Երեքշաբթի, 26 սեպտեմբերի

Առողջապահությունը Հայաստանի և Վրաստանի ազատազրկման վայրերում



Ինչ է արվում քրեակատարողական համակարգում, որպեսզի բանտերից հասարակություն վերադառնան ֆիզիկապես ու հոգեպես առողջ քաղաքացիներ:

Ազատազրկման վայրերում բժշկական սպասարկման ոչ բավարար ծառայության մասին մշտապես ահազանգում են բանտարկյալները, նրանց հարազատները, իրավապաշտպան կառույցները, ՄԻ պաշտպաններն՝ իրենց զեկույցներով, ինչպես նաև ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն:

ՄԻՊ վերջին զեկույցում կարդում ենք. «Որոշ ՔԿՀ-ներում ատամնաբուժական ծառայություններ չեն մատուցվում: Դատապարտյալներն իրենց հաշվին հրավիրում են իրենց նախընտրած բժշկին... «Գորիս», «Սևան», «Արմավիր» ՔԿՀ-ներում ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման ընթացքը որոշվում է հոգեբույժի հետ հեռախոսով խորհրդակցելով, որպիսի պրակտիկան անընդունելի է: Բժշկական հաստիքները հաճախ ոչ բավարար են, շուրջօրյա բժշկական օգնության հարցը ևս բաց է»:

ՄԻ պաշտպանի գրասենյակը նաև արտահերթ զեկույց է հրապարակել, որը վերաբերում է հենց ազատությունից զրկված քաղաքացիներին տրամադրվող բուժօգնությանը: Այն ներկայացրեց պաշտպանի խորհրդական Նինա Փիրումյանը՝ «Առողջապահությունը ՔԿՀ-ներում, Հայաստանի և Վրաստանի փորձը» կլոր սեղանի ժամանակ: Այն կազմակերպվել էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի և Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության կողմից:

Հայաստանի իրավիճակը

Այս տարվա սկզբին Կառավարությունն ընդունել է արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման ծրագրի հայեցակարգը: Այն ներկայացրեց Աարդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը:

«Հետքը» ծանոթացավ այս՝ բավականին հավակնոտ ծրագրի հայեցակարգին, որտեղ վեր են հանվել այդ դաշտում առկա խնդիրներն ու նախանշվել լուծման մեխանիզմները:

Այսպես՝ արձանագրվել է, որ Հայաստանի ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում է ապահոված ստոմատոլոգիական ծառայությունը: Ատամնաբույժի հաստիք առկա չէ «Երևան-Կենտրոն», «Վանաձոր», «Հրազդան», «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Այս խնդիրն արձանագրվել է նաև ԽԿԿ-ի Հայաստան կատարած այցերի շրջանակներում կազմված զեկույցներում:

Հայեցակարգում արձանագրվել է նաև, որ յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի առողջության առաջնային պահպանման բաժնում առնվազն մեկ ընդհանուր մասնագիտացմամբ բժշկի առկայության ապահովումը ևս հանդիսանում է ոլորտի առաջնահերթ կարգավորման ենթակա խնդիրներից:

Նշված է, որ ՔԿՀ-ների բժշկական սարքավորումները գրեթե ամբողջապես ենթակա են փոխարինման, քանի որ մաշվածության հետևանքով վերջիններիս միջոցով որակյալ բուժօգնություն տրամադրել հնարավոր չէ: Անհրաժեշտ է նաև բժշկական օգնության տրամադրման համար հատկացված սենյակների վերանորոգում: Բանտերի առողջության առաջնային պահպանման բաժինների նյութատեխնիկական խնդիրները առաջիկայում կլուծվեն, նախատեսվում է 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի համար ձեռք բերել ժամանակից պարագաներ և սարքավորումներ:

Քրեակատարողական համակարգում երկրորդային մակարդակի բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որը Հայաստանի քրեակատարողական համակարգում իր տեսակի մեջ միակ նման հաստատությունն է: Հիվանդանոցը ընդունում է միայն արական սեռի անձանց, իսկ ազատությունից զրկված կանայք և անչափահաս անձինք բուժվում են քաղաքացիական հիվանդանոցներում: Հիվանդանոցը ունի 424 մահճակալ: Հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն, հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը:

Տարիներ շարունակ մի քանի քրեակատարողական հիմնարկներում ամենօրյա բժշկական օգնությունը տրամադրվում էր բուժքույրերի կողմից և ըստ անհրաժեշտության, առողջության առաջնային պահպանման շրջանային կենտրոնից կանչվում էր ընտանեկան բժիշկ, այնինչ համաձայն ՄԱԿ-ի «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն կանոնների»` «Յուրաքանչյուր հաստատությունում պետք է առնվազն լինի մեկ որակավորված բուժաշխատող:

Նման հավակնոտ ծրագիր ներկայացրել ու իրականացնում է Վրաստանի ուղղման նախարարությունը 2012 թվականից: Այս մասին իրենց փորձ կիսեց նախարարության ներկայացուցիչ Նանա Դեյսաձեն: Նա ընդգծեց, որ իրենց ծրագրում գերակա ճանաչվեց քրեակատարողական հիմնարկների բուժծառայության բարելավումը:

Նանա Դեյսաձեն

Վրաստանից ժամանած պաշտոնյան պատմեց, որ սկսել են կարիքների գնահատումից՝ Կարմիր խաչի հետ համատեղ: Բարեփոխման շարժիչ ուժն է դարձել քառամյա զարգացման ծրագիրը:

Նախ առանձնացվել են բանտային ու առողջապահական ծառայությունների մատուցման թերությունները, բացերը, ձևակերպել են ելակետային վիճակը: «Ազգային ստանդարտներ ու կարգավորումներ չունեինք, որոնք վերաբերում էին բանտերում բուժծառայությունների մատուցմանը, բավարար չէին բժշկական ծառայողները: Մեկ բժիշկ ու բուժքույր, 24 ժամ հերթապահ, ընդունվելուց բուժ զննություն չէին անցնում, ատամնաբուժական սենյակներ չկային, լիցենզավորված դեղատներ չկային: Հոգեկան առողջություն, ատամնաբուժություն և ինֆեկցիոն հիվանդություններ. դրանք ամենախնդրահարույց էին»,- ասաց Նանա Դեյսաձեն:

Առաջնային բուժօգնության նոր մոդելը 2014-ին ներդրվել է Վրաստանի բոլոր՝ 13 բանտերում: Ընդհանուր առմամբ, Վրաստանում կա 15 ՔԿ հիմնարկ, 2-ը վերականգնողական են, 13-ում բժշկական ստորաբաժանումներ կան: Ամենամեծ բանտում 9 բժիշկ է աշխատում, իսկ մյուսներում մեկ բժիշկ, մեկ բուժքույր: Բացի այդ, քաղաքացիական հիվանդանոցների շուրջ 53 նեղ մասնագետներ պայմանագրեր են կնքել բանտարկյալներին բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ներդրվել է անհատական բժշկական գործերի հավաքագրման համակարգը: Այժմ բոլոր բանտերն ունեն ատամնաբուժական սենյակներ: Մարմնական վնասվածքների արձանագրումներն ամենայն մանրամասնությամբեն կատարվում` ըստ Ստամբուլյան արձանագրությունների:

Վրաստանի բանտերում կա 9500-10000 դատապարտյալ և կալանավոր. «2011-ից այդ թիվը կարողանում ենք պահել: Իսկ 2011-ին 24500 բանտարկյալ ունեինք»,- ասում է Վրաստանի պաշտոնյան:

Նվազել են նաև բանտային մահացությունները. 2011-ին 61 քաղաքացի է մահացել բանտում, իսկ 2016-ին՝ 17:

«ԵԽ-ից եկած մասնագիտական թիմի համար տպավորիչ էին մեր բարեփոխումները 5 տարիների ընթացքում»,- հպարտացավ Նանա Դեյսաձեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ