HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարանը պաշտոնապես գործարկվեց

«Նոր հատիկ» անվանումով հայկական հնդկաձավարը շատ շուտով հնարավոր կլինի փնտրել ու գտնել վաճառակետերում: Ե՞րբ, ի՞նչ ժամկետներում` դեռեւս հայտնի չէ, բայց որ պատրաստ են բավրացի ֆերմերները ձեռնոց նետել հայկական շուկան ողողած ներկրվող հնդկաձավարին՝ արդեն իրողություն է: Այսօր, Աշոցք խոշորացված համայնքի Բավրա գյուղում, տեղի ունեցավ «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի գործարանի պաշտոնական բացումը: Հանրապետությունում նմանատիպ գործարան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում բացվել էր 2016թ-ի դեկտեմբերի 6-ին, իսկ արդեն մարտ ամսին հայտարարվել էր արտադրանքը շուկա հանելու մասին: Սակայն բնական գազի բացակայությունը ժամանակավոր պարապուրդի է մատնել Ծովագյուղի գործարանը:

Չգազիֆիկացված Բավրա գյուղում նույն խնդրի առաջ չկանգնելու համար հնդկաձավարի կեղեւն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով փայտի փոխարեն առայժմ բրիկետ են (բիովառելիք-հեղ.) օգտագործում: Բիովառելիքը բերում են Արմավիրի մարզից, սակայն ծրագիր կա հետագայում այն տեղում արտադրելու հնդկացորենի կեղեւից՝ ապահովելով անթափոն արտադրություն:

Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարանը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիան ընտանիքների եւ Քրիքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ, «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:

Հնդկացորենի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD): Կազմակերպությունը 2015 թ-ից աշխատում է առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200 հազար եվրո գումար: Նույնքան գումար արժեցել է նաեւ Ծովագյուղի գործարանը:

Սերգեյ Մաթեւոսյանը

ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթեւոսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախորդ տարի 5 մարզում ցանվել էր 520 հա, այս տարի մոտ 500 հա ցանվել է հանրապետության այլ մարզերում, այդ թվում եւ հեռավոր Սյունիքում: «Նրանք, ովքեր փորձանական 1 հա են ցանել նախորդ տարի, այս տարի 10-ից 20 անգամ ավելացրել են տարածքները,- ասում է Սերգեյ Մաթեւոսյանը,- մեր ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի ներքին սպառումը կազմում է մոտ 8000 տոննա տարեկան, եւ անհրաժեշտ է մոտ 6000 հա հնդկացորեն մշակել՝ պահանջված հումքը ստանալու համար: Սա լավ հնարավորություն է անմշակ հողերը եւս օգտագործելու, որովհետեւ հնդկացորենը պահանջկոտ չէ: Էստեղ կլիմայական պայմաններն են կարեւոր, բույսը չի սիրում շոգ եղանակ, շուտ է փչանում, դրա համար էլ հիմնականում ցանում են բարձրադիր վայրերում»:

Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվ (շուրջ 430 ֆերմեր) Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից: Բավրայի գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանն այսօր խնդիրներից չխոսեց, թեեւ ամիսներ առաջ բարձրաձայնում էր չորանոցի, սերմազտիչի եւ ժամանակակից կոմբայնի մասին: Նա դրանք փորձում էր գործարանի համար ապահովել կառավարության միջոցով եւ հարցը բարձրացրել էր նախընտրական շրջանում Աշոցքում վարչապետի այցի ժամանակ՝ ստանալով բացասական պատասխան: Կորյուն Սումբուլյանի փոխանցմամբ՝ ինքը փորձելու է դիմել այլ կազմակերպությունների՝ պակասող սարքավորումներն ու տեխնիկան ձեռք բերելու համար:

«Ես միայն կասեմ, որ հնդկացորենի արտադրությունը նոր մշակույթ է Հայաստանի համար եւ շահավետ, ուղղակի պետք է մի փոքր համբերել, ամեն ինչ միանգամից չի լինում: Հնդկաձավարին զուգահեռ մեղվաբուծությունը կարող է զարգանալ, որովհետեւ բերքատվությունը 70 տոկոսով կարող է ավելանա հենց փոշոտման շնորհիվ: Ամեն հա-ի համար մոտավորապես 3-4 մեղվաընտանիք է պետք, ամեն մեղվաընտանիքը կարող է 100 կգ մեղր ապահովել հնդկացորենի դաշտերից, այնպես որ մոտավորապես 18-20 հազար էլ մեղվաընտանիք է պետք: Ընդամենը պետք է հավատան, որ այս ամենի մեջ ապագա կա: Երբ տեսան առաջին արտադրանքը խանութներում, հավատացեք՝ շատերն են հնդկացորենի մշակությամբ զբաղվելու»,- ասում է Կորյուն Սումբուլյանը:

Կորյուն Սումբուլյանը

Փաթեթավորված «Նոր հատիկ»-ը սպառողի գրպանին մատչելի կլինի, վստահեցնում են պատասխանատուները: «Մենք արհեստական բաներ չենք անի, ասենք գինը սահմանենք 300 դրամ, որ նեղենք ներկրողին՝ դա կհարվածի նաեւ մեր արտադրողին: Դեռ հստակ ու վերջնական գին չենք որոշել, բայց կարծում եմ 500 դրամը չի գերազանցի: Իմիջիայլոց, մենք նաեւ կանաչ հնդկաձավար ենք արտադրելու, ալյուր ենք ստանալու հացաթխման համար, կեղեւը օրթոպեդիկ բարձերի համար կարող ենք օգտագործել եւ այլն»,- նկատում է Կորյուն Սումբուլյանը:

Բավրայի նորաբաց գործարանը ներկայում ունի 7 աշխատակից, սակայն հետագայում թիվն ավելանալու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter