HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևիկում բույսը չորանում է ոռոգման ջրի բացակայության պատճառով

Արարատյան դաշտում գնալով սրվում է ոռոգման ջրի հարցը: Այն իր գագաթնակետին է հասնում հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին: Մարզի Արմավիրի և Բաղրամյանի համայնքների զգալի մասում գյուղացիները ոռոգման ջուր ստանում են ընդհատումներով: ՋՕԸ-երից պատճառաբանում են, թե այս տարի ջրամբարները քիչ են լցվել, այդ իսկ պատճառով խնայողաբար է հատկացվում գյուղացուն:

Մարզի Արևիկ համայնքի ցավոտ կողմերից մեկը ոռոգման ջուրն է: Այստեղ ևս գյուղացիները միմյանց հետ կռվելով են ջուրը հասցնում սեփական հողատարածք: Մեկին հաջողվում է, մյուսին՝ ոչ, սակայն, գյուղացիների խոսքերով, երբ գործը հասնում է վարձավճարներ հավաքագրելուն, ՋՕԸ-երը, մոռանալով իրենց չկատարած պարտավորությունների մասին, դառնում են պահանջատեր:

Արևիկցի Հակոբ Ռուստամյանն ասում էր, որ ոռոգման ջուրը մի կողմից թանկ է՝ 1 հեկտարը 100.000 դրամ, մյուս կողմից՝ օրերով ջուր չեն ունենում, և բերքը փչանում է, ու որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում: Իսկ համագյուղացիներից Մկրտիչ պապն էլ հավելում է, թե մեկ շաբաթ է՝ ոռոգման ջրի երես չեն տեսել: Մինչդեռ մոտ 40 աստիճան շոգի պայմաններում բանջարաբոստանային կուլտուրաները 2-3 օրը մեկ պարտադիր պետք է ոռոգել: Ավելին, ջրանցքները տարիներով չեն մաքրվում, ջուրը դժվարությամբ է հասնում օգտագործողին, իսկ գումար հավաքելիս միշտ պատրաստ են:

«Հիմա գնա քո ղեկավարների մեջ տես քանի հեկտար հողեր ունեն Բաղրամյանի տարածքում: Կանալները գցել են, ջուրը պաստայանի էթում ա, բայց գյուղացուն ջուր չկա, բույսը չորանում ա»,- ասում է Հակոբ Ռուստամյանը և հավելում, որ այսօր գյուղացին աղքատության մեջ է ապրում: Նրա խոսքերով՝ գյուղացին է արտադրում, պետք է հարուստ լիներ, բայց ամենավատ վիճակում է գտնվում:

Արևիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լևոն Ջումշուդյանը ևս նշեց, որ ոռոգման ջուրը գյուղում կայուն չէ: Ընդհատումներ շատ են լինում՝ 10 օրվա ընթացքում մի քանի անգամ: Պատմեց, որ մի քանի օր առաջ ժողով է եղել, պատասխանատուներն ասել են, թե ջրի սակավությունն է պատճառը: Չեն մխիթարել նույնիսկ Սևանից լրացուցիչ բաց թողվող 100 միլիոն խորանարդ ջրի փաստով: Աշխատակազմի քարտուղարը փոխանցեց, որ նույնիսկ լրացուցիչ ջրի առկայությունը երաշխիք չէ, որ գյուղացուն ջուրը կհասնի, քանի որ ՋՕԸ-երն ասել են, թե ջուրը շատ քիչ է:

«Ասում էին, որ եթե հիմա ստաբիլ ջուր տան, օգոստոսին ընդհանրապես ջուր չի լինի: Ընդհատումներով, խնայողաբար են տալիս, որ հետո փաստի առաջ չկանգնենք»,- նշեց աշխատակազմի քարտուղար Լևոն Ջումշուդյանը:

Նա հավելեց, որ քիչ ոռոգելու դեպքում բերքը պակաս է լինում, ծաղիկը թափվում է, իսկ եթե մի քանի օր շարունակ ջուր չի լինում, բույսն է չորանում:

Արմավիրի մարզպետարանում տարին բնութագրում են որպես սակավաջուր: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասում է, որ մարզը սնուցող երկու՝ Ախուրյանի և Ապարանի ջրամբարների լցվածությունը կազմում է 70-80%: նախորդ տարվա համեմատ՝ միայն 90 մլն խորանարդ մետր պակաս ջուր է լցվել Ախուրյանի ջրամբարը, ինչն անհետևանք չի կարող մնալ:

Մարզպետարանի պաշտոնյան տեղեկացրել էր, որ լուրջ վնասներից խուսափելու համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում՝ ջուրը խնայելու և արդյունավետ օգտագործելու համար: Այդ միջոցառումներից մեկն էլ որոշակի օրերի ջրանջատումներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter