HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր 10 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանում

Իտալական IDS և հայաստանյան TSD ընկերություններն այսօր հայտարարել են ՏՏ ոլորտում 10 միլիոն եվրոյի ներդրումներով գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին: 

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունները:

Ընկերությունների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ողջունել գործարքի փաստը և վստահեցրել, որ նախաձեռնությունը կունենա պետության լիակատար աջակցությունը: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը խոստացել է հիմնադրամի աջակցությունն ամբողջ հետներդրումային շրջանում:

Ծրագիրը կիրականացվի 5 տարում: Ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաև հայ-իտալական գործարար կապերի ակտիվացման և ներդրումների խթանման նպատակով ՀՀ կառավարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ: Հունիսին Հռոմում հիմնադրամի նախաձեռնությամբ հայ-իտալական ﬕջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում տեղի է ունեցել «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են բիզնես-ծրագրեր, կազմակերպվել են B2B հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիﬓադրաﬕ և Իտալիայի առևտրի խթանման գործակալության (ICE) ﬕջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Իսկ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ է նշանակել մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և գործարարներին դեպի Հայաստան ուղղորդելու առաքելությամբ (https://www.youtube.com/watch?v=OS8jQ6-nyJo և https://www.youtube.com/watch?v=rEJDsBRwewo ):

«Իտալիայում Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցչի, հայաստանյան TSD և իտալական IDS ընկերությունների հանդիպումից հետո սկսվեցին հիմնական աշխատանքները և արդունքն այս նոր ներդրումն է: Մենք պլանավորում ենք մինչև տարեվերջ ևս 50 ներկայացուցիչ նշանակել տարբեր երկրներում, որոնք զբաղվելու են Հայաստան նոր ներդրումներ բերելով»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Մենք թիրախավորել ենք 40 տոկոս արտահանման ցուցանիշ ՀՆԱ-ի նկատմամբ, որին հասնելու համար հիմնական ուղղություններից մեկը գիտելիքահեն տնտեսության ձևավորումը և գիտահետազոտական ոլորտում ներդրումների իրագործումն է»,- նշել է ՀՀ ՏԶՆ փոխնախարար Էմիլ Տարասյանը:   

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի զարգացման հիմնադրամին և Իտալիայում հիմնադրամի ներկայացուցչին` նշելով. «Հիմնադրամի ակտիվ աշխատանքի շնորհիվ Իտալիայում հանդիպումից հետո բանակցությունների արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է միացնենք մեր երկու ընկերությունների ուժերը, որպեսզի ստեղծենք նոր գիտա-հետազոտական և արտադրական ուղղություն, հատկապես ֆորենզիկ ուղղության մասով»:

«Հայաստանում բավականին լավ հիմք կա գիտահետազոտական ոլորտում և մենք ուզում ենք այստեղ ներդրումներ անել. սկզբնական շրջանում ֆորենզիկ ոլորտում, սակայն դրանով չենք սահմանափակվելու, փորձելու ենք գործունեություն ծավալել այլ ոլորտներում ևս»,- նշել է IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեն:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter