Չորեքշաբթի, 26 հուլիսի

Ինչ ազդեցություն կարող են ունենալ բեկումնային տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության վրա



Բեկումնային տեխնոլոգիաների որոշ կիրառություններ կարող են ապահովել տարեկան մոտ 220 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում: Նման եզրահանգման են եկել «Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույց»-ի հեղինակները։ Զեկույցը կրում է «Մեր դերը Չորրորդ արդյունաբերական հեղափոխության մեջ» խորագիրը։ Հեղինակներն են «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը։

Զեկույցի բաժիններից մեկը նվիրված է բեկումնային տեխնոլոգիաներին։ Բեկումնային տեխնոլոգիաներ ասելով՝ նկատի է առնվում արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունն ու անօդաչու թռչող սարքերը, բլոկ-շղթա տեխնոլոգիաները, ամպային տեխնոլոգիաները, եռաչափ տպագրությունը, հաջորդ սերնդի գենոմիկան ու իրերի համացանցը։

Ըստ զեկույցում տեղ գտած գնահատականի՝ բեկումնային տեխնոլոգիաների պոտենցիալ ազդեցությունը բավականին բարձր է, սակայն հիմնականում կախված է տեղական տնտեսության կլանման ունակությունից:

«Նոր տեխնոլոգիաները կարող են զգալի ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Այդ ազդեցության բնույթը մեծապես պայմանավորված է նաև հիմնական տնտեսական շահառուների, այդ թվում` բիզնեսների և կառավարության նախաձեռնություններից: Հայաստանի համար բացվում են նոր հնարավորություններ հայկական բիզնեսների միջազգայնացման, ինչպես նաև Հայաստանը համաշխարհային շուկաների համար լուծումներ առաջարկող հարթակ դարձնելու ուղղություններով: Նշանակալի հնարավորություններ են բացվում նաև տեղական բիզնեսների համար: Նոր տեխնոլոգիաները` թե՛ մեքենայական ուսուցումը, թե՛ մեծ տվյալների վերլուծությունը և թե՛ իրերի համացանցը, կարող են տարբեր ոլորտներում ավելացնել տեղական բիզնեսների արտադրողականությունը, ինչպես նաև` բոլորովին նոր արժեքի ստեղծման աղբյուր դառնալ սպառողների համար»,- նշված է զեկույցում։

«Հայաստանի 2017թ. ազգային մրցունակության զեկույց»-ը բավականին ծավալուն է: Փորձել ենք համառոտ ներկայացնել հեղինակների գնահատականները, թե ինչ չափով կարող են բեկումնային տեխնոլոգիաներն ազդել Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև՝ այդ տեխնոլոգիաների գլխավոր գործառույթները։

Հեղինակները նշում են, որ  թեև այս վերլուծությունը չի հավակնում ցույց տալ հնարավոր ազդեցության ամբողջական շրջանակը, սակայն պատկերացում կտա պոտենցիալ ազդեցության չափի, ինչպես նաև՝ այդ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ քայլեր կատարելու հրատապության վերաբերյալ. «Մեր գնահատումները ցույց են տալիս արժեքի ավելացման ներուժը: Այնուամենայնիվ, այդ արժեքի փաստացի ստեղծումը կախված կլինի տնտեսության կլանման կարողությունից»։

Արհեստական բանականությունը

Արհեստական բանականություն եզրույթով բնութագրվում են խելացի կերպով գործող համակարգիչներն ու մեքենաները։

Ընկերություններում պաշարների կառավարման խելացի համակարգերի կիրառումը արհեստական բանականության կիրառման օրինակներից է: Հայկական ընկերություններում լոգիստիկայի բացերը պաշարների կառավարումն էլ ավելի սուր խնդիր է դարձնում: «Ողջ տնտեսության մեջ պաշարների մակարդակի 7%-ի կրճատման դեպքում ընկերությունները կարող են ազատել մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող շրջանառու կապիտալ, որի դեպքում հնարավոր է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական ծախսերի խնայողություն»,- եզրակացրել են հեղինակները:

Բլոկ-շղթա տեխնոլոգիաները

Այս տեխնոլոգիան հաճախ համարվում է 21-րդ դարի կարևորագույն հայտնագործություններից մեկը։ Այն մասնակիցների միջև իրականացված գործարքների կամ այլ թվայնացված հարաբերությունների ամբողջական գրանցումների բաշխված գրանցամատյան է: 

Հայաստանի ֆինանսական համակարգի հարաբերականորեն հասուն լինելու շնորհիվ, ըստ զեկույցի, բլոկ-շղթայի ներուժը սոսկ տեսական հնարավորություն չէ, հատկապես եթե ոլորտը պետք է ընթանա համաշխարհային միտումներին համահունչ: Կարճաժամկետ կտրվածքով կիրառման լայն հնարավորություններ կան փողերի լվացման դեմ պայքարի գործընթացում, ինչպես նաև՝ վճարման համակարգերում:

Հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա` բլոկ-շղթա տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի ֆինանսական հաստատությունների գործառնական ծախսերի շուրջ 20%-ով կրճատելու ներուժ ունի: Դա համարժեք է տարեկան 45 միլիոն ԱՄՆ դոլարի ծախսերի խնայողության:

Ռոբոտաշինությունն ու անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)

Ռոբոտաշինությունն ընդգրկուն եզրույթ է. այն  նկարագրում է տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն են ընձեռում նախագծել և արտադրել տարատեսակ կիրառությամբ ռոբոտներ` համադրելով տարբեր մեքենաներ, գործիքներ և համակարգիչներ: Այս ոլորտը սերտորեն կապված է արհեստական բանականության հետ։

Ըստ տարբեր գնահատականների՝ զարգացող երկրներում 2025 թվականին արդյունաբերական աշխատուժի աշխատանքների մինչև մոտ 10%-ը կարող է արդյունավետորեն ավտոմատացվել: Այս համեմատությունից բխող գնահատումներով, ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանի այն արդյունաբերական ընկերությունները, որոնք արտադրական ռոբոտներ կներդնեն, կարող են ունենալ մինչև 35 միլիոն ԱՄՆ դոլարի ծախսի կրճատում:

Իրերի համացանցը (IoT)

Իրերի համացանցը վերաբերում է ֆիզիկական իրերի փոխազդեցության ցանցին` ներդրված սենսորների, ակտուատորների և այլ սարքերի կիրառման միջոցով, որոնք հավաքագրում կամ փոխանցում են իրերի մասին տեղեկություններ: Այս սարքերի միջոցով հավաքագրված տվյալներն այնուհետև ենթարկվում են վերլուծության` ապրանքները, ծառայությունները և գործառնություները օպտիմալացնելու նպատակով:

Զեկույցում նշվում է, որ թեև իրերի համացանցի լուծումների կիրառումից առավելագույն օգուտ կքաղեն արդյունաբերական և արտադրական բարդ համակարգեր ունեցող երկրները, որոշ հայկական ընկերություններ նույնպես կարող են բարելավել իրենց գործառնությունները և ֆիզիկական ակտիվներից շատ ավելի օգուտ ստանալ: 

Ըստ գնահատման՝ իրերի համացանցի տեխնոլոգիաները կարող են խոշոր տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի էներգետիկայի ոլորտում. ընկերությունները կարող են օգուտ քաղել խնայողությունից, որը սարքավորումների պահպանման պարագայում կարող է կազմել 2.5-5%:

Իրերի համացանցի տեխնոլոգիաների տարածումը կարող է լուծումներ առաջարկել Հայաստանի կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հիմնական կարիքների համար` բարելավելով արտադրողականությունը և ենթակառուցվածքների կառավարումը: Էլեկտրականության խելացի ցանցային համակարգերը, ջրի և գազի մատակարարման ցանցերը տիպիկ օրինակներ են։

Այս տեխնոլոգիաների որդեգրմամբ կոմունալ ծառայությունների մատակարարները կարող են բարձրացնել արդյունավետությունը` մինչև 50%-ով կրճատելով կորուստները, ինչը Հայաստանի պարագայում կբերի տարեկան միջինում մինչև 60 միլիոն ԱՄՆ դոլարի խնայողության:

Այլ կիրառումներ

Գոյություն ունեն մի շարք տեխնոլոգիաներ, որոնք գործում են արդեն իսկ տևական ժամանակ և, ըստ էության, բեկումնային չեն, սակայն զգալի ազդեցություն ունեն բազմաթիվ ոլորտների արտադրողականության բարձրացման վրա: Օրինակ` գյուղատնտեսությունը կարող է օգուտ քաղել «ճշգրիտ գյուղատնտեսության» (precision agriculture) և կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներից:

Տնտեսության վրա հնարավոր ամենամեծ ազդեցությունն, ըստ զեկույցի, կարող է ունենալ վերականգնվող էներգետիկայի տարածումը. «Հայաստանն իր կլիմայի և աշխարհագրության շնորհի համապատասխան կարողություն ու հնարավորություն ունի կիրառելու արևային էներգետիկայի տեխնոլոգիաները»:

լուսանկարը` pexels.com


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ