Չորեքշաբթի, 22 նոյեմբերի

«Սասնա ծռերի» գործով նախապատրաստական նիստերը չեն ավարտվում



Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով այսօրվա նիստը 4 անգամ ընդմիջվեց: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստն անորոշ ժամկետով հետաձգում էր փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու համար: Նա Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ երկու անգամ սանկցիա կիրառեց և փաստաբանին թույլ չտվեց միջնորդություն ներկայացնել: Լուսինե Սահակյանը փորձում էր միջնորդել՝ իր պաշտպանյալների ներկայությունն ապահովելու համար:

Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ երկրորդ որոշումը հրապարակելուց հետո դատարանը փորձեց ճշտել ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանի ինքնությունը, սակայն Թ. Թամրազյանը հայտարարեց, որ չի ցանկանում մասնակցել նիստին՝ առանց մյուս 15 ամբաստանյալների ներկայության:

«Հիմա մենք կգնանք, մինչև բոլորին չբերեք»,- հայտարարեց Թաթուլ Թամրազյանը և փորձեց լքել նիստերի դահլիճը: Դատավորը թույլ չտվեց և Թաթուլ Թամրազյանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ վեց ժամով հեռացնելով նիստից:

Դատարան բերվեց ամբաստանյալ Տիգրան Մանուկյանը, պարզվեց ինքնությունը: Ամբաստանյալը հայտնեց, որ թույլ չի տալիս իր պաշտպանյալին առանց իր ներկայության ներկա գտնվել նիստերի դահլիճում: Փաստաբան Մոնիկա Մարգարյանն առանց դատավորի թույլտվության լքեց նիստերի դահլիճը: Արտուշ Գաբրիելյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար նորից ընդմիջում հայտարարեց՝ Մ. Մարգարյանի նկատմամբ կարգապահական սանկցիայի որոշում կայացնելու համար:

«Հետք»-ի հետ զրույցում Թաթուլ Թամրազյանի և Տիգրան Մանուկյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը նշեց, որ չէր կարող այլևս ներկա գտնվել նիստերի դահլիճում, քանի որ իր պաշտպանյալների հանձնարարությունն է` առանց իրենց ներկայության դահլիճում ներկա չգտնվել և դատավարական որևէ գործողության չմասնակցել: Մոնիկա Մարգարյանին հարց ուղղեցինք՝ ինչու՞ դատարանի դահլիճում գտնվող թարգմանիչը բանավոր թարգմանություն չի կատարում, այն դեպքում, երբ Թաթուլ Թամրազյանը հայերեն չի հասկանում: Փաստաբանը պատասխանեց, որ այդ հարցին անդրադառնալու ժամանակ չի եղել, և նշեց, որ հաջորդ նիստին հարցը կբարձրաձայնեն:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց փաստաբան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումը:

Արամ Մանուկյանի ինքնությունը պարզելուց հետո դատավորը հայտնեց, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Գրիշա Բալասանյանը, Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը առանց դատավորի թույլտվության լքել են նիստերի դահլիճը: Նիստը 4-րդ անգամ ընդմիջվեց՝ փաստաբանների նկատմամբ սանկցիայի որոշում կայացնելու համար:

Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի դահլիճից հեռանալուց առաջ հայտնեց, որ փաստաբաններն առանց իրենց պաշտպանյալների ներկայության չեն ցանկանում նիստին ներկա գտնվել:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում հրապարակեց՝ սանկցիա կիրառել փաստաբաններ Արայիկ Պապիկյանի, Դավիթ Գյուրջյանի, Գրիշա Բալասանյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի նկատմամբ և պատասխանատվության ենթարկելու համար դիմել փաստաբանական պալատ: Փաստաբանները նախօրոք գրություն էին ուղարկել դատարան՝ իրենց չներկայանալու վերաբերյալ: Դատավոր Արտուշ Գաբրիլյանն ընթերցեց, որ նրանք հրաժարվում են ներկայանալ նիստին՝ առանց իրենց պաշտպանների ներկայության:

Հրապարակվեց նաև Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումը: Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգադրիչների կողմից դատարան արձանագրություն էր ներկայացվել, ըստ որի՝ փաստաբանը չի թույլատրել իր նկատմամբ զննություն անցկացնել:

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ դատարանի դահլիճում ներկա էին միայն փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Հրանտ Գևորգյանը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 20-ին:

լուսանկարում` Արամ Մանուկյանը


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ