HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները վրդովված են ներհամայնքային ճանապարհների անորակ նորոգումների պատճառով

Լոռու մարզպետի պաշտոնակատար Արսեն Դարբինյանը «Հետք»-ին հայտնել է, որ կառավարության հրատապ 7 ծրագրերի շրջանակներում մարզի ճանապարհաշինության ոլորտում նորոգման աշխատանքեր իրականացնելու համար մարզպետարանին հատկացվել է 2 մլրդ 688 մլն դրամ: Դրանից Վանաձորի ներհամայնքային ճանապարհների, այդ թվում նաև բակերի ասֆալտապատման համար ծախսվել է 1 մլրդ 291 մլն դրամ:

Արսեն Դարբինյանի տեղեկացմամբ` այդ գումարով 2011թ. նորոգման աշխատանքներ են կատարվել մարզկենտրոնի Սպանդարյան, Ստեփանյան, Կնունյանց, Աճառյան, Մաշտոց, Համբարձումյան, Տավրոսի 7 և Տավրոս 20 փողոցներում: 2012թ. նորոգվել են Արաբկիր, Ճավճավաձե, Ղուկասյան, Շիրվանզադե, Կամոյի, Սուխումի, Ռուսթավի, Տավրոս 6 փողոցները, 2013-ին՝ Տիգրան Մեծ պողոտան, Մայր Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը, Ազատամարտիկների, Ուսանողական, Շիրվանզադե, Տաթև փողոցները, Զոր. Անդրանիկի 3-րդ նրբանցքը: 2014-ին նորոգվել են Թումանյան փողոցը, դեպի Սրտաբանական հիվանդանոց տանող ճանապարհը, Մայր Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: 2015թ. հրատապ ծրագրով նորոգվել է Խնձորուտ-Բազում թաղամասի գերեզմանոցի նախահրապարակի և այն գերեզմանոցին կապող ճանապարհը: 2016թ. հրատապ ծրագրով Վանաձորում միջհամայնքային ճանապարհ չի նորոգվել: 7-րդ հրատապ ծրագրով այս տարի համատարած ասֆալտապատման եղանակով կհիմնանորոգվի Ինֆեկցիոն հիվանդանոց տանող փողոցը, փոսային նորոգումներ կկատարվեն Տպագրիչների, թիվ 10 դպրոցի արևելյան կողմի փողոցում և Ներսիսյան նրբանցքում: «Ինչպես երևում է նշված վերանորոգված փողոցներից` ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվել են Վանաձորի բոլոր մասերում»,- հայտնել է Արսեն Դարբինյանը:

Թումանյան հրապարակը

Իր պաշտոնավարման 16 տարիներին նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանը սեփական շինարարական կազմակերպությունների միջոցով համայնքի բյուջեի եկամուտներից ամեն տարի 80-100 մլն դրամի փոսանորոգումներ է կատարել Վանաձորի փողոցներում: Ս. Դարբինյանի խոսքով` ներհամայնքային 200 կմ ճանապարհներից անկախության տարիներին կատարվել է 20 կմ ճանապարհի հիմնանորոգում:

Վանաձորցիները դժգոհում են անցած տարիներին վերանորոգված և չվերանորոգված ներհամայնքային բոլոր ճանապարհների անանցանելի վիճակից: Դժգոհությունը մեղմելու համար քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համայնքի բյուջեից այս տարի 100 մլն դրամ է հատկացրել Վանաձորի փողոցների փոսանորոգումների համար: «Ներհամայնքային ճանապարհների նորոգման համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից 100 մլն դրամ է տվել Լոռու մարզպետարանին, նախագահի հանձնարարությամբ 300 մլն դրամ էլ տալու է»,-հայտնեց քաղաքապետարանի ճարտարապետ և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը:

Տիգրան Մեծ փողոցը

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Ջանազյանի խոսքով` կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 100 մլն դրամով փոսանորոգումներ կկատարվեն Վարդանանց, Զոր. Անդրանիկի, Երևանյան խճուղի, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Մյասնիկյան, Նժդեհ, Ա. Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավորս 6 և Դեմիրճյան փողոցներում, Լոռու հրապարակից մինչև Նարեկացի փողոցի կամուրջն ընկած հատվածում: Սրանց նորոգման  նախագծահետազոտական ծախսերի համար արդեն հատկացվել է 9 մլն դրամ: «Նախագահի հանձնարարությամբ հատկացված 300 մլն դրամը դեռ տեղ չի հասել, հասնելուն պես այդ ծրագրի 70 տոկոսը կներդրվի Վանաձորի կենտրոնական փողոցների կապիտալ, իսկ 30 տոկոսը` ընթացիկ նորոգումների համար»,-ասում է Ա. Ջանազյանը:

Բազում փողոցը

Վանաձորի բյուջեի 100 մլն դրամով հունիսի 30-ին փոսանորոգումներ էին կատարվում Տիգրան Մեծ պողոտայում, Թումանյան հրապարակում, Թումանյան և դեպի շուկա գնացող Գրիգոր Լուսավորիչ, Բազում փողոցներում, Տիգրան Մեծից դեպի Մյասնիկյան փողոց իջնող ճանապարհներին: Ներհամայնքային ճանապարհների նորոգումների հին ավանդույթները Վանաձորում շարունակվում են: Վանաձորցիները նկատում են, որ ներհամայնքային ճանապարհների վերանորոգման ընթացքում որակ չի ապահովվել և չի ապահովվելու ո՛չ կապիտալ ասֆալտապատման և ո՛չ էլ փոսանորոգումների դեպքում: Հրատապ ծրագրի 196 մլն դրամ ներդրումով 2013թ. կապիտալ ասֆալտապատում է կատարվել Տիգրան Մեծ պողոտայում: Այն հրատապ ծրագրերով միակ կապիտալ վերանորոգման ենթարկված փողոցն է, որի ասֆալտի երկարակեցության համար Ա. Ջանազյանը 2014թ. հուլիսի 3-ին «Հետք»-ին տված հարցազրույցում 10-15 տարվա ժամկետ է երաշխավորել:

Տիգրան Մեծ փողոցը

Ասֆալտապատման ընթացքում պողոտայի ջրահեռացման խնդիրը չի լուծվել, հորդառատ անձրևներից այստեղ անձրևաջրերի լճակներ են գոյանում, չեն վերանորոգվել պողոտայի մայթերը, առանձին հատվածներում ասֆալտը համաչափ չի լցվել: Ասֆալտի մեծ կարկատանները պողոտայում ժամանակից շուտ սկսել են քայքայվել: Տիգրան Մեծ պողոտայում քաղաքապետարանը ամեն տարի փոսանորոգումներ է կատարում: Վանաձորցի Համլետ Սանթրոսյանը պատմեց, որ Տիգրանյան 3 փողոցը անցած 25 տարիներին երբևէ չի վերանորոգվել:

Տիգրանյան 3 փողոցը

«Այդ փողոցում մի հատ ահավորություն է, ուղղակի մեր երեխեքը չեն կարողանում խաղալ: Տաքսի ենք կանչում՝ վարորդները չեն գալիս: Նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հայրական տունը մեր հարևան փողոցում է: Երբ նա  գալիս էր իր հայրական տուն, տան հարող փողոցի փոսերը արագ նորոգում էին: Տ. Սարգսյանի հայրական տան հարող փողոցում դեռ պահպանվում են նրա պատվին արված ասֆալտի կարկատանները»,- պատմեց Համլետը:

Վերջինիս խոսքով` բոլոր ընտրություններին բնակիչներին խոստացել են վերանորոգել Տիգրանյան 3 և հարևան փողոցները, բայց ոչ մի բան չեն արել: «Հարկ ենք վճարում, ում համար ենք վճարում: Իսկ պատկերացրեք 1956թ.-ից Տիգրան Մեծ պողոտայում դեռ ասֆալտ կա, ոնց են մեր հարկերից  էդ 196 մլն դրամ փողը ծախսել: Բերում են ասֆալտի լատկեք անում, այսինքն` դա նշանակում  է 196 մլն դրամ գումար են ծախսում»,- ասաց Համլետը: Նա Վանաձորի քաղաքապետարանից պահանջում էր իրենց թաղամասի փողոցները գոնե մեկ անգամ նորոգել:

Համլետ Սանթրոսյանը

Ներհամայնքային փողոցների վերանորոգման մասին բացասական կարծիք հայտնեց վանաձորցի Վլադիկ Մարտիրոսյանը. «Տիգրան Մեծ պողոտայի մայթերի սալիկները տեղաշարժված են, մարդիկ գողանում են դրանք, իսկ տեր չկա»:

«Էս փողոցից դուրս եկեք, մտեք վերևի և ներքևի փողոցներ՝ էն Բազում, Դիմաց թաղամասեր, Ներսիսյան կամ Սովխոզ  թաղամաս կա, էդ թաղամասերում ընդհանրապես ճանապարհ չկա»,- ասաց վարորդ Գարիկ Պողոսյանը: Վաչո Գրիգորյանի խոսքով էլ` եթե Տիգրան Մեծ փողոցով մի ծանր մեքենա անցնի, կարա ընկնի թունելի մեջ: Վաչոն նկատի ուներ գետնանցումը: «Վանաձորի ճանապարհները միշտ էսենց եղել են, էսենց էլ կմնան»,- եզրակացրեց Վաչոն:

Տիգրան Մեծ փողոցը

«Մարքսի փողոց մտնեք` նույն  վիճակն է, դա շուկային հարող փողոցն է: Հրապարակից դեպի ավտոկայան գնացող ճանապարհը նույն վիճակում է: Ահավոր վիճակում է Բանգլադեշ թաղամասի Ներսիսյան փողոցը, Դիմաց թաղամասի սադի մոտի ճանապարհը, Շինարարների փողոցը: Ամեն տարի նույն փողոցների նույն փոսերն են լցնում»,- դժգոհեց Խաչատուր Սահակյանը:

Նախկին Կալինին, ներկայումս Ազատամարտիկների փողոցի (գլխավոր լուսանկարում) բնակիչ Սամվել Ղարախաշյանն ասաց, որ իրենց փողոցի վիճակը իշխանությունների դեմքն է: «Սրանք սրբությունը կորցրած մարդիկ են, խոստումներ են տալիս ու չեն անում: Թերթում էլ առանց ամաչելու գրել են, թե 80 մլն դրամ են ծախսել՝ մեր փողոցը սարքել են: Մայթ չկա»,- ասաց Սամվելը:

Սամվել Ղարախաշյանը

Ազատամարտիկների փողոցը, ըստ Արսեն Դարբինյանի, հրատապ ծրագրով վերանորոգվել է 2013թ.: «Վերցնում են շիբին ու քարեր են լցնում ու գնում են»,- բացատրեց Սամվելը: Նրա ասելով` շտապ օգնությունն էլ հիվանդին մինչև իրենց փողոցից տանում  է հիվանդանոց, հիվանդը կիսաուշաթափ է լինում: «Ես Վանաձորյան խճանկար» թերթում եմ կարդացել, որ մեր ճանապարհի վրա 80 մլն դրամ են ծախսել: Իրենք չգիտեն, որ իրենց ռումինացի կոմունիստ, նախագահ Նիկոլաե Չաուշենսկու ճակատագիրն է սպասվում»,- զայրացած ասաց Սամվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter