HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողի» գործով պետական պաշտոնյաները մնացել են պատասխանատվությունից դուրս

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը նրա մահվանից օրեր անց` մարտի 22-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Սակայն գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր տեսել քննիչների, դատավորների, դատախազների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների գործողություններում: Այն բողոքարկվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 

Հաղորդման պահանջն էր` Արթուր Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, դատախազական հսկողություն իրականացնող դատախազ՝ Պ. Պետրոսյանի, կալանքները բավարարելու որոշումներ կայացրած դատավորների, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդնոց» ՔԿՀ-ների վարչակազմի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու, պաշտոնեական անփութության, Արթուր Սարգսյանին խոշտանգելու, վերջինիս ապօրինի ձերբակալելու և ապօրինի կալանավորման փաստերի առթիվ:

Փաստաբաններ Եգորյանն ու Գյուրջյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նշել էին նաև Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդություններն ու բողոքները քննած (վճռաբեկ դատարանի դեպքում՝ վարույթ ընդունելը մերժած) դատավորների անունները. ըստ այդմ` այդ դատավորներն են` առաջին ատյանում՝ Դավիթ Գրիգորյանը և Արթուր Մկրտչյանը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռուբիկ Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը և Մանուշակ Պետրոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Ս.Ավետիսյանը, Ս.Օհանյանը, Հ.Ասատրյանը, Ե.Դանիելյանը, Լ.Թադևոսյանը, Ա.Պողոսյանը:

Թեպետ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում, թեպետ նույն օրենսգրքի համաձայն, հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ պետք է կայացվեն քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու կամ ըստ ենթակայության այն ուղարկելու մասին որոշումներ, այդուհանդերձ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ուղարկել փաստաբաններին: Դատախազ Ենոքյանը պարզաբանման մեջ նշել է, որ փաստաբանների ներկայացրածը հանցագործության մասին հաղորդում չէ:

Դատախազն այդ մասին հայտնեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ լսվում էր փաստաբանների բողոքն` ընդդեմ գլխավոր դատախազության:

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը ժամանակագրական կարգով ներկայացրեց Արթուր Սարգսյանի կալանավորման ու դրան հաջորդող բոլոր փաստերը` հիմնավորելով, որ պետական պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները, ինչը հանգեցրել է Արթուր Սարգսյանի ապօրինի ձերբակալման, ապօրինի կալանավորման, ապօրինի գաղտնալսման, անտեսվել է նրա առողջական վիճակը: Սակայն Գյուրջյանը չհասցրեց ավարտել իրենց ներկայացրած հաղորդման ընթերցումը:

Նիստն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Չհայտարարվեց հաջորդ նիստի օրն ու ժամը: Քարտուղարը նշեց, որ կողմերը նախօրոք կծանուցվեն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին, նրան կրկին ձերբակալել ու կալանավորել էին՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, Սարգսյանը հայտարարել էր հացադուլ: 25 օր անց նրա խափանման միջոցը կրկին փոխվել էր, և նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: 3 օր անց հիվանդանոցից դուրս էր գրվել, սակայն  նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Արթուր Սարգսյանը դարձյալ տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ վիրահատվել էր: Բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը «Հետք»-ին առավոտյան հայտնել էր, որ Սարգսյանին քնեցրել են, որպեսզի հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Նրա վիճակը գնահատվում էր ծանր: 49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա էր զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել էր նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ էր: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):

Հ.Գ. Դատավոր Մարինե Մելքոնյանը չթույլատրեց ինձ լուսանկարահանել ու տեսանկարահանել նիստը: Փաստաբաններ Գյուրջյանն ու Եգորյանն առարկեցին, թե դատավորն առանց պատճառաբանության ու առանց կողմերի կարծիքը լսելու արգելեց լուսանկարել ու տեսանկարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter