դատավորի վերը նշված գործողությունները, ինչպես նաև նախկինում հայտնած այլ դիրքորոշումներ ու գործողություններ հաշվի առնելով՝ գործում ներգրաված փաստաբաններից Լուսինե Սահակյանն ինքնբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Սահակյանն ընդգծեց, որ այն ժամանակ, երբ գործով ամբաստանյալներին խոշտանգելիս են եղել, նրանց ձայներն այն աստիճանի լսելի են եղել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից համապատասխան աշխատակիցների են հրավիրել:

«Իսկ դուք ընդհանրապես չեք ցանկացել ո՛չ լսել, ո՛չ տեսնել ու ո'չ էլ միջամտել»,- դատավորին դիմելով` ասաց Լուսինե Սահակյանը:

Վերջինս նշեց նաև, որ Արտուշ Գաբրիելյանը նաև այն դատավորն է, ով ոչ միայն ծանոթացել, այլ նաև հրապարակել է գաղտնիք համարվող տեղեկություններ:

Խոսքը, նշենք, այն նամակի մասին է, որը նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը ցանկացել է փոխանցել պաշտպանին, բայց չի կարողացել, քանի որ ոստիկանները խլել են այն: Դրանից հետո նամակը հայտնվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոտ, և վերջինս ոչ միայն ծանոթացել է դրա բովանդակությանն, այլ նաև թույլ տվել, որպեսզի այն հրապարակվի:

Արեգ Կյուրեղյանը

Սահակյանն ինքնաբացարկի միջնորրդության մեջ նշեց նաև առանց պաշտպան Հայկ Ալումյանի նիստերի անցկացնելու հանգամանքը: Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ չնայած քիչ առաջ հայտնած դիրքորոշմանը՝ դատավոր  Արտուշ Գաբրիելյանը քաջ գիտակցում է, որ ամբաստանյալի կողքին պետք է պաշտպան լինի:

«Ես կարող էի հիմա բազմաթիվ խախտումներ նշել, բայց դրանք այնքան շատ են: Իմ կարծիքով՝ առնվազն այսքանը բավարար է, որ դուք ինքնաբացարկ հայտնեք և գնաք: Խախտումները նշելով՝ կարող ենք երկու եզրահանգման գալ. կա՛մ դատարանը չի տիրապետում օրենսդրությանը, ուստի այս գործով չի կարող դատավոր հանդիսանալ, կա՛մ տիրապում է օրենսդրությանը, և նկատի ունենալով, որ ինքն այս գործով անկողմնակալ, անկախ չէ, ստիպված խախտում է թույլ տալիս: Ուստի այս դեպքում ևս դուք ենթակա եք ինքնաբացարկման»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ապա դարձյալ քննարկվեց դահլիճից հեռացված ամբաստանյալներին դատարան բերելու հարցը:

«Եթե դուք իրոք արդարադատության ջատագով եք, հենց միանգամից ձեռքդ կխփեիր սեղանին ու այս գործը կկարճեիր»,- դատավորին դիմելով` ասաց Պավլիկ Մանուկյանը:

Մեկուկես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Այս մեկուկես ժամվա ընթացքում, ինչպես պարզվեց, ամբաստանյալ Խաչատուր Գիշչյանի առողջական վիճակը վատացել էր: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նրա համար շտապօգնություն է հրավիրվել, ապա ամբաստանյալը տեղափոխվել է հիվանդանոց: Գիշչյանը վիրահատության է ենթարկվել, և դատավորի փոխանցմամբ՝ տևական ժամանակ չի ընդունել այն դեղորայքը, որը պարտադիր էր, ուստի առողաջական վիճակը դրանից սրվել է:

Ամբաստանյալի բացակայության պայմաններում դատավորը հետաձգեց նիստը: Հաջորդը հուլիսի 19-ին է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ