HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պաղպաղակ՝ բուսական յուղով․ 8-ից միայն 3-ն են համապատասխանում նորմերին

Ամռանն ամենաշատ վաճառվող և սպառվող սննդատեսակներից մեկը պաղպաղակն է ։

Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել 8 արտադրողի «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որոնցից միայն 3-ն են համապատասխանել սահմանված նորմերին և չեն պարունակել բուսական յուղ։

Սակայն այդ 3-ում էլ եղել են անհամապատասխանություններ՝ յուղի փաստացի և իրական պարունակության մեջ, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է։

 

 

Ո՞րն է իսկական պլոմբիրը

Թե ինչպիսին պետք է լինի իսկական պլոմբիրը, սահմանված է «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկակաան կանոնակարգում։ Այս կանոնակարգին պետք է հետևեն թե՛ ԳՕՍՏ-ով և թե՛ ՏՊ (տեխնիկական պայմաններ)-ով պլոմբիր արտադրող բոլոր ընկերությունները։

Այն ամբողջովին պետք է բաղկացած լինի կաթնային բաղադրիչներից,  յուղի պարունակության նվազագույն քանակն էլ ՝ 12% ։ Պարզ ասած՝ այնտեղ չի կարող լինել որևէ տեսակի բուսական յուղ․ պաղպաղակը պետք է լինի միմիայն կաթնային, իսկ հումքը՝ բարձրորակ։

Չի թույլատրվում նաև «Կաթնային», «Սերուցքային», «Պլոմբիր» հասկացությունների կիրառումն այնպիսի պաղպաղակների մակնշման մեջ, որոնց բաղադրության մեջ կա կաթնային յուղի փոխարինիչ։

Այդ պատճառով է, որ «պլոմբիր» անունն ունեցող պաղպաղակները գնային առումով գերազանցում են մնացած տեսակի պաղպաղակներին։

ՄՄ ՏԿ 03/2013 սահմանում է նաև, որ պլոմբիրի սպառողական փաթեթվածքի դիմային մասում՝ մակնշման մեջ, պետք է նշված լինի ապրանքի լրիվ անվանումը՝ միևնույն տառատեսակով։ Այսինքն՝ «պլոմբիր»-ի տառատեսակը պետք է համապատասխանի պաղպաղակի անվանման տառատեսակին։

 

Բուսական յուղ այո՞, թե ոչ․․․

Այո, եթե դա սովորական պաղպաղակ է, որի վրա չկա «պլոմբիր» գրառում։

Ոչ, որովհետև, ինչպես վերը նշեցինք, պլոբմիր տեսակի պաղպաղակում չի թույլատրվում օգտագործել բուսական յուղ։

Այն բավականին էժան է, այդ պատճառով էլ «գերում է» արտադրողներին, սակայն որակով զգալիորեն զիջում է կաթնային յուղին։ Ու թեև չի արգելվում այն օգտագործել սննդի մեջ, այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակակերպությունը խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ օգտագործել բուսական յուղ, քանի որ մեծանում է սրտային հիվանդություններ ունենալու հավանականությունը։

Իսկ պատճառն այն է, որ բուսական յուղերի (օրինակ՝ արմավենու) բաղադրությունը չափազանց մոտ է կենդանական յուղին․ այն բաղկացած է հագեցած ճարպաթթուներից, որոնց շնորհիվ, առանց հատկությունները փոփոխելու, կարող է երկար պահվել, հետևաբար հաճախ է օգտագործվում երկարաժամկետ պահպանման ապրանքների արտադրությունում։

Անզեն աչքով սովորական մարդու համար դժվար է կռահել՝ որ պաղպաղակում կա բուսական յուղ, իսկ որում՝ կաթնային։

Դրանց տարբերություններից մեկը, թերևս այն է, որ բուսական յուղով պատրաստված պաղպաղակները շոգ եղանակին ուշ են հալում, քանի որ այդ յուղի հալման ջերմաստիճանն ավելի բարձր է, քան կաթնային յուղինը։

Սակայն քչերն են պաղպաղակ գնում հալեցնելու և վերը նշվածը ստուգելու նպատակով․ պաղպաղակի «գլխավոր գործառույթներից» մեկը զովացնելն է։

Մնում է միայն հույսը դնել արտադրողների բարեխղճության վրա։ 

 

Լաբորատոր փորձաքննության են ներակայացվել 8 արտադրողի «պլոմբիր» տեսակի վանիլային պաղպաղակներ։

Բոլոր ապրանքները եղել են ժամկետի մեջ, տուփերը չեն վնասվել։

 

  

ՆՄՈՒՇ N 1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Երևան Կաթ» ընկերության արտադրած «Բոնմարի» պլոմբիր տեսակի պաղպաղակը։

Այս արտադրողը պիտակի վրա նշել է միայն՝ «պաղպաղակ վանիլային», իսկ «պլոմբիր» բառն ավելացրել է ավելի փոքր տառերով՝ բաղադրությունը նշելիս և ոչ փաթեթավորման դիմային հատվածում։

Ավելին, բաղադրության մեջ նշել է, որ իր պաղպաղակը պարունակում է՝ «անարատ չոր կաթ, չոր յուղազուրկ կաթ, խտացրած կաթ, կարագ սերուցքային, շաքարավազ, կայունարար-էմուլգատորներ, վանիլին, ջուր»։

Յուղի պարունակությունը՝ 13 %:

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ թեև յուղի պարունակությունը եղել է նշվածին մոտ՝ 13,5%, սակայն արտադրողն անբարեխիղճ է գտնվել և «Բոնմարի» պլոմբիրի մեջ օգտագործել է բուսական յուղ, ինչը չի թույլատրվում ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգով։

«Բոնմարի» պլոմբիրը չի համապատասխանում սահմանված նորմերին և համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված․ բաղադրությունը փոփոխվել է՝ առանց մակնշման համապատասխան փոփոխության։

 

 

ՆՄՈՒՇ N 2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Юнилевер Русь» ընկերության «Золотой стандарт» պլոմբիրը։

Արտադրողը նշել է, որ պլոմբիրը պատրաստել է ՏՊ-ով և դրա համար օգտագործել է «անարատ կաթ, սերուցքային կարագ կամ կաթնային յուղ, շաքարավազ, ջուր» և այլն։

Ըստ մակնշման՝ յուղի պարունակությունն այս պաղպաղակում 12 %  է՝ նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է պլոմբիրի համար։ Բացի այդ, պաղպաղակը ներկայացված է՝ որպես «100 % բնական»։

Արդյունքում պարզվել է, որ «Золотой стандарт» պաղպաղակը պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում սահմանված նորմերին։

Յուղի պարունակությունն էլ փաստացի, թեև նշվածից ավելի է՝ 13,5%,  սակայն ապրանքը ևս համարվում է կեղծված։

 

ՆՄՈՒՇ N 3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Բիոկաթ» ընկերության պլոմբիր վանիլային պաղպաղակը։

Մակնշման մեջ նշված է, որ այս պաղպաղակն արտադրված է ՀՀՏՊ-ով և պարունակում է «խտացրած կաթ, սերուցքային կարագ, շաքարավազ, կայունարարներ (E), ջուր, վանիլին»։  Իսկ յուղի քանակը 12 % է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Բիոկաթ» պլոմբիրը չի պարունակում բուսական յուղ և համապատասխանում է պլոմբիրին ներկայացվող պահանջներին։

Խախտվել է սակայն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը՝ մակնշման մասով․ յուղի փաստացի պարունակությունը 15% է՝ նշված 12%-ի փոխարեն։ Նմանատիպ սննդամթերքն ըստ օրենքի, համարվում է կեղծված։

Թեև սա ամենևին էլ վտանգավոր չէ, սակայն կարևոր է հատկապես ճարպի ավելցուկով պայմանավորված կամ դրա օգտագործման սահմանափակում ունեցող մարդկանց համար, ովքեր հետևում են իրենց սննդակարգին։

 

ՆՄՈՒՇ N 4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներակայացվել ռուսական «Коровка из Кореновки» պլոմբիր տեսակի պաղպաղակը, որն արտադրում է «Кореновский молочно-консервный комбинат» ընկերությունը։

Պաղպաղակի բաղադրությունն է՝ «սերուցք, անարատ խտացրած կաթ շաքարով, շաքարավազ, կայունացուցիչ» և այլն։ Յուղայնությունը, ըստ մակնշման, 15% է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Коровка из Кореновки» պլոմբիրը չի պարունակում բուսական յուղ և համապատասխանում է սահմանված նորմերին։

Սակայն դարձյալ խախտում կա յուղայնության մասով․ իրականում այն 16% է ,  ինչի պատճառով այն ևս համարվում է կեղծված։

 

 

ՆՄՈՒՇ N 5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Գրանդ Քենդի» ընկերության «Կլասիկ պաղպաղակ պլոմբիր»-ը։

Պլոմբիրն արտադրված է ՀՀ ՏՊ-ով և պարունակում է «կաթ չոր անարատ, կաթ չոր անյուղ, կաթ խտացրած շաքարավազով, կարագ սերուցքային, շաքարավազ, կայունացուցիչներ»։

Յուղի պարունակությունն այս պլոմբիրում նշված է 15,1%:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվեց, որ «Գրանդ Քենդի»-ի պլոմբիրը չի պարունակում բուսական յուղ և համապատասխանում է ներկայացված պահանջներին։

Այնուամենայնիվ, կա մակնշման և բաղադրության անհապատասխանություն, յուղի պարունակությունը 0,6 %-ով քիչ է՝ 14,5 % է։ Այս իմաստով՝ նախորդների պես այն ևս կարելի է համարել կեղծված, թեև անհամապատասխանությունը չնչին է։

 

ՆՄՈՒՇ N 6

Վեցերորդ համարի տակ փորձաքննվել է «Աշտարակ կաթ» ընկերության «Բուրբոն» պլոմբիր տեսակի վանիլային պաղպաղակը։

Այս նմուշում «պլոմբիր» գրառումը բացակայել է անմիջապես փաթեթավորման դիմային մասում արված մակնշման մեջ․ այն նշված է եղել միայն բաղադրության հատվածում։

Իսկ վերջինում նշված է, որ պաղպաղակը պարունակում է «անարատ կաթ, անարատ չոր կաթ, կարագ, շաքար, վանիլին, կայունացուցիչ, ջուր», յուղայնությունն է՝ 12,5 %:

Սակայն փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Աշտարակ կաթ» ընկերությունն իր պլոմբիրի պատրաստման մեջ օգտագործել է բուսական յուղ, ըստ այդմ՝ չի համապատասխանում  ներկայացվող պահանջներին։

Յուղի իրական պարունակությունը 14, 5% է, այսինքն՝ այն ևս համարվում է կեղծված։

 

ՆՄՈՒՇ N 7

Յոթերորդ համարի տակ փորձաքննվել է «Բոնիլատ» ընկերության «Բոնիլատ պլոմբիր պրեմիում» պաղպաղակը։

Արտադրողն «ասում է», որի իր պաղպաղակը «100 % բնական է» և այն դասում է «պրեմիում դաս»-ի, այսինքն՝ նմանատիպ այլ ապրանք արտադրողների ապրանքից որակապես ավելի լավը, հավանաբար «100 % բնակականության» հաշվին։

Բաղադրության մեջ սակայն մենք տեսնում ենք, որ դրա պարունակությունը կամ գրեթե նույնն է, կամ ոչնչով առավել չէ նախորդ պաղապաղկներից․ այսպես՝ «խտացրած կաթ, սերուցքային կարագ, շաքարավազ, վանիլին, կայունացուցիչներ (E-էր)»։

Պաղպաղակի յուղայնությունը, ըստ մակնշման, 15 % է։

Փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ «Բոնիլատ պլոմբիր պրեմիում»-ը ո՛չ պրեմիում է, ո՛չ պլոմբիր․ այն պարունակում է բուսական յուղ և չի համապատասխանում սահմանված նորմերին։

Բացի այդ, յուղի իրական պարունակությունը 13 % է, այսինքն՝ այն նաև համարվում է կեղծված։

 

ՆՄՈՒՇ N 8

Եվ վերջապես, ութերորդ համարի տակ փորձաքննության էր ներկայացվել «Թամարա» ընկերության «Կախարդական կոն» պլոմբիրը։

Այստեղ ևս փաթեթավորման դիմային մասում «պլոմբիր» գրառման տառատեսակը զգալիորեն փոքր էր, ինչը պաղպաղակի մակնշման մասով ՄՄ ՏԿ 033/2013  խախտում է։

Պաղպաղակն արտադրվում է ՀՀ ՏՊ-ով, ըստ մակնշման՝ պարունակում է «ջուր, չոր անարատ կաթ, չոր անյուղ կաթ, կարագ, խտացրած կաթ շաքարավազ», յուղի քանակը՝ 12,5 %:

Փորձաքննության արդյունքում «Թամարա» ընկերության պաղպաղակում ևս հայտնաբերվել է բուսական յուղ, այդ պատճառով այն ևս չի համապատասխանում պահանջվող նորմերին։

Յուղի իրական պարունակությունը 14,1 % է՝ նշված 12,5 %-ի փոխարեն։

Այսպիսով, մակնշման անհամապատասխանության մասով, այն ևս համարվում է կեղծված։

 

3  բարեխիղճ արտադրող՝ «կեղծված» ապրանքով

Այսպիսով՝ ներկայացված 8 արտադրողի «պլոմբիր» պաղպաղակներից միայն 3-ն էին համապատասխանում պլոմբիրին ներկայացվող ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Դրանք էին՝ «Բիոկաթ», «Коровка из Кореновки» և «Գրանդ Քենդի» ընկերության պլոմբիրները (նմուշ N 3, 4, 5

Չնայած դրանցում ևս կար խախտում՝ անհամապատասխանություն յուղի փաստացի և իրական պարունակության մասով, իսկ այդպիսի ապրանքը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է՝ որպես կեղծված։

Այս 3 ընկերություններից յուղի նվազագույն շեղումը՝ 0,6 % «Գրանդ Քենդի» ընկերությանն էր։

Մնացած 5 արտադրողների՝ «Երևան Կաթ», «Юнилевер Русь», «Աշտարակ կաթ», «Բոնիլատ», «Թամարա» ընկերության (նմուշ N 1, 2, 6, 7, 8) արտադրողներն անբարեխիղճ են գտնվել՝ իրենց ապրանքը ներկայացնելով իբրև՝ բուսական յուղ չպարունակող պլոմբիր, ինչով և խաբել են սպառողին։

Այս պաղպաղակները ևս կեղծված են․ ոչ մեկում յուղի իրական և փաստացի պարունակությունը չի համընկնում։

 

Լաբորատոր փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ

Մեկնաբանություններ (4)

Vahan Navasardyan
главное чтоб написанное на мороженом соответствовало реальности - вот за что надо строго спрашивать. А рассуждения о том, что показатель жирности в пломбире может быть от 12% и выше или что где-то допускается в небольшом количестве использовать растительное ( пальмовое ) масло - это не столь принципиально ( если разрешается но указывается на упаковке).
Վազգեն
Հայաստանում այդքան տեսչություններ կան, որոնք իբր հսկում են այդ թվում նաև սննդի որակին: Ինչու այդքան խախտումների առկայության դեպքում նրանք չեն զբաղվում այդ անբարեխիղճ արտադրողներին պատասխանատվության ենթարկելու հարցերով: ՄԻայն ստուգումներ անցկացնելը շատ լավ է, բայց գործի կեսն է: Ես խնդրում եմ, որ ավարտին հասցնեք այդ սկսած բարի գործը
Տիգրան
Նյութը օգտակար և հետքրքիր էր, սակայն գործընթացը կիսատ է, քանի որ չեն դիտարկվել այլ չնշված արտադրողների ապրանքերի լաբորատոր արդյունքները, օրինակ Անի կաթնամթերքինը, Ազատանի գործարանինը և այլն, այսինքն նաև մարզերում ներկայացվածները որոնք մայրաքաղաքում չեն վաճառվում, հետաքրքիր էր բինիլատի և բիոկաթի մասերը չէ որ դրանք փոխկապակցված են, և մի նկատառում ևս նյութը ժամանակի առումով մի քիչ ուշացած էր,
Ռուզան
Դուք այնքան էլ ուշադիր չեք կարդացել նորմաները: Պլոմբիրի մեջ 12 տոկոսից բարձր յուղայնությունը խախտում չէ, 12 տոկոսը նվազագույնն է, ցածրն է խախտում: Բացի դրանից, արգելված չէ բուսական յուղի օգտագործումը, համենայնդեպս արգելք նշված չէ: Գործարարին վարկաբեկելիս չէր խանգարի զգույշ լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter