HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետը խոսում է իրեն պաշտոնից հեռացնելու մասին

Երեկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մանթաշյանը վարչապետին խնդրել էր միջամտել իր հանդեպ կատարված անօրինականությունը պարզելուն և վերականգնել իր աշխատանքային իրավունքները:

«Հետք»-ի հետ զրույցում Նարեկ Մանթաշյանը նշեց, որ մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին։ Մրցույթին մասնակցել է նաև դեկտեմբեր ամսից հսկիչ կետի պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցնող Արտակ Թաթոյանը, ով, սակայն, չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 40-ից 24 միավոր հավաքելով, իսկ ինքը ճանաչվել է մրցույթի հաղթող՝ առավելագույն նիշով։

Նարեկի փոխանցմամբ՝ հաջորդ օրը դիմել է ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարին՝ լիազորությունները ստանձնելու համար։ ՍԱՊԾ պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բանավոր կերպով, հայտնել է. «մարդկային տեսանկյունից դա նորմալ չէ, և որ այդ տեղը Արտակ Թաթոյանինն է»։ Այնուամենայնիվ, պաշտոնը ստանձնելով, նույն օրը Մանթաշյանը բաց ամսաթվով ազատման դիմում է գրել` ՍԱՊԾ պետի խորհրդական Եղիշե Մարգարյանի հորդորով:

Մայիսի 31-ին Մանթաշյանը նշանակվել է «Գոգավան»-ի սահմանային հսկիչ կետի պետ, սակայն, նրա փոխանցմամբ, պետի խորհրդականը հորդորել է աշխատանքի չգնալ. նույն պետը կշարունակի պաշտոնավարումը, մինչև Մանթաշյանի համար նոր աշխատանք կգտնեն։

Քանի որ այդ շրջանում ադրբեջանական խնձորի ներկրման դեպք էր գրանցվել, Մանթաշյանը մտահոգվել է, որ իր բացակայության ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ, Եղիշե Մարգարյանին հորդորել է իրավիճակին իրավական ընթացք տալ. «Ասեցի՝ մարդկային ձևով հասկանում եմ՝ եթե չեք ուզում գնամ, խնդիր չկա, չեմ գնա։ Իրանք առաջարկեցին, որ մի բան կմտածեն, մի ամիս-ամիսուկեսվա ընթացքում այլ աշխատանքի առաջարկ կանեն, «բայց գործի մի գնա»։ Դա շատ կատեգորիկ էր ասվում»։

Մաթաշյանը խորհրդականին առաջարկել է իրեն նշանակել այլ հաստիքի, որպեսզի առաջացած խնդիրների դեպքում պատասխանատվություն չկրի. «Ասեցի՝ խնդիր չեմ տեսնում, եթե կգործուղեք, ընենց չի, որ էդ մարդու տեղի վրա կոնկրետ ակնկալիք ունեմ, եթե իրա տեղն ա»։

Պետի խորհրդականի հետ պայմանավորվել են երկու-երեք օրվա ընթացքում կա´մ գործուղման խնդիրը լուծել, կա´մ այլ հաստիքի տեղափոխել։ Սակայն տասն օր Մանթաշյանը խորհրդականից պատասխան չի ստացել, միայն իններորդ օրը նրան կրկին առաջարկել է աշխատանքի չգնալ, քանի որ գործուղում չեն կարող ձևակերպել, բյուջեում գումար չկա։

Տեսնելով, որ աշխատանքի ապահովման խնդիրը չի կարգավորվում, Նարեկ Մանթաշյանը հունիսի 10-ից ստանձնել է հսկիչ կետի պետի պաշտոնը։ Ասում է՝ այդ ժամանակից էլ սկսվել են արհեստական խոչընդոտները։

Մի քանի օր աշխատելով` իր աշխատանքի անցնելու լուրը հասել է ՍԱՊԾ, և խնդիրները սկսվել են. «Երբ որ իմացան` ես արդեն ստեղ եմ ու արդեն աշխատում եմ, աշխատանքային պայմանները կտրուկ սկսեցին վատանալ»։

Հունիսի 10-ից մինչ երեկ՝ մեկ ամսից ավելի, Նարեկի տեղեկացմամբ, իրեն չեն տրամադրել հսկիչ կետի պետի կնիքը։ Պատճառաբանել են, որ այն նախկին պետ Արտակ Թաթոյանի մոտ է։ Նարեկը Թաթոյանին հրավիրել է իր մոտ, խնդրել տրամադրել կնիքը, սակայն նախկին պետը հայտնել է, որ այդ պահին իր մոտ չէ, մյուս օրը կբերի, ու այդպես էլ չի բերել։

Բացի այդ, մաքսակետով ներմուծվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների սերտիֆիկատները վերջանալուց հետո, Երևանում՝ ՍԱՊԾ-ում, հրաժարվել են հսկիչ կետի պետին հավելյալ սերտիֆիկաներ տրամադրել. «Մի քանի ժամ սպասեցնելուց հետո ասեցին, որ առայժմ կոնկրետ մեզ սերտիֆիկատ տալ չեն կարող, եթե մաքսազերծվող բեռ լինի, մենք կուղարկենք Երևան, գնան Երևանում՝ ծառայությունում սերտիֆիկացվեն։ Ոչ մի ձևով խնդրին լուծում չտրվեց։ Առայժմ չենք տալիս ու վերջ։ Ես չգիտեմ ինչ պատճառաբանությամբ, բայց ես կապում եմ իմ հետ, քանի որ ես եմ, սերտիֆիկատ չեն տալու»։ Ասում է՝ այս պարագայում ներմուծողը պետք է գնար Երևան սերտիֆիակցվեր, վերադառնար «Գոգավան», մաքսազերծեր ապրանքը։

Նարեկ Մաթաշյանին չի տրվել նաև պետական մարմինների էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար «Մալբերի» համակարգի մուտքանունն ու գաղտնաբառը, թեև ճշտել է, որ իր համար բացվել է հաշիվ։

Այնուհետ սահմանային հսկիչ կետի բուսասանիտարիայի գծով «Գոգավան»-ի միակ գլխավոր մասնագետ-տեսուչ Աշոտ Մաթևոսյանը ծառայություն արձակուրդի դիմում է ներկայացրել։ Նարեկ Մանթաշյանի խոսքով՝ դիմումը մի քանի անգամ գնացել, հետ է եկել, ծառայությունից այնպես են արել, որ Աշոտ Մաթևոսյանին կանչել են Երևան։ Ասում է՝ աշխատանքային կարգով  հսկիչ կետի պետը արձակուրդում գտնվող տեսուչներին պետք է անձամբ փոխարինի։ Նրան պետք է նաև հանձնվի արձակուրդ գնացած աշխատակցի կնիքը։ Սակայն Նարեկին հրաժարվել են տրամադրել այդ կնիքը, քանի որ երբ Աշոտ Մաթևոսյանին կանչել են ՍԱՊԾ կադրերի բաժին, ասել են` դիմում գրի, որ կնիքը հանձնելու է սահմանի հսկման բաժնի պետին։

Նարեկի հաղորդմամբ՝ հսկիչ կետում բուսասանիտարիայի գծով մասնագետի մեկ հաստիք է, և եթե նա կնիքը հանձներ ծառայությանը, մաքսակետում արտահանման ժամանակ պարտադիր տրվող սերտիֆիկատը չէին կարող կնքել։ Նրա փոխանցմամբ՝ այդ սեզոնին շուտ փչացող գյուղմթերք է արտահանվում, իսկ այս պարագայում յուրաքանչյուր վարորդ պետք է գնար Երևան, և մինչև կնիք դրվեր սերտիֆիկատի վրա, բեռը կփչանար։

Կնիքը ստանալու նպատակով պետը զանգահարել է իրավասու անձանց, սակայն նրան պատասխանել են, որ իրենց հանձնարարվել է կնիքը չտալ.«Ասեցի` լավ, ծառայության պետ Իշխան Կարապետյանին զեկուցագիր գրեցի, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` այս խնդիրները կարող են առաջանալ, խնդրում եմ՝ հանձնարարել, որ կնիքը և արձակուրդում գտնվող մարդու պաշտոնի ժամանակավոր իրականացումը դնեն իմ վրա»։

Զեկուցագիրը ուղարկելուց մոտ 30 րոպե հետո ծառայությունից, Նարեկի փոխանցմամբ, զանգեր է ստացել, և նրան կանչել են ծառայություն։

Հաջորդ օրը գնացել է ծառայություն՝ կադրերի բաժին, որտեղ հայտնել են, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Նարեկը տեղեկացրել է, որ աշխատանքի ընդունվելուց արդեն մի դիմում գրել է և չի պատրաստվում երկրորդը գրել, նախորդի վրա էլ ազատման ամսաթիվ չի գրել, իսկ եթե որևէ մեկը այդ դիմումը օգտագործի, դատական կարգով խնդրին լուծում է տալու։ Կադրերի բաժնի պետից դիմումը հետ է պահանջել, սակայն նա հայտնել է, որ այն ներքին աուդիտի վարչության պետ Արայիկ Քուրդյանի մոտ է. «Ասեցի` լավ, ուրեմն չփորձեք դիմումին ընթացք տալ, որովհետև կոնկրետ կոռուպցիոն խնդիր է՝պաշտոնի, լիազորությունների գերազանցում է։ Ես հաստատ բողոքելու եմ»։

Շաբաթ երեկոյան Նարեկի մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Երկուշաբթի օրվանից բյուլետենի մեջ է. «Երեկ պատահական ինձ զանգում, ասում են, թե ծանուցման համակարգում երևում է, որ ինձ ազատել են աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։ Ու առանց ամսաթիվ էլ էդ դիմումը մուտք են արել։ Ես զանգեցի կադրերի պետին, հարցրեցի, ասեց՝ հա, Նարեկ ջան, ճիշտ ես, բան չեմ կարա ասեմ, բան չեմ կարա անեմ քո դիմումը էս օրով, այսինքն՝ երեկ, ընթացք են տվել, մտցրել են գրասենյակ»։

Ասում է՝ ինքը չէր կարող դիմումը հասցնել ծառայություն, քանի որ Ստեփանավանից չի հեռացել. «Ես ամենասկզբից բարոյական, մարդկային բոլոր նորմերը պահել եմ, ինչ առաջարկվել է, «հա» եմ ասել, վերջում ասում էին՝ քեզ գործ ճարի։ Չես ուզում` էս ա»։

Նարեկի փոխանցմամբ՝ Թաթոյանը մտերիմ հարաբերություններ ունի ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի հետ։ Տարիներ շարունակ միասին նույն կառույցներում են աշխատել, այդ պատճառով այս ամենը արվում է, որպեսզի նա կրկին հետ վերադառնա պաշտոնին։

Վարչապետից պատասխան չստանալու դեպքում Նարեկը պատրաստվում է դիմել նաև նախագահին, գլխավոր դատախազին, իսկ ոչ պատշաճ արձագանքի դեպքում` իրավունքները կվերականգնի դատական կարգով։

ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը խոստացավ պարզաբանել ստեղծված իրավիճակը, սակայն այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter