HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաքնված էկոլոգիական աղետ

«Էրեբունի համայնքի Վարդաշեն-Վերին Ջրաշեն թաղամասերից արեւելք գտնվող 500 տոննա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը փլուզման եզրին է»- ասում է երկրաբան Ռ. Յադոյանը: ՀՀ ԳԱԱ-ի ԵԳԻ, գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, երկրաբան Ռ. Յադոյանի եզրակացությամբ. «Փլուզման վտանգավորության գոտիներն են այգեգործական տարածքները, Վարդաշենի եւ ապա Էրեբունի համայնքի գոտիները»:

Նրա ուսումնասիրություններից պարզվել է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ գործող սողանքային մասում: Դրա ակնհայտ ապացույցներն են իջվածքներն ու ճաքերը: Բացի բնական պատճառներից, սողանքի ակտիվացումը պրն Յադոյանը պայմանավորում է նաեւ այդ մասով անցնող ջրատարի` վթարային վիճակում շահագործվելու հետ: Սա Ողջաբերդ տանող ոռոգման ջրագիծն է, որ մատակարարում է Ձորաղբյուրի ամառանոցները:

«Ջրատարն անցնում է հենց թունաքիմիկատների գերեզմանոցի վերեւով, ու վթարի դեպքում ամբողջ ջուրը թափվում է գերեզմանոցի վրա: Մի քանի տարի առաջ նման դեպք եղել է»,-պատմեց ոռոգման ցանցի աշխատակիցներից մեկը: 

1972թ. Խորհրդային միության տարածքում գյուղատնտեսության մեջ արգելվել է օգտագործել որոշ թունաքիմիկատներ: Հայաստանի գյուղերից, պահեստներից հավաքել են օգտագործման համար ոչ պիտանի, արգելված մոտ 500 տոննա տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Սրանց թվում եղել են կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք չեն քայքայվում 30-40 տարիների ընթացքում: Քայքայման դեպքում էլ ստեղծվում են մետաբոլիտներ: Վերջիններս ունեն համարյա նույն թունավոր հատկությունները: 1970-ականներին թունաքիմիկատների ոչնչացման արդյունավետ եւ անվտանգ տարբերակը հողում թաղելն էր: 1982թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերեւում (այժմ այդ տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի համայնքում) կառուցվել է բետոնե գերեզմանոց:

Գերեզմանոցը կավապատ է, որպեսզի թունաքիմիկատները չներծծվեն հողի մեջ: «Դեռ երեխա էի, երբ սարի վրա մեծ փոս փորեցին, հետո պարկերով ինչ-որ թույներ լցրեցին»,- հիշեց ջրաշենցի Ռազմիկը: Թունաքիմիկատները լցրել են գերեզմանոցն ու հողով ծածկել: Տարածքն ունեցել է պահակակետ եւ ցանկապատ: Այդ տարիներին պարբերաբար ստուգումներ են արվել հնարավոր արտանետումները կանխելու համար: Սողանքի պատճառով տարիների ընթացքում հողաթումբն իջել է, եւ գերեզմանոցն այսօր փլուզման եզրին է: Վերջին 15 տարիների ընթացքում ոչ մի վերահսկողական աշխատանք չի արվել: Չկա պահակակետ, քանդված է ցանկապատը: Վտանգավոր տարածքը լրիվ բաց է: Հետագայում գերեզմանոցի մոտակա տարածքում կատարվել են այգեգործական հողհատկացումներ: Այստեղ կառուցվել են տներ, եւ մարդիկ են ապրում: Բնակիչներից շատերը չգիտեն, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է, եւ այդ տարածքն օգտագործում են որպես արոտավայր:

«Մարդու օրգանիզմում կայուն օրգանական աղտոտիչի ցանկացած տեսակ խթան է հանդիսանում չարորակ նորագոյացությունների եւ դրանց զարգացման համար: Սա մեծ վտանգ է ոչ միայն մոտակայքում բնակվողների համար, քանի որ աղտոտիչները ազդում են մարդու վրա նաեւ օդի միջոցով»,-մեկնաբանեց Հակահամաճարակային վերահսկողության կանխարգելման կենտրոնի մի աշխատակից՝ չցանկանալով նշել իր անունը: Թունաքիմիկատներն ազդում են մարդու հատկապես իմունային եւ նյարդային համակարգերի վրա, առաջացնում են թոքերի եւ երիկամների բարդություններ: «Բնակիչները հաճախ են հիվանդանում: Հիմնականում երիկամների բորբոքումներ են լինում, հոդացավեր, բրոնխիտ, տուբերկուլյոզ: Հատկապես ամռանն աղիքային ինֆեկցիաներ են շատ լինում»,- ասաց Մուշական եւ Ջրաշեն թաղամասերի բժշկուհի Ժաննա Գեւորգյանը: 

1980-ականներին բժիշկ Հենրիկ Համբարձումյանը մարդու առողջության վրա թունաքիմիկատների հնարավոր ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել: Նա համեմատական վերլուծությամբ ցույց է տվել, որ թունաքիմիկատներ օգտագործող գյուղերում հիմնականում մահանում են նորագոյացությունների, նյարդային եւ շնչառական համակարգերի հիվանդությունների պատճառով: Երեխաները ծնվում են քաշի պակասով, դպրոցական տարիքում զգացվում է մտավոր հետամնացություն: Այս ուսումնասիրությամբ ապացուցված է, որ տարիքային բոլոր խմբերում հիվանդություների մեծամասնությունն ուղղակիորեն կապված է թունաքիմիկատների օգտագործման քանակի հետ: Հայաստանի տարածքում այս ուսումնասիրությունը միակն է:

«Գերեզմանոցի փլվելու դեպքում թունաքիմիկատները կլցվեն ամառանոցների տարածք,Վարդաշենի ձոր ու կհասնեն Երեւանի կենտրոնին: Առատ անձրեւների դեպքում ցեխաջրերն այդպես են գնում: Կարող է նաեւ Գետառով գնա Արտաշատ»,-հնարավոր ենթադրություն արեց մուշականցի Վազգենը: 

«Խանութներում տեսնելով օգտագործման համար չթույլատրված թունաքիմիկատներ` մենք մտածեցինք, որ հնարավոր է՝ թունաքիմիկատների գերեզմանոցից են հանել: Հետո պարզեցինք, որ գերեզմանոցը փակ է, բայց վտանգավոր վիճակում է»,-պատմեց «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի անդամ Լիա Սիմոնյանը: Այս կազմակերպությունը դեռ 2001թ. նամակներով տեղյակ է պահել Գյուղատնտեսության եւ Բնապահպանության նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, որ գերեզմանոցի բարձիթողի վիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

«Տեղյակ պահելուց բացի մենք ոչինչ անել չէինք կարող: Կարծեցինք, որ պետական կառույցները կանհանգստանան եւ ինչ-որ քայլերի կդիմեն»,- ավելացրեց ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը: Նախարարություններն իրենց պարտքն են համարել միայն ճշտել, թե ում է պատկանում այդ տարածքը եւ ով է պատասխանատու: Պարզել են` այն գտնվում է Էրեբունի համայնքում եւ խորհրդային կարգերի փլուզումից հետո որեւէ գերատեսչության չի պատկանում: Քաղաքապետարանն էլ նամակն ուղարկել է Արտակարգ իրավիճակների վարչություն /ԱԻՎ/, ինչը, սակայն, հերքեց ԱԻՎ-ի Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչության պետ Լյուդվիգ Նազարյանը: Պրն Նազարյանը հավաստիացրեց, որ այս խնդրի մասին իրենք տեղեկացել են նույն կազմակերպության 2003թ. դեկտեմբերին գրված նամակից: 

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն 2003թ. դարձյալ սկսում է զբաղվել թունաքիմիկատների գերեզմանոցի ուսումնասիրությամբ:

«Մենք ունենք երկրաբան Յադոյանի ուսումնասիրությունը, գերեզմանոցի վրայից եւ 50 մ շառավղով հողի ստուգումներ ենք արել: Հայտնաբերել ենք, որ հողում նորմայից ավելի թունաքիմիկատների պարունակություն կա: Այս բոլոր տվյալներով նորից նամակներ ենք ուղարկել նախարարություններին ու Արտակարգ իրավիճակների վարչությանը»,- ասաց Լիա Սիմոնյանը: Հետաքննող լրագրողների ընկերկցության նամակից հետո 2004թ. հունվարին Արտակարգ իրավիճակների վարչությունը նախնական ուսումնասիրություններ է կատարել: Ըստ Վարչության պետի տեղակալ Վիլհելմ Ստեփանյանի՝ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սողանքը գտնվում է գերեզմանոցի կենտրոնական մասում եւ կակտիվանա:

 «Մենք չենք կարող վերջնական ինչ-որ բան ասել, որովհետեւ գարնանը պետք է ուսումնասիրել»,- ասում է Վ. Ստեփանյանը: Ունենալով երկու երկրաբանների կարծիք, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքի կենտրոնական մասում, ԱԻՎ-ը մեզ ուղղված պատասխանում նշել է. «Գերեզմանոցին ներկայումս վտանգ չի սպառնում»:

«Գերեզմանոցը չի կարող փլվել, որովհետեւ եթե սողանք լինի էլ, այն ավելի հաստ հողի շերտով է ծածկվելու, այսինքն` խորացնելու է այն»,- վստահեցրեց ԱԻՎ Տեխնածին աղետների բաժնի պետ Ա. Նազարյանը: Լյուդվիգ Նազարյան կարծում է, թե պետք չէ լուրջ վերաբերվել այն ստուգումներին, որոնք առնչվում են հողում թունաքիմիկատների պարունակությանը:

«Արտանետումները բացառվում են, այստեղ լոգիկա չկա»,-ասում է նա: Տեխնածին աղետների բաժնի պետ պրն Նազարյանն էլ բացատրեց, որ հնարավոր է` թունաքիմիկատները թաղելու ժամանակվանից ինչ-որ կայուն նյութեր, որոնք երկար տարիներ ապրում են, թափվել են եւ մինչեւ հիմա էլ կան: 

«Մենք կարճ ժամանակում սկզբնական ուսումնասիրություն ենք արել: Պետք է սպասել գարնանը լուրջ ուսումնասիրելու համար»,-ասաց Լյուդվիգ Նազարյանը: 

Սակայն բնապահպաններն ու բժիշկները միանգամայն այլ տեսակետ ունեն. գերեզմանոցը կարող է ցանկացած պահի էկոլոգիական աղետի պատճառ դառնալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter