HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի «վաճառք» «Նուբարաշեն» սովետական բանտում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Սկսեցի բանտի ժամանակի 22-րդ տարվա հաշվարկը… բայց այս մասին չէ, որ ուզում եմ գրել, այլ նրա, որ դարձյալ մրցանակ եմ ստացել՝ մասնակցելով Սլավոնական համալսարանի կազմակերպած «Наш Пушкин» գրական մրցույթին: Գրել էի ռուսերեն պատմվածք, վերնագրել «Корабль Надежды»: Շնորհակալ եմ, որ ժյուրին գնահատել է նաև իմ աշխատանքը:

Իսկ հիմա գրեմ ամեն ամառ բանտարկյալների նկատմամբ կիրառվող յուրահատուկ խոշտանգման մասին:

Իմ հոդվածներից երևի ծանոթ եք, որ բանտախցերի դռների վրա կան փոքրիկ` մոտ 10 սմ х 20 սմ վրա դռնակներ, որոնք այստեղի լեզվով կոչվում են «վոլչոկ» կամ «կառմուշկա»: Որպես կանոն, դրանք օգտագործվում են հաց, ճաշ փոխանցելու համար, նաև բացվում են, երբ աշխատակիցները մոտենում են`ինչ-որ բան հաղորդելու-ասելու համար:

«Նուբարաշեն» սովետական բանտում առհասարակ չկա օդափոխության համակարգ, ամառվա տոթին, երբ ջերմաստիճանը 40°C և ավելի բարձր է, խցերում օդ չի լինում, մարդիկ հաճախ վատանում են: Իսկ երբ այդ փոքրիկ անցքը բացում են, սկսում է մի փոքր օդ խաղալ:

Ցմահներն ուղիղ տանիքի տակ են, իսկ ներքևի հարկերում, ընդամենը 20 քմ-ի վրա ապրում է մոտ 20 կալանավոր: Զարմանում եմ, որ մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեն ողողել իրենց գանգատներով այս խնդրի վերաբերյալ: Չէ որ ակնհայտ կերպով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է նման անմարդկային պայմաններում պահելը` խոշտանգում է, անձի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք ու պատիժ:

Նույնիսկ մահապատժի տարիներին ամառվա շոգին այդ դռնակները բաց էին թողնում, որ մարդիկ օդ շնչեն:

Հիմա ամեն տարի դատապարտյալները բողոքում են, խնդրում են, որ բաց թողնեն դռնակները, մի բուռ օդ խուց մտնի: Չեն բացում, ասում են՝ վերևից հրահանգ չկա: Չնայած կան նաև մարդ մնացած բանտապահներ, ովքեր իրենց խղճի ձայնը լսելով`բացում են վոլչոկները, բայց որոշակի ժամերի, որ հանկարծ որոշները չզեկուցեն:

Վերջապես բողոքների, դիմումների և միգուցե այլ գործոնների արդյունքում, արդեն ամառվա կեսին, կամ վերջում`վերևից մեծահոգաբար հրահանգ է լինում`բացել վոլչոկները: Եվ այսպես ամեն տարի`մի լավ տանջում են ամառվա շոգին, հետո նոր հրահանգում բացել:

Գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր. հրահանգից հետո`մինչև ուշ աշուն այդ դռնակները բաց են մնում: Խցում ցուրտ է լինում, հիմա էլ ասում ենք՝ փակեք, բայց պատասխանում են՝ դեռ հրահանգ չկա:

Կուզենայի հավատալ, որ դավադրության տեսության մեջ պետք չէ դիտարկել այս պրոցեսը, և որ վերևներում, իրենց հարմարավետ, օդափոխվող աշխատասենյակներում նստած պաշտոնյաները, պարզապես մոռանում են բանտարկյալներին օդ տալու մասին և միայն հիշեցնելուց հետո են ուշացումով արձագանքում: Բայց երբ ամեն տարի այս նույն պրոցեսը կրկնվում է, հասկանում ես՝ ինչ-որ մեկին ձեռնտու է դատապարտյալների նկատմամբ այս «խաղը»: 

Մեկնաբանություններ (1)

Լեյլի
Վայ Մհեր ջան ոնց եմ ափսոսում քեզ ինչքան անարժան մարդ կա այտ տանջանքներին արժանի բայց ցվոք քո նման արժանապատիվ մարդն է տանջվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter