HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Խնամու օգտին որոշումը «շահերի բախում չէ»․ էթիկայի հանձնաժողով

Ուրախությամբ հայտնում ենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախում չի գտել «Հետք»-ի՝ «Կառավարությունը՝ հօգուտ վարչապետի խնամու» հոդվածում։

Հոդվածն այն մասին էր, որ, կառավարության որոշմամբ, «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնին էր տրամադրվել 2500 քմ տարածք՝ 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով։

Գրել էինք, որ անհատույց տարածք ստացած ուսումնական կենտրոնի հիմնադիրն ու տնօրենը՝ Աննա Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի աղջիկն է, նաև՝ վարչապետ Կարեն Կարապետյանի խնամին (աղջկա ամուսնու՝  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի քույրը):

Էթիկայի հանձնաժողովը, ուսումնասիրելով հոդվածը, տեղեկացնում է, որ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ շահերի բախումը իրավիճակ է, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել։ Այնուհետև հանձնաժողովը մեջբերել է օրենքի այն կետը, համաձայն որի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք են բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ նրա ամուսնու հետ՝ ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։ Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։

«Գլոբալ Բրիջ» ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը ՀՀ քաղաքացի Աննա Հարությունյանն է, որը օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի իմաստով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կամ նրա ամուսնու հետ` ներառյալ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ չի գտնվում (թեև խնամիական կապի մեջ է): Հետևաբար՝ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում հարցը չի կարող դիտարկվել շահերի բախման լույսի ներքո»,- հայտնում է էթիկայի հանձնաժողովը:

Շնորհակալություն ենք հայտնում հանձնաժողովին՝ հոդվածն ուսումնասիրելու և տեղեկացնելու համար, որ խնամիների օգտին որոշում կայացնելը օրենքի շրջանակում է։

Հիշեցնենք նաև, որ ուսումնական կենտրոնին 20 տարով անհատույց տարածք հատկացնելու որոշումն ընդունվել է այն դեպքում, երբ ֆինանսների նախարարությունն առարկել էր՝ նշելով, որ այդ պահին վարձավճարով տարբեր տարածքներ զբաղեցնող պետական կառույցներ կան, և ուսումնական կենտրոնին տրամադրված տարածք կարելի է նրանց տալ՝ խնայելով պետական բյուջեի միջոցները (պետական կառույցները տարածքներ են վարձակալում պետբյուջեի միջոցների հաշվին)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter