HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդվի, Մղարթ–ոսկու հանք, թե՝ չար երազ

Արդվի գյուղն իմ ծննդավայրն է, ուր ես այցելում եմ պարբերաբար: Այդ իսկ պատճառով մեծ հետաքրքրությամբ ու անհանգստությամբ կարդացի «Հետքի» հոդվածը՝ գյուղի տարածքում ոսկու պաշարների հետազոտման ու հնարավոր հանքաբացման մտադրության մասին:

Լավատեղյակ լինելով թե տեղանքի առանձնահատկություններին, թե շրջակա բնակչության ապրելակերպին, ես չեմ կարող իմ նախազգուշացումը եւ խոր մտահոգությունը չարտահայտել այն անդառնալի ու աններելի վնասների մասին, որը կպատճառվի շրջակա բնությանն ու բնակչությանը, այդ մտադրության իրականացման դեպքում, որից ամենադառը բաժինը Արդվի գյուղին պիտի հասնի:

Բավական է նայել տեղանքի ֆիզիկական քարտեզին պատկերացնելու համար թե ինչ է կատարվելու հանքի շահագործման հետեւանքով, ապառի բաց արդյունահանման եղանակով, որն ըստ ամենայնի, հենց այդպես էլ կատարվելու է:  Բացատրությունը շատ պարզ է: Բանն այն է, որ տվյալ տեղանքը ժամանակին լուրջ հետազոտված է (60 ական թվականներին) եւ հաստատված է բազմամետաղային պարունակությունը, սակայն ոչ բավարար խտությամբ՝ արդյունահանման նպատակներով օգտագործելու համար (Տես՝ այստեղ )։

Իսկ սա նշանակում է, որ այնտեղ ոսկի կա, սակայն շատ նոսր է ու ցրված: Որեւէ նշանակալից քանակի խտանյութ ստանալու համար հարկավոր է տեղափոխել, աղալ ու լվանալ մեծաքանակ ապառ: Այսինքն տեղի պիտի ունենա տեղանքի զգալի ամայացում, մի վայրոմ, եւ մի այլ վայրում (որտեղ բավարար ջուր գտնվի) պոչանքային զգալի կուտակում, այստեղից բխող հայտնի «բարիքներով»։ 

Շրջակա գյուղերի (Օձուն, Արդվի, Մղարթ, Այգեհտ, Հովհանաձոր, Կողես, Յաղդան) հիմնական զբաղմունքն ու ապրուստը անասնապահությունն է, որն այդ սարալանջերի արոտավայրերի ու խոտհարքների բազայի վրա է հիմնված, որի մի զգալի մասը ոչնչանալու կամ աղտոտվելու է հիմա:  Եթե հաշվի առնենք նաեւ որ տեղանքը խիստ զառիթափ, լեռնային է՝ հանքավայրը գտնվում է բարձունքում, իսկ գյուղերն ստորոտում, եւ որ գյուղերը հեռու են մագիստրալային ջրագծերից (բացի Օձունից եւ Այգեհատից) ու իրենց սակավ խմելու ջուրն ստանում են հենց այդ լեռնագագաթից սկիզբ առնող աղբյուրներից՝ ապա լիովին պարզ կարող է լինել թե նրանց կյանքն ինչքան պիտի ,,քաղցրանա,,՝ նաեւ խմելու ջրից զրկվելու հետեւանքով:

Այս ամենը մի անեւրեւակայելի չար երազ է թվում, որովհետեւ եթե դա իրականություն դառնա, ապա ինձ համար գոնե գրեթե կասկածից վեր է, որ Լոռվա հազարամյա, ինքնատիպ մի քանի չքնաղ գյուղերը կվերանան երկրի երեսից:

Հիմա թույլ տվեք անդրադառնալ նաեւ հարգելի Ք. Աղալարյանի հոդվածի մի քանի լրացումների: Նախ նա նշում է, որ խնդրո առարկա տարածքում առանձնապես կարեւոր – արժեքավոր կենսատեսակներ չկան (լեռնային գորտից, մողեսներից ու մորեխներից բացի:) Սակայն, դա փոքր ինչ այդպես չէ՝ այդ անտառներում կան դարավոր կաղնիներ ու հաճարենիներ, եւ անտառն ինքը փակ արգելանոցի կարգավիճակ ունի: Այնտեղ հանդիպում են աշխարհում հազվագյուտ համարվող վարդագույն փայտով կաղնին, ինչպես նաեւ փոքրաթիվ թեղիներ (որը կարմիր գրքի մեջ է): Կենդանական աշխարհից պետք է նշել՝ աղվես, նապաստակ, փորսուղ (барсук), նաեւ կզաքիս (куница), (որը երբեմն հավանոցներ է այցելում:)

Եվ բոլորովին չի նշվում տարածքի պատմամշակույթային նշանակության մասին:

Մինչդեռ Արդվի գյուղից մի փոքր վեր՝ հնարավոր հանքավայրից ընդամենը մի քանի հարյուր մետր ներքեւում են գտնվում 3 - 4 րդ դարերի գերեզմանոց՝ հրաշալի բազմագույն խաչքարերով: Այնտեղ է գտնվում նաեւ սբ. Հովհան Օձնեցու եկեղեցին (7 - րդ դար), որտեղ թաղված է ինքը կաթողիկոսը: (Տես վերը:) Սարի հակառակ կողմին եւս հինավուրց մատուռներ կան: Վերջապես Շեկ աղբյուրն ինքնին մի հանելուկային պատմական հուշարձան է, անհայտ ժամանակներից՝ գործող աղբյուր է գրեթե սարի գագաթին, կավե խողովակներով եւ միակտոր բազալտից փորված մեծ գուռ - նավերով՝ անասունների խմելու համար:

Եւ այս բոլորը կարող են ավերվել ու ապականվել, ընդամենը երկու ամսվա գրանցում ունեցող եւ բոլորովին նման աշխատանքի փորձ չունեցող մի նորելուկ կազմակերպության կողմի՜ց: Այս ամենն ակներեւաբար, տեղի է ունենում հարգելի պատգամավոր Վ. Բաղդասարյանի գիտությամբ ու բարձր հովանավորչությամբ (դա երեւում է հոդվածից:) Որքա՞ ն կարող են գնահատվել ուրեմն այս նշված ու չնշված նյութական ու ոչ նյութական արժեքները: Կամ ո՞ վ կարող է այդ բոլորը գնահատել: Հոդվածում նշվում է որ ՇՄԱԳ է եղել: Ո՞ վքեր եւ ի՞ նչ հիմնավորումներով են նման թույլատվություն տվել:

Թեղուտի ներկա ավերածությունը, Մղարթի արդեն սպառված ու լքված ոսկու մյուս հանքը միթե աչքներիս առջեւ կատարված բավարար դասեր չե՞ ն:

Ես այլ ելք չեմ տեսնում այսպիսի հնարավոր ավերիչ գործնեության դեմն առնելու համար, բացի նշված գյուղերի բնակչությանը հորդորելուց, որ լավ կշռադատեն իրենց անելիքը եւ ամեն հնարավոր միջոցներով տեր կանգնեն իրենց հողին ու ապագային: Կարեւոր է գիտակցել իրենց տեր լինելը եւ չխաբվել բիրդան աղաների ժամանակավոր ողորմություններից ու սին խոստումներից:

 Դիմում եմ մեր բնապահպան ակտիվիստներին՝ գյուղացիներին օգնելու կոչով եւ

  Խնդրում եմ միանալ՝

 ՎՃՌԱԿԱՆ ՈՉ ԱՍԵՆՔ ԱՎԵՐԻՉ ԾՐԱԳՐԻՆ

 Կիրակոսյան Գեւորգ (Արդվի) 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter