HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կաշառակերությունը մեծ վերք է եւ պետք է շտապ բուժել

Հայկ Տեր-Մանուելյանը «Holland Knight» փաստաբանական ընկերության տերերից մեկն է: Ընկերությունը գրասենյակներ ունի ոչ միայն Միացյալ նահագներում, այլ աշխարհի տասնյակ այլ երկրներում: Ինքը՝ Տեր -Մանուելյանը, հայտնի փաստաբան է: Նա մեկն է այն չորս հայերից, ովքեր 1986թ. հիմնադրեցին Ամերիկայի հայկական համագումարը: Տեր-Մանուելյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել Բոստոնում հայապահպանության, հայ մշակույթը, պատմությունը ամերիկահայերին եւ օտարներին ներկայացնելու համար: Մեր զրույցը կայացավ Բոստոնի հայկական գրադարանի եւ թանգարանի շենքում /ALMA/: Թանգարանի ցուցանմուշները ներկայացնելով՝ Հ. Տեր-Մանուելյանը պատմում է իր ծրագրերի մասին.«Շատ ամերիկահայերի եթե հարցնես, թե Հայաստանը ուր է՝ Աֆրիկա՞ է, թե Հարավային Ամերիկա, չեն իմանում: Ամերիկացիներն էլ չեն իմանում: Եւ այստեղ ուզում եմ ունենանք այնպիսի ցուցանմուշներ, փաստացի նյութեր, որ մարդիկ գան եւ պատկերացում կազմեն հայերի եւ Հայաստանի մասին»: 

Ձեր կարծիքով, սփյուռքն ի՞նչ դեր ունի Հայաստանի կյանքում: 

Այս թանգարանը պապիկի պես մի բան պետք է դառնա գալիք սերունդների համար, որպեսզի հայությունը պահպանենք այստեղ, իսկ եթե ունենանք ուժեղ համայնք, մեծ պաշտպանություն կարող է բերել Հայաստանին: Ամերիկայի նախագահի, սենատորների բնավ հոգը չէ Հայաստանը: Նրանք մտածում են միայն քվե եւ դրամ ստանալու մասին, որ կարողանան ընտրվել: Ասում են՝ իբրե թե մենք` ամերիկահայերս, մեծ լոբբի ունենք այս երկրում: Սակայն դա «Նյու Յորք Թայմսն» է գրում: Սխալ է, այդպես չէ: Գաղութը բնավ հարաբերություն չունեցավ կառավարության հետ: Ճիշտ է, ունենք հայտնի իրավաբաններ, բժիշկներ, բայց կառավարության մեջ մարդ չունենք, լոբբի բնավ չկա: Քանի որ մենք լոբբի ենք անում դրամը հավաքելու եւ Հայաստան ուղարկելու համար, գաղութը այստեղ ուժ չունի: Մեկ վայրկյանում Թուրքիան կարող է Հայաստանը վերացնել, բայց նաեւ այստեղի գաղութն է պատճառը, որ չի վերացնում: Մենք այստեղ եթե ապահով ենք, նշանակում է Հայաստանն էլ է ապահով: Ամերիկայի գաղութը շատ կարեւոր է Հայաստանի համար: Այն ամենահզոր գաղութն է: Իսկ Ամերիկան, ինչպես գիտեք, ամենաուժեղ երկիրն է: 

Հիմա, Ձեր ասելով, լոբբիստական աշխատանքները թուլացե՞լ են: 

Պայմաններն են փոխվել սեպտեմբերի 11-ից հետո: Բոլորի ուշադրությունը ուղղվել է հակաահաբեկչական գործողություններին: Ես ինքս Բուշի օգնականներին ատում եմ, որովհետեւ Թուրքիայի բարեկամներն են: Նրանք միշտ օգնում են Թուրքիային: Եւ այս հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովն էլ շատ սխալ ժամանակ ստեղծեցին, շատ վնասներ տվեց, որովհետեւ ժամանակը այնչափ հարմար էր մեզ համար, եւ ամեն բան հետաձգվեց, որովհետեւ իբր թե նրանք պետք է լուծեն հարցերը: 

Բայց չէ՞ որ Հայկական համագումարն էլ մասնակցեց դրա ստեղծմանը: 

Վան Գրիգորյանը անդամ էր Հայկական համագումարի, եւ դա խենթություն էր: Եթե ես այնտեղ լինեի իբրեւ պաշտոնյա, չէի համաձայնի: Որովհետեւ եթե նույնիսկ լավ գաղափար է, ապա ձախողելու դեպքում մեր կազմակերպությանը վնաս կբերի: Խենթություն է, այդ կոմիտեի անդամը եղավ ատենապետը: Բայց արդեն հակառակ էի ես, եւ ամեն բան արգելք եղավ: Սեպտեմբերի 11-ից հետո մեր դիրքերն ավելի վատացան: Իսկ Հայաստանի ընտրությունների խարդախությունը ավելի դժվարացրեց մեր աշխատանքը: 

Ինչո՞վ ազդեցին ընտրությունները: 

Երբ մենք ասում ենք Հայաստանը դեմոկրատական է դարձել եւ բարեկամ է Ամերիկային, Թուրքիայից կգան եւ կասեն՝ այդ երկրում դեմոկրատիա չկա: Միջազգային այդ խումբը տեսել է եւ վկա է, որ ընտրություններին խարդախություններ են եղել: Իսրայելը կվճարի իր լոբբիներին, որ գան Կոնգրեսին ասեն, թե Հայաստանը գեշ տեղ է, որովհետեւ այսպիսի բաներ են լինում, կաշառք են վերցնում եւ այլն: Դա շատ մեծ դժվարություններ կտա մեզ, որովհետեւ պատճառ է դառնում, որ մերժեն մեր դիմումները: Եւ այսպիսի բաների պատճառով մերժում են: 

Սփյուռքահայերի հետ երբ խոսում եմ, բոլորն էլ ինչ-որ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում լավ չէ, չեն կարողանում գործ դնել, բիզնես անել: Դուք 30 անգամ եղել եք Հայաստանում, դուք է՞լ եք այդպես մտածում: 

Շատերը քծիպ են, իրենց դրամները չեն ուզում ծախսել, պատճառ են գտնում: Շատերն ակնկալում են, որ երբ գնան Հայաստան, տներն ավելի կոկիկ պետք է լինեն: Բայց եթե գնաս այնտեղ, կտեսնես, որ բոլոր հարստությունն է այնտեղ: Բնությունը, թանգարանները, մարդիկ: Աշխարհը չգիտի այդ մասին: Հայաստանը գեղեցիկ տեղ է, ժողովուրդը տաղանդավոր է, համակրելի: Բայց իսկապես Հայստանում բիզնես անելը շատ դժվար է, որովհետեւ չես կարող ակնկալել, թե ինչ պահանջներ կդնեն վաղը, մյուս օրը, եթե դրամներն այնտեղ ներդնես: Այդ դրամը կորուստ պիտի լինի, չես կարող դիմանալ: 

Ինչու՞ պիտի կորուստ լինի: 

Որովհետեւ այդպես է. կաշառքներ, օրենքներ, այնպիսի վիճակ են ստեղծում, որ անհնար է: Մի օրինակ բերեմ: Հնագետները պեղումներ էին անում Հայաստանում եւ հին իրեր հայտնաբերեցին: Այստեղից մի պրոֆեսոր էր մասնակցում դրան: Պայմանավորվեցինք մի քանի ցուցանմուշներ բերենք այստեղ, ցուցահանդես կազմակերպենք եւ նորից վերադարձնենք: Ես այնտեղ էի, այդ պրոֆեսորի հետ աշխատողներն իմ սենյակ բերեցին այդ ցուցանմուշները եւ ասացին, որ այս իրերը պիտի տանեմ: Ասացի՝ այդպես չի լինի, պետք է գաք օդանավակայան, որովհետեւ հնարավոր է այնտեղ չթողնեն: Ասացին, թե բոլոր թղթերը պատրաստ են, լուսանկարներով, կնիքներով, կառավարության թույլտվությամբ: Առավոտյան օդանավակայան բերեցին այդ իրերը, այդ թղթերը ներկայացրեցինք, բայց չթողեցին բերենք ցուցանմուշները: Մենք այստեղ պայմանավորված էինք, ամեն ինչ ձախողվեց, նույնիսկ կառավարության թույլտվությամբ չկարողացանք այդ նմուշները որոշ ժամանակով բերել այստեղ: Այսպիսի բաներ են պատահում, եւ ի՞նչ պիտի անես, այս երկրում եթե այդպիսի բաներ պատահեն, փաստաբան կվարձես եւ կմտնես դատարան: Գիտես, որ այս երկրում դատավորները կաշառքով չեն, ոստիկանները կաշառք չեն վերցնում: 

Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է փոխենք երկիրը: 

Այս երկրում եթե այդպիսի բաներ են լինում, լրագրողները սկսում են գրել, գրել, հետո օրենքներ ընդունեցին, եւ երկիրը կամաց-կամաց փոխվեց: Լրագրողները պետք է գրեն, փաստաբանները պետք է պայքարեն: Հայաստանում, իհարկե, օրենքներ կան, բայց ուշադրություն չեն դարձնում դրանց վրա: Դատավորները դրամը գրպանն են դնում, այդպես ոչնչի չենք հասնի: Սփյուռքը այստեղից ոչինչ չի կարող անել, Հայաստանի ժողովուրդը դա պետք է անի: 

Եթե այստեղի հարուստ հայերը, ովքեր ուզում են Հայաստանում ներդրում անել, ձեզանից խորհուրդ են հարցնում, Դուք ի՞նչ եք ասում:

Դա տարբեր է, երբ որպես փաստաբան գան ինձ հարցնեն, ես պետք է ճշմարտությունը ասեմ: Խորհուրդս այսպիսին է լինելու՝ եթե ներդրում ես ուզում անել այնտեղ, դրամը փողոցը նետիր, նույն բանը պիտի լինի: Եթե կուզես բարեգործություն անել մանկատներին, ինչ-որ շենքեր կառուցելուն, նվիրիր, բայց իբրեւ ներդրում, Հայաստանում մի կատարիր: 

Բայց պետք է չԷ՞, ի վերջո, անել այնպես, որ մարդիկ վստահեն, ի՞նչ ճանապարհներ կան, ինչպե՞ս հասնենք դրան: 

Եթե հարուստներն ուզում են ներդրում անել եւ կորցնել դրամը, թող անեն: 

Այդ դեպքում ինչու՞ դուք Հայաստանում մի գրասենյակ չեք բացում սփյուռքահայ գործարարների շահերը պաշտպանելու համար: 

Հայաստանում չես կարող պաշտպանել: Ինչպե՞ս պիտի պաշտպանես: Այստեղ եթե վեճ է լինում, տնտեսական դատարան ենք գնում: Հայաստանում եթե դատարան դիմես, մեկը կգա կասի 10 հազար դոլար տուր ես քո ուզածը կանեմ: Այդ դատարան չէ: 

Երբ գնում եք Հայաստան եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ եք հանդիպում, այս թեմաներով չե՞ք խոսում նրանց հետ: 

Գիտես, երբ խոսում եմ, իմ խոսքին կարեւորություն չեն տալիս, որովհետեւ ես հարուստի մեկը չեմ: Մանուկյանը հարուստ է, Քըրքորյանը հարուստ է, Մուգարը հարուստ է, Հովնանյանը հարուստ է: Եթե հարուստ ես, ինչ որ կուզես, կանեն, օրենքով կամ ոչ օրենքով: Երբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսում եմ, նրանք քաղաքավարի լսում են, բայց ուշադրություն չեն դարձնում, եւ նախարարները, որ ավելի մեծ դիրք ունեն, բնավ խելք չունեն, կամ էլ խելք ունեն, բայց ականջները գոց են: Իրենք մեզ կվերաբերվեն որպես թշնամի: 

Ես չեմ կարծում, թե նման վերաբերմունք կա: Իսկ ինչպե՞ս է դա արտահայտվում: 

Նախարարները՝ այո: Ինչ որ ասում ես, «ոչ» են պատասխանում, առանց լսելու.ոչ,ոչ, ոչ: 

Իսկ Հայաստանում ամենաշատը ի՞նչը դուր չի եկել Ձեզ: 

Կաշառակերությունը: Ես սիրում եմ Հայաստանը, երբ օդակայանում իջնում եմ, ուրախությունից սկսում եմ երգել, երջանիկ եմ զգում: Ես սիրում եմ Հայաստանի ժողովրդին: Կաշառակերությունը մեծ վերք է եւ պետք է շտապ բուժել: 

Իսկ ինչպե՞ս եք դուք տեսնում փոփոխությունների ճանապարհը: 

Նախ պետք է ստեղծվեն խմբեր, որ փոխեն կառավարության այս կամ այն քաղաքականությունը, նախարարների հրաժարականը պահանջեն, որ կառավարությունն այլեւս նման բաներ չանի: Մամուլի ազատությունը ամենակարեւոր բանն է Հայաստանում: Պետք է այդ ամենի մասին գրվի: 

Բայց մամուլն ազդեցություն չունի, հրապարակված փաստերին գրեթե ուշադրություն չեն դարձնում: 

Ժամանակը կգա, կազդի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter