HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Հովհաննես Գալստյանը քննադատությանը չի դիմանում

Հուլիսի 9-ի «Հետքի» հրապարակման մեջ ռեժիսոր, «Պարալլելս» ֆիլմպրոդաքշընի հիմնադիր-տնօրեն, 2017թ. Կաննի կինոշուկայում ՀՀ տաղավարի համակարգող Հովհաննես Գալստյանը կեղծիքների և ապատեղեկատվության տարածում է համարում հուլիսի 3-ին «Հետք»-ում հրապարակված «Հույժ գաղտնի. Կաննում՝ ՀՀ պետական դրոշի ներքո» հոդվածը:

«Անում եմ դա, ոչ ամենևին նրան պատասխանելու ցանկությունից ելնելով, այլ ուրիշ մոլագարների երևակայությունը սանձելու համար» -գրում է Հ. Գալստյանը:

Մենք նպատակահարմար ենք գտնում պատասխանելու Հ. Գալստյանի՝ կեղծիք անվանած տեղեկություններին կետ առ կետ՝ հենց նրան պատասխանելու ցանկությունից ելնելով, որպեսզի չբորբոքվի հենց ի՛ր երևակայությունը՝ ընթերցողներին թյուրիմացության մեջ ներքաշելու և հոդվածում առկա փաստերը նենգափոխելու ուղղությամբ:

«Կեղծիք» 1

Հ. Գալստյան. «Այս տարի առաջին անգամ Կաննի կինոշուկային Հայաստանի կողմից ներկայացվող պատվիրակության կազմը, պետության աջակցությամբ Կանն մեկնող ֆիլմարտադրողների ընտրության եղանակը և ընթացքը անցել է բացառիկ թափանցիկության պայմաններում»:

Պատասխան- Հոդվածում տող չկա այն մասին, որ Կաննի կինոշուկային մասնակցելու համար Մշակույթի նախարարության հայտարարած մրցույթը, որը համակարգում էր Հ. Գալստյանը, թափանցիկ կամ անթափանց է անցել: Հոդվածն անդրադառնում է այն հանգամանքին, որ Կաննի կինոշուկային մասնակցելու համար Նախարարության կողմից մրցույթ հայտարարելը առհասարակ անտրամաբանական էր: Կինոշուկա ֆիլմեր և նախագծեր տանել կարող էին բոլոր կինոգործիչները, որոնք կարծում էին, որ իրենց արտադրանքը կարող են վաճառել այնտեղ: Շուկայի խնդիրը ապրանք վաճառելն է: Պետության խնդիրը՝ անկախ կինոարտադրողներին առավելագույնս աջակցելը: Իսկ մրցույթ պետությունը պետք է հայտարարեր տարբեր կազմակերպությունների միջև այդ աշխատանքները համակարգելու համար, ոչ թե հավանություն տար մեկ՝ այս դեպքում ՍԻՆԵՄԱ կենտրոնի ծրագրին: Այսինքն, Հ. Գալստյանն իր հրապարակման մեջ ոչ մի կեղծիք էլ չի գաղտնազերծում:

«Կեղծիք» 2

Հ. Գալստյան. «Պետության կողմից հայտարարած մրցույթի հայտերը ներկայացնելու համար, որպես առաջնային հասցե նշված է եղել աշխատանքային խմբի անդամ, մշակույթի նախարարության աշխատակից Գուժ Թադևոսյանի էլեկտրոնային հասցեն: Նախարարության աշխատակիցն է ստացել, համակարգել և ժյուրիին ներկայացրել մասնակցության հայտերը»:

Պատասխան- Նախարարության կայքում մրցութային հայտերի ընդունման համար տեղադրված տեքստը բերում ենք բառացի. «Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ` Գուժ Թադևոսյանին /Էլ. փոստ` [email protected], հեռախոս` 011-51-93-06/ կամ Կաննի կինոշուկայում Հայաստանի պատվիրակության համակարգող` Հ. Գալստյանին /Էլ. փոստ` [email protected]:

Այո, կան նաև նախարարության աշխատակցի տվյալները, սակայն տրամաբանական է, որ Կանիի կինոշուկային մասնակցելու համար կինոգործիչները պետք է նախընտրեին կապ հաստատել տաղավարի համակարգողի հետ: Եվ քանի որ նա ներկայացնում էր մասնավոր կազմակերպություն, հարուցել էր, մեղմ ասած, զարմանք: Կինոգործիչները դժգոհում և անվստահություն էին հայտնում նախարարության նման մոտեցմանը: Խնդիրն այն էր, որ պետական ծրագրի համակարգումը տրված է մասնավոր կինոարտադրողին, այս դեպքում՝ «Պարալլելս» պրոդաքշընին, և դա անհավասար մրցակցային պայման է, որովհետև կինոգործիչները չեն հավատում, որ իրենց մրցակից մասնավոր կազմակերպության ղեկավարն իր նախագծերին հավասար, անաչառորեն ջանք կթափի նաև իրենց նախագծերի համար: Իսկ դա փաստ է և ոչ կեղծիք, որ Կաննի կինոշուկայում Հայաստանի մասնակցության ծրագրի համակարգումը տրվել է մասնավոր կինոարտադրողի: Այսինքն, Հ. Գալստյանն իր հրապարակման մեջ հոդվածում առկա կեղծիք չի բացահայտում:

«Կեղծիք» 3 

Հ. Գալստյան. «Միայն Կաննից անտեղյակ մարդը կարող է նույնականացնել Կաննի կինոփառատոնի և կինոշուկայի ժամկետները: Փառատոնը սկսում է բացման ֆիլմով, ավարտվում է մրցանակաբաշխությամբ, դրանց նախորդում և հաջորդում են ցուցադրումներ մամուլի համար: Շուկայի համար փառատոնի 12 օրերից ամենաէականը մեջտեղի 5-6 օրերն են»: 

Պատասխան- Հոդվածում խոսք չկա այն մասին, որ կինոշուկայի պատվիրակությունը պետք է Կանն մեկներ փառատոնի 12 օրերին: Հոդվածը անդրադառնում է փաստին, որ պատվիրակությունը Կանն է մեկնել մայիսի 18-ին և վերադարձել 25-ին: Յոթ օր: Նախարարությունը տաղավարը վարձակալել է յոթ օրվա համար: Այն, որ առաջին երկու օրը չի աշխատել, փաստում են Հայաստանից Կանն գնացած անկախ կինոգործիչները  մամուլին տրված հարցազրույցներում: Փաստում է պատվիրակության մասնակիցը, որ տաղավարը կահավորված չի եղել, և նա իր հանդիպումը ստիպված է եղել անել ուրիշ տաղավարում: Փաստում է համակարգող Հովհաննես Գալստյանն իր հարցազրույցում, որ տաղավարի կահույքի, ջրի և դրոշի հարցերը լուծում էր Կաննի աշխատակազմում աշխատող մեր հայրենակցուհի Անահիտ Օրդյանը:

Այն, որ տաղավարը չի աշխատել նաև վերջին օրը, փաստում է և՛ Հ. Գալստյանը «Հետք»-ի իր հրապարակման մեջ, և՛ պատվիրակությունից անկախ, Կանն մեկնած ռեժիսոր Նարեկ Սարգսյանը, որը մայիսի 25-ին լուսանկարել է Հայաստանի փակ տաղավարը: Եթե մայիսի 25-ին տաղավարը չէր կարող աշխատել օբյեկտիվ պատճառներով, որովհետև պատվիրակությունն այդ օրը պետք է մեկներ Նիցցա և վերադառնար Երևան, և եթե չէր աշխատելու առաջին օրերին, որովհետև նախապես լուծված չէր պատշաճ կահավորման հարցը, ինչո՞ւ էր Մշակույթի նախարարությունը տաղավար վարձակալում յոթ օրով: Հոդվածը բարձրացնում է հենց այդ հարցը, որին Հ. Գալստյանը իր հրապարակման մեջ չի պատասխանում, հետևաբար, որևէ կեղծիք էլ չի բացահայտում:

«Կեղծիք» 4

Հ. Գալստյան. «Պնդումը, թե պատվիրակության մասնակիցների միջև պատասխանատվության և իրավասությունների հստակ դերաբաշխում չի եղել՝ սուտ է»:

Պատասխան- Իրավասությունների դերաբաշխաման մասին մամուլն իմանում է Հ. Գալստյանի հուլիսի 9-ի մասնավոր հրապարակումից, երբ նա ստիպված էր պատասխանել մեղադրանքների: Ո´չ նախարարության կայքում, ո´չ էլ որևէ պաշտոնական հարթակում պարզաբանված չէ, թե պաշտոնական պատվիրակության անդամներից ով ինչի համար է պատասխանատու: Ո´չ Կանն մեկնելուց առաջ, ո´չ վերադառնալուց հետո պատվիրակությունը մամուլին ասուլիս կամ հրապարակային այլ հաշվետվություն չի տվել: Հետևաբար, հոդվածում այդ առումով ևս կեղծիք չկա, և Հ. Գալստյանն իր հրապարակման մեջ կեղծիք չի բացահայտում:

«Կեղծիք» 5

Հ. Գալստյան. «Եթե նախապես հայտարարվել է, որ պատվիրակությունը կներկայացնի ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ, ի՞նչ արտամրցութային կարգի մասին է գրվում հոդվածում: Պարալլելս ֆիլմպրոդաքշնի երկու ֆիլմերի և ՍԻՆԵՄԱ կենտրոնի կարճ ֆիլմերի փաթեթը արտամրցութային կարգով Կինոշուկայում ներկայացնելու պնդումը խեղաթյուրում է»: 

Պատասխան- Եթե նախարարությունը հայտարարել է մրցույթ, և հաղթել է երեք նախագիծ, ապա ինչպե՞ս բնորոշել այլ նախագծեր տանելը, եթե ոչ՝ արտամրցութային կարգով: Կանն մեկնելուց առաջ Հ. Գալստյանն արդեն հայտնում էր, որ տանելու է իր նախագծերը: Իսկ Կաննից վերադառնալուց հետո 168.am –ի հրապարակման մեջ «մրցույթից դուրս» տեքստի համար նա չի անհանգստացել և հերքում չի հրապարակել:

Նախարարությունը հայտարարել էր, որ, անկախ մրցույթի արդյունքներից, կինոարտադրողները կարող են իրենց ֆիլմերը տալ պատվիրակությանը՝ կինոշուկա տանելու համար: Կարող ենք ընդունել, որ այդ պրոդյուսերներից մեկն էլ Հ. Գալստյանն է, և նա իր նախագծերը տվել է Կաննի շուկայում ներկայացնելու: Բայց այս դեպքում Հ. Գալստյանը չի տվել, նա, որպես պաշտոնական պատվիրակության անդամ, իր նախագծերը տարել է Կանն: Մինչդեռ պետական ծրագրի համակարգողն իր մասնավոր արտադրանքի վաճառքով չպետք է զբաղվի: Դա է պահանջում օբյեկտիվությունը: Կինոգործիչները հենց այդ օբյեկտիվությունը խախտելու համար էլ չեն ուղարկել իրենց ֆիլմերը Կանն, ինչը փաստ է: Պետական պատվիրակության ճամպրուկում իսկապես եղել է երեք նախագիծ, և Հ. Գալստյանի նախագծերը: Այլ պաշտոնական տեղեկություն մամուլին դեռ հայտնի չէ: Այնպես որ, որևէ կեղծիք իր հրապարակման մեջ Հ. Գալստյանը չի բացահայտում:

«Կեղծիք» 6

Հ. Գալստյան. «Իմ հանդիպումների, պայմանավորվածությունների, կնքված դիստրիբուցիոն և համատեղ արտադրության պայմանագրերի մասին սպառիչ տեղեկատվությունը դեռ հունիսի կեսերին ուղարկվել է Մշակույթի նախարարություն և Տաղավարի պաշտոնական գործընկեր «Թեքնոլոջի էնդ Սայնզ Դայնամիքս» ընկերություն: Հիմա այդ ամենը ներկայացվում է նաև իմ ֆեյսբուքյան էջում: Նշեմ մի քանի էական ձեռքբերումներ»: 

Պատասխան- Հ. Գալստյանի ձեռքբերումների գերակշիռ մասը, ըստ իր հաշվետվության, վերաբերում են միայն «Պարալլելս» պրոդաքշընի և ՍԻՆԵՄԱ դպրոցի նախագծերին: Թերևս միայն 1-ին, 2-րդ և 12-րդ կետերը մասնակի առնչվում են Հայաստանի կինոարտադրության զարգացմանը:

Այնպես որ, կինոգործիչների բարձրաձայնած կարծիքները մամուլում, թե ՀՀ տաղավարի համակարգողը նույնիսկ ֆիզիկապես ի վիճակի չէ իր նախագծերից բացի այլ նախագծերի առաջխաղացման աշխատանքով զբաղվելու, փաստում է հենց ինքը՝ Հ. Գալստյանը:

Հոդվածը թիրախավորել է հենց այդ խնդիրը, ոչ թե Հ. Գալստյանին մեղադրել է կինոշուկայում ծուլանալու կամ ծովափնյա Կաննում հանգստանալու մեջ: 

Հ.Գ. 1

Հ. Գալստյան. «Հայաստանը Կաննի կինոշուկային մասնակցում է 2009թ.-ից: Cinando.com կայքից տեղեկանում ենք, որ այդ ընթացքում Կաննի կինոշուկայում հավատարմագրվել է 83 (ութսուներեք) մասնագետ: Ու՞ր են այդ տարիներին գրանցած հայկական ամենատարբեր պատվիրակությունների արդյունքները»: 

Պատասխան- Հայաստանը, այո, տարբեր տարիների մասնակցել է Կաննի կինոշուկային: Սակայն, Հայատանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում պաշտոնական տաղավարների հատվածում, որի վրա ծախսվել է նախարարության՝ միջազգային կինոփառատոններին և կինոշուկաներին մասնակցելու տարեկան բյուջեի մեծ մասը, և, հետևաբար, արդյունքը պետք է համարժեք լիներ ջանքերին: Երկրորդ՝ նախորդ տարիներին Կանն մեկնած հայկական պատվիրակությունների կազմում, որոնք, ըստ Հ. Գալստյանի, արդյունքի չեն հասել, բազմիցս եղել է նաև ինքը՝ Հ. Գալստյանը:

Հ․Գ․-2

Հ. Գալստյան. «Ու՞մ է պետք լրագրողական հետաքննությունը, եթե արդյունքում իրականությունը խեղաթյուրվում է»:

Պատասխան- Լրագրողական հետաքննության նպատակն այս դեպքում Մշակույթի նախարարության քաղաքականության անարդյունավետությունը ցույց տալն է: Եթե այն ուղղված լիներ միայն Հ. Գալստյանին, ապա կսկսեինք Կրթության նախարարությունից ու կփորձեինք պարզել հեղինակային դպրոցի կրթական ծրագրերի արդյունավետությունը, ուսուցիչների միջազգային կրթական որակավորումը, Կինոդերասանի ստուդիայի պետական ֆինանսական միջոցները այդ դպրոցին տրամադրելու իրավունքները և այլն:

Հ․Գ․- 3

«Հետք»-ն ակնկալում է Մշակույթի նախարարության պաշտոնական պատասխանը: Սոցիալական ցանցերում կատարված գրառումները պաշտոնական տեղեկատվության և հաշվետվության հիմք չեն: Կաննի կիոնշուկային ՀՀ-ն մասնակցել է Մշակույթի նախարարության կազմակերպած ծրագրով, ուստի ծագած հարցերի թիվ մեկ պատասխանատուն նա է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter