HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղաքապետարանը մրցույթով վաճառել է ուրիշի հողատարածքը

Երեւան քաղաքի բնակիչ Հարություն Լոպոյանը մի առավոտ տեղեկանում է, որ Երեւանի քաղաքապետարանը մրցութային կարգով վաճառել է իր հողամասի մի մասը: Այդ մասին նա իմացել է տան տիրոջ վստահությամբ իր հողամասը զննող երկու տղամարդկանցից, որոնք նրան պատասխանել են, թե իրենց սեփական հողամասն են տնտղում:

Նրան անհասկանալի է, թե 1947թ.-ից իրենց պատկանող Երեւանի Կոնդ 37 հասցեի հողամասը 2001թ.-ին ինչպես կարող էր ուրիշ տեր ունենալ: Բացի այդ, բոլորովին վերջերս էին դատարանի որոշումով երկու եղբայրներով բաժանել մորից ժառանգություն ստացած 970քմ հողամասը` յուրաքանչյուրին 1/2 մասով: 

Քաղաքապետարանում նրան հայտնում են, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ռ. Նազարյանի 2001թ.-ի սեպտեմբերի 3-ին կայացրած 1026 որոշումով Սարյան փողոցին հարող տարածքը` 330քմ, մրցութային կարգով վաճառվել է ոմն Հ. Բաբաջանյանի: 

Ընդ որում, հիշյալ որոշումով հողամասը վերջինիս վարձակալության է տրվել 50 տարի ժամանակով: Սակայն, վարձակալության պայմանագիրը կնքելուց ընդամենը 10 օր հետո 27.12.01թ.-ին վարձակալին սեփականության վկայական է տրվել, որից էլ մի քանի օր հետո, 2002թ.-ի հունվարի 9-ին սեփականատերը նշված հողամասը վաճառել է Ա. Մելքոնյանին: Ամեն ինչ կատարվել է նախանձելի արագությամբ եւ հիմա նույն փութաջանությամբ նոր սեփականատերը իր շինությունը կառուցելու ցանկություն ունի, որին խոչընդոտում է Հ. Լոպոյանը: 

Հ. Լոպոյանը դատարանին եւ պատկան մարմիններին մատնացույց է անում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի 2001թ.-ի որոշումը, որով երկու եղբայրների միջեւ բաժանել են ժառանգություն ստացած հողամասի սահմանները: Ուրեմն ինչ հողատարածք է վաճառել քաղաքապետարանը: Կադաստր պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը նրա գրությանը պատասխանել է. ՙՀ. Բաբաջանյանին տրված հողամասն ընդգրկված է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատի 2001թ.-ի հուլիսի 20-ի որոշմամբ ճանաչված Կոնդ 37 տան հողամասի սահմաններում:

Միաժամանակ, հայտնել է, որ դատարանի նշված որոշման համար հիմք հանդիսացող հատակագծով (ՇՇԱԳ վարչության կողմից տրված) հողամասի սահմանները Սարյան փողոցի կողմից չեն հասնում մինչեւ Սարյան փողոցի հենապատ` հողամասի եւ հենապատի միջեւ մնում է մոտավորապես 245քմ մակերեսով հողակտոր»: Եթե նույնիսկ սա ճիշտ է, ապա ո՞ւմ հաշվին է լրացվել վաճառված 330քմ-ը: 

Մեկ այլ գրությամբ` Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Պետրոսյանի, տեղեկացվում է. «...Ձեր հողամասից 111քմ մակերեսով հողամասը Երեւանի քաղաքապետի 1026 որոշմամբ մրցութային կարգով հատկացվել է քաղ. Հ. Բաբաջանյանին վարձակալության իրավունքով»: 

Երեւանի քաղաքապետարանը ցանկություն չունի փաստելու իր որոշման իրավացիությունը: Ավելին, դատարանին է ներկայացնում մի հատակագիծ, իբրեւ նոր չափումների վրա կատարված, որը սակայն վավերացված չէ որեւէ մեկի կողմից: Փաստաբան Ռուբեն Բալաբանյանը հայտնեց, որ դատարանում արված միջնորդությունները, որ Կադաստրը հողամասում չափագրումները կատարի իրենց մասնակցությամբ, մերժվում են: «Եթե չափագրումներով նրանք ցույց կտան, որ Լոփոյաններին պատկանող 970քմ հողատարածքից ավելին կա այնտեղ` թող վերցնեն»,- ասում է փաստաբանը: 

Վերջինս դիմումի հիման վրա «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ն փետրվարի 4-ին չափագրումներ է կատարել Կոնդ 37 տան հասցեում: ՓԲԸ գործադիր տնօրեն Ֆ. Ղազարյանի հաստատած գրության մեջ ասվում է. «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. պալատի որոշմամբ, այդ հողատարածքի 1996թ. հատակագծում կատարված բաժանումը համընկնում է Հարություն եւ Ազատ Լոպոյան եղբայրների ունեցած հողատարածքի 970 քմ փաստացի չափերին: Նշված չափերից ավել հողատարածք այդ հատվածում չկա»:

Սակայն, վերքննիչ դատարանը փետրվարի 9-ին կայացրած վճռի տրամաբանությունից ելնելով առաջնային է համարում ոչ թե սեփականատիրոջ շահը, այլ գնորդի, անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է նա ձեռք բերել հողատարածքը: Միեւնույնն է, դատարանի գնահատման արդյունքում նա կարող է համարվել բարեխիղճ ձեռք բերող ու տիրանալ ուրիշի գույքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter