HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. HelloSIM. շատ մատչելի շարժական ինտերնետ՝ ճամփորդների համար

Մանե Գևորգյան

Աշխարհի շուրջ 207 երկրներում գործող ռոումինգային քարտը՝ HelloSIM-ը, ընդամենը 7500 դրամով թույլ է տալիս այլ երկիր մեկնելիս օգտվել 1 ԳԲ ինտերնետից, ինչպես նաեւ զանգեր կատարելու եւ SMS ուղարկելու ծառայություններից՝ անհամեմատ էժան գնով ու առանց հնարավոր բոլոր խնդիրներին առնչվելու։

Ստարտափի համահիմնադիր, ղեկավար Արմենակ Խաչատրյանն ասում է. «Ճամփորդելն արդեն դարձել է մեծ հաճույք։ Խելամիտ գնով լիարժեք հանգիստ 10 տարի առաջ չկար։ Հիմա կան լիակատար հանգստի գրեթե բոլոր պայմանները, բայց հաղորդակցման խնդիրը շատերին է դեռ անհանգստացնում ու ստիպում նկատելի սահմանափակումներ զգալ։ Մենք էլ փորձում ենք այդ խնդիրը լուծել։

HelloSIM-ը ապահովում է օպտիմալ ռոումինգ՝ շնորհիվ նրա, որ տարբեր տարածաշրջանների համար օգտագործում ենք տեղական առաջատար օպերատորի իդենտիֆիկատոր, ինչը մեզ հնարավորություն է տալիս ունենալ էժան սակագին՝ առանց որակի անկման։ Օրինակ՝ գնում ես Ֆրանսիա, ու մեր համակարգում ցույց է տալիս՝ մեր բաժանորդը որ երկրում է, ինչից հետո էլ համակարգը  վերլուծում է, ընտրում իր համար ամենաբարենպաստ իդենտիֆիկատորը, ու քարտը սկսում է գործել հենց դրանով։ Հետո Եվրոպայից մեկնում ես Սինգապուր, համակարգը հայտնում է այդ մասին ու միանգամից միանում, օրինակ, China Mobile-ին, որովհետև տվյալ տարածքում Ասիայում ունեցած մեր գործընկերներից ամենալավ առաջարկը դա է ապահովում։ Մեր մշակած համակարգը ստիպում է, որ առանց ձեր միջամտության, SIM քարտը փոխի իր իդենտիֆիկատորը ու աշխատի տարածաշրջանում մեր գործընկերների ունեցած լավագույն առաջարկի հիման վրա։ Սա կոչվում է Multi IMSI»։

Քարտից օգտվելու համար ճամփորդն, առցանց կամ զանգահարելով, պատվիրում է քարտը, որն անվճար առաքում են և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում։ Այս նոր համարն աշխատում է կանխավճարային սկզբունքով։ Քարտի համար առանձին գումար չես վճարում՝ այսինքն ընտրում ես փաթեթը կամ վճարման սկզբունքն ու հաշվի վրա ունենում գումարի 100% -ը։ Վճարման առաջին սկզբունքի համաձայն լիցքավորում ես որոշակի գումար, ու այն օգտագործում ինտերնետի, զանգերի կամ SMS-ներ ուղարկելու համար՝ կայքում ծանոթանալով համապատասխան ծառայությունների արժեքներին։ Երկրորդ դեպքում HelloSIM-ն առաջարկում է արդեն պատրաստի փաթեթներ՝ տարբեր արժողությամբ։ Քարտը կարելի է օգտագործել անժամկետ։ Կան լիցքավորման տարբեր եղանակներ՝ վճարել բանկային քարտով կամ PayPal համակարգի միջոցով, Telcell,  EasyPay, Idram վճարման համակարգերի միջոցով։

Այս պահին HelloSIM-ը 49 երկրում ապահովում է ինտերնետ փաթեթների հասանելիության միջինացված գին՝ 1 ԳԲ (Gigabyte) ինտերնետը 30 օր գործածության ժամկետով՝ ընդամենը 7500 դրամ։ Վճարում ես միայն այդ փաթեթի համար ու տեղի օպերատորին ավել գումար մուծելու խնդիր չի լինում։ Հայկական օպերատորներից ռոումինգում ամենամատչելի շարժական ինտերնետ ապահովում է Ucom ընկերությունը՝ 1 ԳԲ-ը մոտ 25000 դրամ՝ այսինքն շուկայում ամենաէժան տարբերակը երեք ու կես անգամ թանկ է HelloSIM-ի առաջարկած ինտերնետ փաթեթից։

«Շատերը չեն պատկերացնում՝ ինչ կարող են անել 1 ԳԲ ինտերնետով։ Այն ենթադրում է մոտ 3000 րոպե Viber-ով, Whatsapp-ով, Messenger-ով, Skype-ով ձայնային զանգ, 300-500 լուսանկարի ներբեռնում Facebook, 150 րոպե տեսազանգ, 1ժ. 20ր. տևողությամբ ֆիլմի դիտում, 100000 SMS Chat-ի հաղորդագրություն։ Անդրկովկասում, Ռուսաստանում շարժական ինտերնետ օգտագործողների միջին օգտագործումը 1 ամսում 2 ԳԲ է։ Այսինքն՝ 1 ԳԲ ինտերնետը 2 շաբաթ հանգստացողի համար բավականին լավ է»,- նշում է Արմենակը։

HelloSIM-ը գործում է Եվրամիության բոլոր երկրներում (բացառությամբ Իտալիայի), ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Թայլանդում, Չինաստանում, Թուրքիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլ երկրներում։ Արմենակի խոսքերով, օրինակ, Հունաստանում, Իսպանիայում, Ֆրանսիայում  20-25 եվրոյով ինտերնետ փաթեթ գնելը համարվում է շատ էժան, ու դժվար է գտնել հարմար տարբերակ ճամփորդի համար։ Այսինքն՝ HelloSIM-ի առաջարկած ինտերնետ փաթեթի գնի մատչելիությունը ակնհայտ է նաև արտերկրում։ Այս քարտի միջոցով հեղինակները փորձել են ամեն ինչ պարզեցնել. «Երբ մարդ մեկնում է մեկ այլ երկիր, իր խնդիրը չպետք է լինի ուշադիր հետևել՝ իր հեռախոսը որ օպերատորին է կպել, ինչքան գումար է տանում, հատկապես, որ երբ մի օպերատորի ազդեցությունը թուլանում է, հեռախոսը գտնում է մյուս օպերատորին, ու հետո պարզվում է, որ մեծ հաշիվներ պետք է փակես։ Մենք այս խնդիրը հիմնովին լուծել ենք՝ տալիս ենք երկիր, տալիս ենք սակագին՝ մնացած կարգավորումները ճամփորդողի խնդիրը չեն։ Պետք է նաև նշել, որ այսօր և՛ տրադիցիոն, և՛ այլընտրանքային բջջային օպերատորների առաջարկած տարիֆները շատ խրթին են։ Այսինքն՝ պետք է գլուխ հանել, թե որքան է մուտքային կամ ելքային զանգի րոպեավճարը, ինտերնետի քանի օրվա օգտագործումն ինչ արժե։ Շատ խառն են, իսկ մարդիկ շատ ու խառը թվերից խուսափում են, ավելին՝ ռոումինգն ասոցացվում է թանկ ծառայության հետ։  

Դրա համար մենք չենք շեշտադրում զանգը, հատկապես, որ ինտերնետը մարդու հաղորդակցման բոլոր կարիքները հոգում է։ Բայց զանգերի ու հաղորդագրությունների դեպքում էլ գործում է սկզբունքորեն մատչելի սակագնային պլան՝ ամբողջ Եվրամիությունից դեպի Հայաստան զանգն արժե 160 դրամ, մուտքային զանգերն անվճար են, SMS-ը 24 դրամ է, զանգը Եվրոպայի ներսում 70 դրամ է»,- ասում է Արմենակը։

Կարևոր առավելություն է նաև այն, որ, օրինակ, Հայաստանից մեկ այլ երկիր մեկնելու դեպքում բոլոր կարգավորումներն ու ծանուցումներն ուղարկվում են հենց հայերեն։ Խնդրի դեպքում հնարավոր է կապվել օպերատորների հետ ու հարցերի պատասխանները ստանալ հայերեն։ Նույն սկզբունքն է գործում նաև Վրաստանում, իսկ հիմա աշխատում են դա իրագործել նաև Բելառուսում, իսկ հետագայում նաև այլ երկրներում։

Նախագծի վրա սկսել են աշխատել 2013 թվականից, և պրոդուկտը պատրաստ է եղել 2015 թ-ին։ Նախորդ տարի քարտն անցել է փորձարկման շրջան, ունեցել օգտագործողներ տարբեր երկրներից, իսկ հիմա քարտից օգտվողների թիվը հասել է 10.000-ի։

Նախնական շրջանում շատերը չէին հավատում, որ սա իրագործելի գաղափար է, բայց ինչպես Արմենակն է նշում՝ իրենց թիմի աշխատասիրության, հնարամտության ու շատ ժամանակ ներդնելու շնորհիվ արդեն ունեն նոր լուծում, որն իրենց սեփականությունն է ու կարող են և՛ վաճառել, և՛ վարձույթով տրամադրել այն ընկերություններին, որոնք ցանկանում են այլ երկրներում դառնալ նմանատիպ ծառայություն մատուցող կամ վիրտուալ մոբայլ օպերատոր։ «Մեր լուծման համար կա մեկ այլ շուկա, որն ավելի մեծ է։ Այն անհրաժեշտ է ցանկացած համակարգի, որին պետք է գլոբալ հաղորդակցություն։ Այն օգտագործվում է IoT-ի համակարգ կառուցելու համար։ Քարտն անհրաժեշտ է այն ընկերություններին, որոնց տրանսպորտային միջոցները սահման են հատում։ Քարտի շնորհիվ իրենց կենտրոններին միշտ կարող են տեղեկացնել իրենց դիրքի, վառելիքի օգտագործման, շարժիչի վիճակի մասին»։

Փաստորեն, HelloSIM-ի այս գործառույթն արդեն օգտագործված է հայկական մեկ այլ հաջողակ ստարտափի՝ Volterman դրամապանակի Global GPS Tracking-ն ապահովելու համար։ Այսինքն՝ երբ իրարից հեռանում են հեռախոսն ու դրամապանակը, զգուշացման ազդանշանն աշխատում է հենց HelloSIM քարտի շնորհիվ։ Համագործակցության լավ տարբերակ, որի արդյունքում երկու պրոդուկտն էլ դուրս են գալիս միջազգային շուկա։

Մեկնաբանություններ (1)

Վարդան
Շատ լավ և ողջունելի է: Բայց մի բայց կա...մտնում ես այս կազմակերպության կայքը և ...միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ասենք թե, ես եմ, միայն հայերեն գիտեմ, ինչու չպետք է այդ տեղեկատվությունը հայերեն հասանելի լինի? Անհասկանալի է, եթե հայկական ընկերություն է, Հայաստանում է գործում, ապա ինչու հայերեն տարբերակը չկա? Տհաճ է...........

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter