Երեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պահման պայմանները վտանգում են պատկերասրահի հավաքածուն


Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում են տեղական և համաշխարհային արվեստի ավելի քան 25 հազար նմուշներ: Գեղանկարների հավաքածուն ներառում է Հակոբ Հովնաթանյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Տինտորետտիի, Ռուբենսի, Վան Գոյենի աշխատանքները: Մասնագետները պնդում են, որ այս նկարների մեծ մասը, որոնք հարյուրամյակների պատմություն ունեն, վտանգված են, քանի որ սրահներում չեն պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանն ու խոնավությունը, նկարները ենթարկվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ու փոշու ազդեցությանը: Պատկերասրահի տնօրինությունն ու մշակույթի նախարարությունը համամիտ են, բայց անորոշ են ոչ միայն պլանները, այլև պատկերասրահի ճակատագիրն ընդհանրապես:

Ամռանը Հայաստանի պատկերասրահում օդի ջերմաստիճանը կարող է անցնել 35℃-ը, երբ թանգարանների համաշխարհային պրակտիկայում առավելագույն անվտանգ ցուցանիշ է համարվում 24 աստիճանը: Գեղանկարիչ Էդգար Ամրոյանը, ով հաճախ է այցելում եվրոպական թանգարաններ, ասում է, որ այս ցուցանիշը կարող է տատանվել մինչև 1.5 աստիճան:

«Այսինքն անգամ եթե տատանումով հաշվենք 25.5 աստիճան, 10-12 աստիճան անցնում է թույլատրելի սահմանը, ու նկարները ուղղակի որ կպնեք ամռանը, ոնց որ եռման թեյնիկ [լինեն] ու ճտճտոցը լսվում է. էդ աստիճանի սարսափելի վիճակ ա»,- ասում է գեղանկարիչը:

Ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունն այն միջավայրային գործոններից են, որոնք կարող են նպաստել արժեքավոր հավաքածուների վատթարացմանը: Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) համաձայն` շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանի ու հարաբերական խոնավության հնարավոր հետևանքներից են ֆիզիկական վնասը (օրինակ` աղավաղումը, ճաքը, կտավի ու ներկի շերտի առանձնացումը), քիմիական վատթարացումը, ինչպես նաև միջատների ու բորբոսի ակտիվացումը: Ջերմաստիճանն ու խոնավությունը փոխկապակցված են, բայց միայն ջերմաստիճանի բարձրացումը բավական է քիմիական պրոցեսներն արագացնելու համար: 30 աստիճանում որոշ քայքայիչ ռեակցիաներ կարող են կրկնակի արագ գործել, քան 20 աստիճանում:

Թանգարանների միջազգային խորհուրդը սահմանում է, որ ցուցասրահներում (ինչպես նաև պահոցներում) ջերմաստիճանը պետք է լինի հաստատուն և պահվի 18-22℃-ի սահմաններում: Այլ աղբյուրներում ցանկալի է համարվում 19-24℃-ը: Հարաբերական խոնավությունը պետք է լինի 45-55%-ի միջակայքում:

Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) ջերմաստիճանն ու խոնավությունը այս ցանկալի միջակայքում հազվադեպ են լինում: Մշակույթի նախարարության տրամադրած մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ ձմռանը միջին ջերմաստիճանը հազիվ է հասնում 18℃-ի, իսկ ամռանն այն գերազանցում է 30℃-ը: Օդի հարաբերական խոնավությունը չի հասնում 35%-ի:

Նախընտրելի են վատ, բայց կայուն պայմանները

Այս տվյալներից պարզ է դառնում, որ տարվա ընթացքում միևնույն սրահում ջերմաստիճանի տատանումը կարող է հասնել 20 աստիճանի: Մինչդեռ պահման պայմանների կայունությունը ավելի կարևոր է, քան իդեալական նորմերին համապատասխանելը:

«Ավելի շահեկան է` նկարները պահվեն վատ պայմաններում, բայց ստաբիլ, քան պահվեն թվացյալ լավ պայմաններում, բայց ոչ ստաբիլ` ջերմաստիճանի և խոնավության առումով»,- ասում է գեղանկարիչ Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ նկարները կարող են ցուցադրվել 18℃-ից ցածր կամ 22℃-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում, եթե այդ միջավայրը մնա հաստատուն ամբողջ տարվա ընթացքում՝ անկախ եղանակային պայմաններից:

Թանգարանային նմուշները խոնավության ու ջերմաստիճանի տատանումների կարող են ենթարկվել ինչպես եղանակի փոփոխության, այնպես էլ այդ նմուշների տեղափոխման (պահեստից ցուցասրահ կամ երկրից երկիր) և օդափոխության համակարգի անսարքության հետևանքով:

Օդափոխության համակարգը Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնախնդիրներից է: Պատկերասրահի ոչ բոլոր սրահներն են օդափոխվում: Տնօրենը նշում է, որ պատճառը ֆինանսական է և հավելում է, որ 57 սրահներից 28-ում կան օդափոխիչներ:

Հունիսին մեր մի այցելության ժամանակ պատկերասրահի եվրոպական, ռուսական և հայկական արվեստի 25 սրահներից օդափոխիչներ նկատեցինք միայն 4-ում, բոլորը՝ ռուսական արվեստի սրահներում: Այդտեղ ջերմաստիճանը տատանվում էր 21-25℃-ի սահմաններում: Ընդ որում, սարքերը ոչ միշտ են միացված. աշխատակիցներն ասում են, որ երբեմն անջատում են, քանի որ օդի ջերմաստիճանը կարճ ժամանակում նվազում է: Պարբերաբար համակարգն անջատելն ու միացնելը, ինչպես պնդում են մասնագետները, կարող է ավելի շատ վնասել հավաքածուները, քան օդափոխության բացակայությունն ընդհանրապես:

Եվրոպական և հայկական արվեստի սրահներում օդափոխության համակարգեր չեն գործում: Այստեղ ջերմաստիճանն անցնում է 30℃-ը: Հատկապես եվրոպական արվեստի գործերը ցուցադրող սրահներում տեղ-տեղ դրված են շարժական էլեկտրական հովհարներ, որոնք ջերմաստիճանը նվազեցնում են միայն կարճ տարածության վրա, կարճ ժամանակով:

Երկու նման սարք դրված է իտալական, ևս երկուսը` ֆլամանդական սրահներում, որտեղ ցուցադրվում են Դոնատելլոյի, Տինտորետտոյի, Մանչինիի և այլոց աշխատանքները, դրանց թվում` 5-6 հարյուր տարեկան գործեր:

Քայքայիչ ճառագայթներ ու փոշի` բաց պատուհաններից

Ցուցասրահներն օդափոխելու և աշխատանքային պայմաններ ստեղծելու համար Հայաստանի պատկերասրահի աշխատակիցները ստիպված են լինում բացել պատուհանները: Այս պայմաններում նրանք այլընտրանք չունեն, նկարիչներն ասում են` տոթի պատճառով պատկերասրահում նույնիսկ ուշաթափության դեպք է եղել:

Արդյունքում` ներս են թափանցում շրջապատի փոշին ու կեղտը: Նկատենք, որ պատկերասրահի հարակից տարածքներում պարբերաբար շինարարական աշխատանքներ են ընթանում (օրինակ` Արամի փողոցի բարձրահարկերի կառուցումը, Վերնիսաժի և հարակից այգու շինարարությունը): Բացի այդ, շենքը երեք կողմերից շրջապատված է երթևեկելի փողոցներով, ուրեմն սրահներ կարող են ներթափանցել նաև ավտոմեքենաների արտանետումները:

Մեր այցելության օրը բաց էին եվրոպական ու հայկական արվեստի գրեթե բոլոր սրահների պատուհանները:

Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» (1889) կտավը, որի մի կողմի պատուհանն ամբողջությամբ բաց է

Արտանետումները, սակայն, արտաքին միջավայրից նմուշներին վնասող միակ գործոնը չեն: Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում թանգարաններում ամբողջովին հրաժարվել բնական լույսից, քանի որ լույսն ու ուլտրամանուշակագույն ճառագայթումը գործվածքների` այդ թվում կտավների մեծագույն թշնամին են: Դրանց ֆոտոքիմիական ազդեցության հետևանքով գույները խամրում են, իսկ հյուսվածքները` դառնում ավելի փխրուն և հեշտությամբ բաժանելի:

«Լույսը կարող է բազմապատկել վատ միջավայրային պայմանների անբարենպաստ ազդեցությունը, և լույսի պատճառած վնասը հաճախ արագանում է բարձր հարաբերական խոնավությունից ու ջերմաստիճանից»,- կարդում ենք Թանգարանների միջազգային խորհրդի հրապարակած ձեռնարկում:

Նախընտրելի է թույլ արհեստական լուսավորությունը, որը բավական կլինի հավաքածուն դիտելու և աշխատելու համար: Եթե, այնուամենայնիվ, բնական լույսը թանգարանի կամ պատկերասրահի լուսավորության հիմնական աղբյուրն է, խորհուրդ է տրվում ցրել այն և ֆիլտրել, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների համար` պատուհաններին փակցնել դրանք կլանող ժապավեններ:

Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր սրահներում միացված են արհեստական լույսեր, բայց բաց են նաև պատուհանները կամ դրանց վարագույրները: Գեղանկարիչները հավելում են, որ շրջանակների ապակիները այդ լույսը մղում են դեպի նկարները: Արթուր Խաչատրյանի խոսքով` նկարների վրա այնպիսի ապակիներ են դրված, «որ մարդ իր տան լուսամուտների վրա տենց վատ որակի ապակիներ չի դնում»:

Օդափոխության նոր համակա՞րգ, թե՞ նոր շենք` պատկերասրահի համար

Մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ «նախապատրաստական աշխատանք է տարվում` պատուհաններին արևային մեկուսիչներ տեղադրելու համար»: Ամիսներ առաջ պատկերասրահում ուսումնասիրություն կատարած «Կոնսէլ» ընկերության մասնագետները եզրակացրել են, որ «պատկերասրահի բոլոր պատուհանները չեն համապատասխանում ՀՀ շինարարական և ժամանակակից էներգաարդյունավետության նորմերին» և առաջարկել են փոխարինել դրանք:

Ընկերությունը նաև առաջարկել է նորովի նախագծել օդափոխության և օդի լավորակման համակարգը, քանի որ մոտ 40 տարի շահագործվող նախկին համակարգի էներգաարդյունավետությունը բավականին ցածր է, իսկ հին սարքավորումների նորոգումն ու հետագա շահագործումը «անիմաստ է»: Թե ինչ արձագանք են ստացել այս ընկերության առաջարկները, նախարարությունը չի մանրամասնում:

Լուսավորության և ջերմաստիճանի վերը նշված չափանիշները պահպանվում են, օրինակ, «100 կտավ սոցռեալիզմից» ժամանակավոր ցուցահանդեսի սրահում, որի կազմակերպիչը պատկերասրահը չէ. այս ցուցադրության սրահների մեծ մասում թույլ արհեստական լուսավորություն է, հիմնական ջերմաստիճանը` 21-24 աստիճան:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը մշտական ցուցադրության սրահներում ավելի լավ պայմանների բացակայությունը կապում է ֆինանսական անբավարար հատկացումների հետ:  «Գիտեք կա մի օրինաչափություն, գումարը երբեք բավարար չի լինում, բայց գիտակցելով, որ սա պետական կառույց է, և պետությունը իր ծավալուն խնդիրների մեջ չի կարող շռայլ գտնվել, հետևաբար առայժմ պետք է բավարարվենք»,- ասում է պատկերասրահի տնօրենը:

2017թ-ի պետական բյուջեով պատկերասրահում ջեռուցման և օդափոխության համակարգի ներդրման համար միջոցներ նախատեսված չեն: Արման Ծատուրյանը հավելում է, որ մի քանի օդորակիչներ կարողացել են ձեռք բերել պատկերասրահի արտաբյուջետային միջոցների հաշվին, մնացածի համար դիմել են մշակույթի նախարարությանը: «Ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք ավելի բարեկարգ պայմաններ»,- եզրափակում է տնօրենը:

«Կոնսէլ» ընկերությունը նոր համակարգի ներդրման առաջարկներն արել էր նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականի համաձայն: Չնայած սրան` մշակույթի նախարարությունը ժամանակավոր լուծում է համարում բոլոր միջոցները, այդ թվում` նոր սարքավորումների ձեռքբերումը, քանի որ պատկերասրահը նոր շենք է ունենալու: Այս մասին տարեսկզբին` պատկերասրահի տնօրենի հետ հանդիպմանն ասել էր նախարար Արմեն Ամիրյանը:

Թե ինչ շենքի մասին է խոսքը, երբ է նախատեսվում տեղափոխել պատկերասրահը և ինչ նպատակով է օգտագործվելու Հանրապետության հրապարակում գտնվող ներկայիս շենքը` մշակույթի նախարարությունը չի պատասխանում` հայտնելով, որ «հարցը դեռևս հստակեցված չէ»:

Նույն պայմաններում մնալու դեպքում կտավները երկար կյանք չեն ունենա

Մինչ շենքի ճակատագիրը կհստակեցվի, գեղանկարիչներն ասում են, որ հարցը պետք է լուծել հենց այս ամառ: Էդգար Ամրոյանը շեշտում է հատկապես եվրոպական բաժնի աշխատանքների պահպանման հրատապությունը` հաշվի առնելով դրանց հնությունն ու (հետևաբար) բարձր արժեքը:

Եվրոպական բաժնում 350-500 տարվա աշխատանքներ կան: Ամենավաղ ցուցանմուշները հասնում են մինչև 14-րդ դար, ինչպես անհայտ հունաիտալացի նկարչի «Տիրամայրը «Ավետումից»» նկարը: Նկարիչներն ասում են, որ այդ հավաքածուն մեծ դժվարություններով հասել է Հայաստան և ԽՍՀՄ-ում համարվել է 3-րդ թանգարանը: Այժմ էլ, ասում են, կարող է համարվել լավագույններից, բայց միայն հավաքածուի առումով:

Էդգարն այժմ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում է, որի պատկերասրահի հավաքածուն կազմում է ՀԱՊ հավաքածուի մոտ 60%-ը, իսկ ցուցադրված դասական գործերը, ըստ նրա, չեն անցնում երկու տասնյակը: Էդգարը պատմում է, որ այնտեղ օդի ջերմաստիճանը պահում են 21 աստիճանում, կան խոնավությունը պահպանող սարքավորումներ, իսկ պայմանները կարգավորելիս հաշվի են առնում եղանակային պայմանները:

Էդգարն ու Արթուրը անընդունելի են համարում վերը նշված խնդիրների առկայությունը, երբ եվրոպական չափանիշներն արդեն անցանկալի են համարում նույնիսկ օդափոխիչների բերած միկրոբները: Մտավախություն ունեն, որ ավելի վատ պայմաններում կարող են լինել պահեստում պահվող հազարավոր աշխատանքները:

Նրանք համոզված են, որ արտերկրում աշխատող շատ մասնագետներ կհամաձայնվեն անվճար օգնել պատկերասրահին, եթե Հայաստանը հոգա նրանց տեղափոխման և կեցության ծախսը: «Հաշված տարիներ են [մնում], եթե այսպես շարունակվի»,- ասում է Էդգարը Հայաստանում ցուցադրվող համաշխարհային արվեստի նմուշների մասին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English

Մեկնաբանություններ (1)
1. Robert Davidian 04:30 - 18 հուլիսի, 2017
There are real-world consequences from allowing systemic government corruption to eat the state budget. This is one: the predicteddestruction of unique and priceless art treasuresin Armenia. "There is no funding allocated by the state budget 2017 for the heating and ventilation system in the gallery."
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։