HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

«Don’t Let Me Be Misunderstood». չէ՞ որ անհնար է հրեշտակ լինել

Անկրկնելի Նինա Սիմոնի երգացանկում մի շատ տպավորիչ երգ կա, որի մասին շատ քիչ է հիշվում: Երգչուհին, ինչպես միշտ, մեկ բառով ասած՝ փայլում է: Սակայն սա այն կատարումներից է, որտեղ նա փայլում է ոչ թե իր անկոտրում հզորությամբ, ըմբոստ ձայնի պայքարող ելևէջներով, այլ փխրուն, զգացմունքային ու ջլատված հոգու վիրավոր գեղեցկությամբ:

«Don’t Let Me Be Misunderstood». չհասկացված լինելու զգացումը բոլորիս էլ տանջել է ինչ-որ պահերի, բայց դրա ներկայության հաճախակիությունն արդեն ջլատելու վտանգ ունի: Նինա Սիմոնը, դատելով նրա երգի մատուցումից, ձայնի, խոսքի ու մեղեդու միաձուլման այս ամբողջականությունից, սխալ ընկավելու դառնությունն ապրում է մեծ զգայունությամբ: Ընդհանրապես, նրա ստեղծագործական կյանքում կան երգեր, որոնց լսելիս խորապես հավատացած կարող ենք լինել, որ դրանք միայն ու միայն Սիմոնի գրչին են պատկանում: Որովհետև ուրիշ ոչ ոք այդքան կենդանի, այդպես ճիշտ ու զգացմունքայի խորությամբ չի կարող թափանցել երգի մեջ, դուրս բերել նրա հոգին, քան այդ երգին ծնունդ տվողը: Բայց այստեղ է, որ ապշահար բախվում ենք մեծության մեջ առավել մեծ լինելու շնորհին, երբ պարզվում է, որ երգչուհին ընդամենը կատարողն է, ով ամենևին կապ չունի երգի ստեղծման հետ: Անհավատալի է, բայց փաստ, միևնույն ժամանակ՝ չափազանց ազդեցիկ: Սիմոնի երգացանկում այդպիսին են «Sinnerman»-ը, որին մենք արդեն անդրադարձել ենք, «Strange Fruit»-ը, «Don’t Let Me Be Misunderstood»-ը և ուրիշներ:

«Don’t Let Me Be Misunderstood» երգի վերնագիրն ու կրկներգի տողերը (որոնք էլ հենց երգի բանալին դարձան) ջազ և R&B ժանրերում ստեղծագործող ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող Հորես Օտտի մտահղացումն էին:

«I’m just a soul who’s intentions are good... oh lord please don’t let me be misunderstood»…

Նրա կյանքում իսկապես դժվար ժամանակներ էին, երբ այդ խորագրով մեղեդին ծնվեց: Օտտը ուներ անձնական խնդիրներ, որոնց պատճառով նա բաժանվեց իր ընկերուհուց՝ Գլորիայից: Դա, իհարկե, նրանց կյանքում հերթական բաժանումներից մեկն էր. Գլորիան (Գ. Քելդուել, նրա անունով է գրանցված երգի հեղինակային իրավունքը) հետագայում նրա կինը դարձավ, բայց անվերջանալի այդ բախումների արդյունքում ստեղծվեց մի երգ, որն իր բովանդակությամբ հոգեհարազատ էր շատ-շատերին: Հ. Օտտին իր արդեն վերնագրված մեղեդին ներկայացրեց գործընկերներին՝ Սոլ Մարկուսին և Բենի Բենյամինին՝ առաջարկելով աշխատել խոսքի ուղղությամբ: Եվ գրվեց, կարգի բերվեց ու շուտով ձայնագրվեց «Don’t Let Me Be Misunderstood»-ը:

Նինա Սիմոնի կատարմամբ այս երգը թողարկվեց 1964թ., «Broadway-Blues-Ballads» ալբոմի կազմում: Հ. Օտտի մասնակցությունը միայն այս երգով ու նրա մեղեդիով չսահմանափակվեց: Նա անձամբ գործիքավորեց այն, նվագախմբային-երգչախմբային  մաս մշակելով ալբոմի մյուս երգերի համար էլ՝ ինքը ղեկավարեց դրանց ձայնագրությունը նաև որպես դիրիժորի: Իսկ Նինա Սիմոնը, ով աննկատ ու բնականորեն կարող է սահել երաժշտական տարբեր ոճերում՝  մերթ ջազի, մերթ սոուլի, մերթ փոփի, բլյուզի, գոսպելի, ֆոլկի ու երբեմն՝ ռոքի շրջապտույտում, և շատ հաճախ ոչ թե ալբոմի, այլ մեկ երգի ընթացքում, «Don’t Let Me Be Misunderstood»-ի մեջ կարծես անհասկանալի ոճում է: Նրա ձայնը, տեմպը՝ դանդաղ, հետո թրթռացող արագությամբ, հանկարծ հաստատակամ ու պահանջող, դժվար է տեղավորել որևէ կոնկրետ ոճում: Հավանաբար նաև դա էլ էր պատճառներից մեկը, որ չնայած նրա անկրկնելի կատարմանը, այս «Don’t Let Me Be Misunderstood»-ը մեծ հաջողություններ չունեցավ: Ն. Սիմոնն այդ տարիներին ամեն կերպ ասոցացվում էր սև-սպիտակ իրավունքների քաղաքացիական պայքարի հետ:

Նրա ակտիվ դիրքորոշումն ու մասնակցությունն այդ խնդրին երգչուհու կերպարը ևս ամուր կապել էին պայքարին: Սիմոնի երգած յուրաքանչյուր բառ ու միտք, արտասանած յուրաքանչյուր հնչյուն, եթե անգամ սիրո մասին էին, ամբողջովին ընկալվում էին որպես ենթատեքստ՝ ուղղված սևամորթ կյանքի համար բարձրաձայնված քաղաքացիական պայքարին ու իրավունքներին:

1964թ. երգը թողարկվեց սինգլով, բայց առանձնապես մեծ ուշադրություն այդպես էլ չգրավեց: Սիմոնի տարբերակն՝ այո, բայց երգի ճակատագիրն այդքանով չսահմանափակվեց: Երգի հանդեպ վերաբերմունքն ամբողջովին փոխվեց, երբ 1965թ. թողարկվեց «The Animals» խմբի cover-տարբերակը:

«Իմ կյանքում իսկապես շատ են եղել պահեր, երբ ինձ սխալ են հասկացել,- ասել է «The Animals» խմբի մենակատար Էրիկ Բըրդընը,- մարս, հայրս, ուսուցիչներս, որոշ կանայք, ում հետ ամուսնացած եմ եղել: Ես չհասկացված եմ եղել իմ ողջ կյանքի ընթացքում»: 

Նրանց կատարմամբ «Don’t Let Me Be Misunderstood»-ը ռիթմի ու տեմպի որոշակի փոփոխությամբ հայտնվեց: Նաև ոճային հստակ գիծ կար այս տարբերակում: Կիթառի կտրուկ ռիֆերը և ստեղնաշարայինի մասնակցությունն ավելի արագացրել էր երգի տեմպն ու փոքր-ինչ բլյուզային ռոքի լեզվի փոխել: Դե իսկ բըրդընյան հատուկ մեկնաբանությունը ոչ մի բանով գրեթե չէր հիշեցնում բնօրինակի մասին: «Երգն ամենևին հանրամատչելի նյութ համարվելու հետ կապ չուներ, բայց ինչ-որ ճանապարհով եկավ դեպի մեզ, ու մենք անմիջապես սիրահարվեցինք»,- ասել է երգիչը:

«The Animals»-ի «Don’t Let Me Be Misunderstood»-ը դարձավ խմբի սկզբնական հաջողություններում ամենանշանավոր հանգրվաններից մեկը: Հետագայում, երբ համերգների ամենասպասված երգերից մեկն էր, Բըրդընը հաճախ պիտի վերադառնար Նինա Սիմոնի դանդաղ ու երերուն ռիթմերին:

«Don’t Let Me Be Misunderstood»-ը մեկնաբանվել է բազմիցս, և այս տարբեր կատարումներում նա, 1965-ից մինչև մեր օրերը, տարբեր տասնամյակներում վերածնվել է նաև երաժշտական առաջատար հորիզոնականներում: «The Animals»-ի և Է. Բըրդընի մեկնաբանությունը, սակայն, ճանաչվել է «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերից մեկը»:

1970-ականներին, օրինակ, այն ամենահայտնի ու սիրված դիսկո հիթերից էր: «Santa Esmeralda» ֆրանս-ամերիկյան դիսկո խումբը, «The Animals»-ի գործիքավորումը վերափոխել էր լատինո- ֆլամենկո-սալսայի խառնուրդից ստացված դիսկո կատարման ու ձայնագրությունը տարածել 70-ականների ամենահեռավոր անկյուններում անգամ:

1969թ. այն ձայնագրեց Ջո Կոկերը՝ ընդգրկելով «With a Little Help from My Friends» դեբյուտային ալբոմում: Հայտնի անունների շարքը հետագայում համալրել են Էլվիս Կոստելլոն, Բրյուս Սփրինգսթինը, Գարի Մուրը, Քեթ Սթիվենսը, Սինդի Լոպերը և ուրիշներ:

Չհասկացված լինելու հանգամանքը մարդկային հարաբերությունների անբաժանելի պատմություններից է, և ինչ խոսք, ամենահոգեհարազատը հատկապես արվեստի մարդկանց: Եվ ամենևին էլ կապ չունի հաջողակ կամ հայտնի լինելը: Փառքի գագաթին կանգնած այս երաժիշտներից ամեն մեկը, թեկուզև միայն այս կատարումով, պատմել կամ խոստովանել է ի՛ր չհասկացված լինելու մասին:

Գլխավոր լուսանկարը վերցված է  www.teamrock.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter