HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկելու է «Ջրային ռեսուրսների մասնակցային արդյունավետ օգտագործում» ծրագիրը

2017 թ. հուլիսի 18–ին պաշտոնապես մեկնարկելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող   «Ջրային ռեսուրսների մասնակցային արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որն իրականացնում է «Ուրբան» կայուն  զարգացման հիմնադրամը։ Ծրագիրն իրականացվելու է Արարատյան դաշտի 12 համայնքներում, որոնց ղեկավարները արարողության ժամանակ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։ 

Տասներկու գործընկեր համայնքներն ընտրվել են ըստ որոշակի չափանիշների բազմափուլ  ընտրության արդյունքում՝ համայնքների կողմից ներկայացված հայտերի, հարցազրույցների, այցելությունների հիման վրա։ Դրանք են՝ Վեդի, Փոքր Վեդի, Բերքանուշ, Այգավան, Բուրաստան, Խաչփար համայնքները Արարատի մարզից և Երասխահուն, Եղեգնուտ, Գայ, Գրիբոյեդով, Ակնալիճ, Առատաշեն համայնքները՝ Արմավիրի մարզից։

«Ջրային ռեսուրսների մասնակցային արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է նպաստել ջրի օգտագործման  արդյունավետության բարձրացմանը, նվազեցնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ջրառը, խթանել ջրային պաշարների պատասխանատու օգտագործումը, նպաստել ջրային պաշարների կառավարման բարելավմանը և պատասխանատվության բարձրացմանը։ Այս ամենին ծրագիրը մտադիր է հասնել իրավակարգավորող դաշտի բարելավման, քաղաքացիների իրազեկությունը բարձրացնելու, նրանց ջրի կառավարման գործընթացներին մասնակից դարձնելու, վերահսկողության գործիքներ տալու միջոցով։ Ծրագիրը որոշակի ներդրումներ կկատարի նաև ջրային ենթակառուցվածքները բարելավելու նպատակով։

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների գերօգտագործման հարցը Հայաստանի կառավարության օրակարգում է։ Արտեզյան ջրաշերտի կտրուկ նվազումը վկայում է այն մասին, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արտահոսքը գերազանցում է դրանց վերականգնումը, խնդիր, որը  կապված է ձկնաբուծության ոլորտի զարգացման, վնասված և ոչ ստանդարտ խողովակաշարերում ջրի հսկայական կորուստների և որոշ ջրօգտագործողների կողմից ջրի անխնա օգտագործման հետ:

Ծրագիրը եռամյա է, իրականացվելու է շահակիր կողմերի լայն շրջանակի՝ պետական և տեղական իշխանությունների ու գերատեսչությունների, բնապահպանների, քաղհասարակության կառույցների, Ջրօգտագործողների ընկերությունների, հետազոտական հաստատությունների և լրատվամիջոցների հետ համատեղ։ Ծրագրի կապալառուն «Ուրբան»  կայուն զարգացման հիմնադրամն է, որը ծրագիրն իրականացնելու է Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի  բնապահպանական իրավունքի հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ։

«Ջրային ռեսուրսների մասնակցային արդյունավետ օգտագործում» ծրագիրը սերտորեն համագործակցելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորող մեկ այլ՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում» (ԳԱՏՕ) ծրագրի հետ։ Այս մասին հայտնում է «Ուրբան» կայուն  զարգացման հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter