HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբից նվազել են

Տարեսկզբին գրանցված համեմատաբար բարձր մակարդակից հետո Հայաստանի միջազգային պահուստները մինչև մայիս ամիս նվազել են։

Մայիսի վերջի դրությամբ` դրանք կազմել են 1.98 մլրդ դոլար։ Տարեսկզբի համեմատ պահուստները կրճատվել են 222 մլն դոլարով կամ 10.1%-ով։ Իսկ միայն մայիսի ընթացքում որոշակի աճ կա՝ աճել են մոտ 43 մլն դոլարով կամ 2.2%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի կենտրոնական բանկի տրամադրած տվյալները։ Միջազգային պահուստները կառավարում է Կենտրոնական բանկը։

Պահուստները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են։ Շուրջ 1.3 մլրդ դոլարը ներկայում արժեթղթերի տեսքով է։ Մնացածը՝ հիմնականում կանխիկ արտարժույթի ու ավանդների։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

Սպասելով ոսկուն

Հայաստանը միջազգային պահուստներում ոսկի չունի: 2003 թվականին կենտրոնական բանկը՝ այդ ժամանակ այդ կառույցի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, վաճառել է ոսկու պահուստները։ Դրանք ընդհանուր կազմել են 1.4 տոննա, որը վաճառվել է մոտ 18 մլն դոլարով (1 ունցիան՝ 400 դոլարով)։ Կենտրոնական բանկն այդ ժամանակ հայտարարեց, որ ոսկին՝ որպես պահուստային ակտիվ, երկարաժամկետ կտրվածքով քիչ հուսալի և եկամտաբերություն չապահովող է, և որ ԿԲ ղեկավարությունը որսացել է ճիշտ պահն ու ոսկին վաճառել այն ժամանակահատվածում, երբ միջազգային շուկայում դրա գինը բարձր է եղել։ Սակայն հետագայում իրավիճակը ցույց տվեց, որ դա ամենահարմար պահը չէր, քանի որ հետագա տարիներին ոսկու գինն ավելի է բարձրացել։ Բացի այդ, թե այդ ժամանակ, թե այսօր այդ գործարքին դեմ արտահայտվողները, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, համարում են, որ ոսկին կայուն փոխարժեք է և միջազգային պահուստների դիվերսիֆիկացման լավագույն տարբերակն է, հետևաբար՝ երկրի պահուստներում եղած ոսկին վաճառելը նրանք համարում են սխալ քայլ։

Նախորդ տարվանից առավել ակտիվ է քննարկվում Հայաստանի` միջազգային պահուստներում ոսկու պաշարների վերականգնման հարցը։ Շուրջ մեկ տարի առաջ Ազգային ժողովում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ Հայաստանը պլանավորում է վերականգնել ոսկու պահուստները։ Թե ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, առայժմ հայտնի չէ, սակայն փաստ է, որ այսօր պահուստներում ոսկի չկա։

լուսանկարը` reynermedia / Flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter