HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պայքար երկնքում՝ քաղաքացիական օդանավերի դեմ

«Հետքն» առաջիկայում ներկայացնելու է Ստեփանակերտի օդանավակայանի եւ Արցախի ավիացիայի պատմությունը՝ ԼՂՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ (2010-2015 թթ.), հայտնի ավիատոր Դմիտրի Աթբաշյանի հեղինակությամբ: Սակայն մինչ այդ անդրադառնանք օդանավակայանին ու Արցախի երկնքին առնչվող վերջին աղմկահարույց միջադեպին:

Հունիսի 12-ին թուրքական ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ը Ստամբուլ-Բաքու չվերթի (TK 334) ժամանակ շեղվել էր իր նախանշված ուղեգծից ու մտել Արցախի օդային տարածք՝ անցնելով հենց օդանավակայանի երկնքով, որից հետո նոր միայն մտել էր Ադրբեջան (տես թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքի պատկերում):

Թուրքական «Airbus A320-231» ինքնաթիռի (գրանցման համարը՝ TC-JSM) շեղումն առաջին հայացքից իսկապես տարօրինակ էր. Ստամբուլ-Բաքու չվերթի սահմանված ուղեգիծն անցնում է Սեւ ծովով, Աջարիայի երկնքով մտնում Վրաստան, անցնում Ջավախքի ու Մառնեուլի տարածքով, հատում վրաց-ադրբեջանական սահմանը, Մինգեչաուրի վրայով ուղիղ գծով հասնում մինչեւ Կասպից ծով ու թեքվում դեպի Բաքու:

Վերը նշված դեպքում թուրքական օդանավը Մինգեչաուր չէր հասել, փոխարենը թեքվել էր հարավ ու, կտրելով Արցախի օդային տարածքը, ուղղություն վերցրել դեպի Բաքու:  

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով միջադեպը, «Արցախպրեսին» հայտնել էր. «Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է: Երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ողջ կեղծ լինելը: Մի կողմից՝ նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից՝ այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր եւ Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետությունների  միջեւ»:

150 եւ ավելի ուղեւոր տեղավորող քաղաքացիական ինքնաթիռը խոցելու մասին պնդումներն իսկապես անտրամաբանական են թվում, քանի որ նախ՝ այն անմիջական վտանգ ներկայացնող մարտական օդանավ չէ, երկրորդ՝ նման ձեռնարկը հաստատապես բերելու էր անկանխատեսելի հետեւանքների: Բայց հետաքրքիր է, որ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանում համատեղ զորավարժություն էին սկել, որին ներգրավվել էր մոտ 5000 զինծառայող ու ավելի քան 250 միավոր զինտեխնիկա: Այս ֆոնին օդանավի գործողություններում կարելի է նաեւ սադրիչ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, արցախյան կողմի տրամադրությունները շոշափելու տարր գտնել: Հիշեցնենք, որ հունիսի 16-17-ին արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհվեց 4 հայ զինվոր:

Իր հերթին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից factor.am-ին ասել էին. «Հունիսի 12-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, թուրքական «Turkish Airlines» ավիաընկերության՝ Ստամբուլից Բաքու մեկնող «Airbus A321-231» օդանավը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փոխել է երթուղին՝ հատելով Արցախի օդային տարածքը»: Թե որքան է հիմնավոր այս պատճառաբանությունը, դժվար է ասել, քանի որ օդանավի շեղումն ուղեգծից բավականին մեծ է ու կատարվել է ոչ թե դեպի հյուսիս, այլ հարավ՝ հենց հակամարության գոտու ուղղությամբ:

Արցախի քաղավիացիան ղեկավարած Դ. Աթբաշյանն ասում է, որ այս պարագայում եթե կարելի էր ինչ-որ բան անել, ապա դա ՀՀ պատկան մարմինների միջոցով Թուրքիային նոտա ուղարկելն էր, չնայած, ինչպես տեսնում ենք, ինքնաթիռի անձնակազմի գործողությունը մեկնաբանվել է եղանակային պայմաններով: Բնականաբար, Ստեփանակերտի օդանավակայանի կարգավարներն էկրանին տեսել են TC-JSM-ի շարժը: Հարցին, թե արդյոք նրանք կարող էին կարգադրել թուրքական օդանավին լքել Արցախի երկինքը, Աթբաշյանն ասում է, որ եթե նույնիսկ այդպես անեին, ինքնաթիռի հրամանատարը կարող էր չենթարկվել հենց միայն այն պատճառով, որ Արցախն ու, մասնավորապես, դրա ավիացիոն իշխանությունները միջազգայնորեն ճանաչված չեն, իսկ Արցախի երկինքը համարվում է Ադրբեջանի իրավասության տարածք, որը հենց Բաքվի պահանջով միջազգայնորեն փակ է թռիչքների համար: 

Նշենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի օդանավերը ներկայում ազատորեն օգտագործում են միմյանց տարածքը օդային երթեւեկության համար, ինչը չենք կարող ասել հայ-ադրբեջանական համագործակցության մասին: Ավելին՝ նույն «Turkish Airlines»-ը Հայաստանի տարածքով կատարում է Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթը՝ հընթացս մեր երկնքով իրար կապելով նաեւ Նախիջեւանն ու Գյանջան, այնինչ ադրբեջանական փոխադրողները շրջանցում են ՀՀ տարածքը՝ օգտվելով Վրաստանի կամ Իրանի երկնքից:

Ադրբեջանն՝ ընդդեմ քաղաքացիական ու չզինված օդանավերի

Արցախը համարելով իր տարածք՝ Ադրբեջանը, ինչպես հայտնի է, բազմիցս սպառնացել է խոցել այդտեղ թռչող ցանկացած օդանավ, այդ թվում՝ քաղաքացիական, ու չնայած այս պահին կանոնավոր չվերթներ դեպի Ստեփանակերտ չեն իրականացվում, Արցախում գործում է փոքր ավիացիա, Երեւանից էլ ժամանակ առ ժամանակ պաշտոնական թռիչքներ են լինում ուղղաթիռով:

Մեր արեւելյան հարեւանը քաղաքացիական ու չզինված օդանավեր խոցելու տխրահռչակ փորձ ունի: 2014-ի նոյեմբերի 12-ին ադրբեջանցիները «Իգլա» համալիրով խոցել էին շփման գծի արցախյան հատվածի երկայնքով ուսումնամարզական թռիչք կատարող, չզինված «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որն ընկել էր չեզոք գոտում՝ ադրբեջանական Աղդամի շրջանի Չեմենլի բնակավայրի ուղղությամբ: Սա 1994-ի զինադադարից հետո առաջին նման դեպքն էր: Զոհվել էին անձնակազմի բոլոր 3 անդամները՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: Չնայած հակառակորդի ստեղծած շարունակական խոչընդոտներին՝ նոյեմբերի 22-ին ԼՂՀ ՊԲ-ն հայտարարեց, որ հատուկ գործողության միջոցով զոհվածներից մեկի (Ա. Սահակյանի) աճյունը, մյուս երկուսի մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր տարհանվել են:   

Սակայն եթե «Մի-24»-ը ռազմական ուղղաթիռ է, եւ ադրբեջանցիներն էլ շահարկում էին, թե իբր այն զինված գրոհել է իրենց դիրքերի վրա, որից հետո խոցել են, ապա ոչ մի տրամաբանության չեն ենթարկվում 1990-ականների պատերազմի ժամանակ Ղարաբաղից բնակիչներ ու վիրավորներ տեղափոխող քաղաքացիական օդանավերի վրա հարձակումները:

1992-ի մարտի 3-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Հայաստան փախստականներ տեղափոխող «Մի-26» տրանսպորտային ուղղաթիռը (կողային համարը՝ 54, հրամանատար՝ Իգոր Լուբենեց), որը պատկանում էր ԱՊՀ զինուժին, հարձակման ենթարկվեց Քելբաջարի շրջանի երկնքում ադրբեջանական «Մի-8»-ի կողմից: Չնայած անվտանգության նկատառումներով «Մի-26»-ին ուղեկցող «Մի-24» ռազմական ուղղաթիռին հաջողվեց հեռացնել գրոհող հակառակորդին, գետնից ադրբեջանցիների արձակած հրթիռը դիպավ «Մի-26»-ի շարժիչին, ու կրակ բռնկվեց: Ուղղաթիռն ընկավ Քելբաջարի Սեյիդլար գյուղի մոտակայքում (Քելբաջարը դեռեւս հակառակորդի վերահսկողության տակ էր): Երեկոյան հաջողվեց Հայաստանի տարածք տեղափոխել կենդանի մնացած 28 հոգու: Հաջորդ օրն առավոտյան «Սպիտակ» փրկարարական ջոկատը ԱՊՀ ԶՈւ դեսանտայինների աջակցությամբ կարողացավ աղետի գոտուց էվակուացնել եւս 4 հոգու: Ընդհանուր տվյալներով՝ ադրբեջանցիների հարձակման արդյունքում զոհվել էր 16 հոգի, անհետ կորել՝ 2-ը, վիրավորվել՝ 37-ը (ուղեւորներն ու անձնակազմի անդամները):    

Սրանից օրեր անց՝ 1992-ի մարտի 27-ին, Ստեփանակերտից Երեւան թռչող մարդատար «Յակ-40» ինքնաթիռը, որի հրամանատարը Միքայել Անդրեասյանն էր, օդում թիրախավորվեց ադրբեջանցիների կողմից: Օդանավի վրա կրակեցին «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիրից, որը, բարեբախտաբար, չպայթեց, փոխարենը վնասեց «Յակ-40»-ի 3 շարժիչներից մեկը: Օդանավի անձնակազմը ստիպված եղավ անջատել շարքից դուրս եկած շարժիչն ու կարողացավ բարեհաջող վայրէջք կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Ըստ տվյալների՝ օդանավում կար 30 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամները: Զոհեր չեղան:   

Անկախացումից հետո ազգային փոխադրող «Հայկական ավիաուղիների»՝ «Էրեբունի» օդանավակայանում գտնվող շարժակազմի շահագործումը դրվել էր «ՀԱՈւ»-ի հիմքի վրա ստեղծված «Արարատ Ավիա» ընկերության վրա: Վերջինիս «Յակ-40»-ներից եւս մեկը (դեռեւս սովետական СССР-87532 համարով) հարձակման ենթարկվեց 1992-ի մայիսի 9-ին: Ստեփանակերտից Երեւան մեկնող օդանավը Քելբաջարի շրջանին մոտենալիս հարձակման ենթարկվեց ադրբեջանական «Սու-25» գրոհային ինքնաթիռի կողմից: Վերջինս գնդացրային կրակ բացեց մարդատար օդանավի վրա, ինչից հետո «Յակ-40»-ի աջ թեւը սկսեց վառվել, այնուհետ կրակ բռնկվեց նաեւ ներսում, օդաչուական խցիկն ու սրահը սկսեցին ծխով լցվել: Բորտ-մեխանիկ Արտավազդ Սահակյանը ստիպված եղավ ապահերմետիզացնել վթարային ելքերը, իսկ օդաչուներ Հարություն Դավթյանին ու Միքայել Անդրեասյանին, այդուհանդերձ, հաջողվեց չբացված (խափանված) շասսիով օդանավը նստեցնել Սիսիանի օդանավակայանում:

Բացի անձնակազմից՝ օդանավում կար 28 ուղեւոր (ըստ հրամանատար Հ. Դավթյանի, Զորի Բալայանը նշել է 33 թիվը, այլ աղբյուրներում նշվում է 30, ընդ որում՝ եթե հայկական տվյալներով՝ սրահում ազատամարտիկներ էին գտնվում, այդ թվում՝ վիրավորներ, ապա արտասահմանյան աղբյուրները նշում են փախստականների մասին): Էվակուացիայից հետո ինքնաթիռն ամբողջությամբ վառվեց, զոհեր չեղան, սակայն երկու օդաչուները կոշտ վայրէջքի արդյունքում վիրավորվեցին:

Երկու խոսք հայկական «Յակ-40»-ի վրա հարձակված ադրբեջանական «Սու-25»-ի մասին: Այս գրոհային ինքնաթիռը պատկանում էր Ադրբեջանի Սիտալչայի ավիաբազայում տեղակայված ԱՊՀ զինուժի ստորաբաժանմանը: 1992-ի ապրիլի 8-ին ադրբեջանցի օդաչու, ավագ լեյտենանտ Վագիֆ Ղուրբանովը երկու ծառայակիցների հետ կարողացել էր փախցնել օդանավը, որը շուտով սկսեց գրոհել հայկական խաղաղ բնակավայրերը՝ դառնալով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ: Այդուհանդերձ, 1992-ի հունիսի 13-ին Ասկերանի երկնքում հայ հակաօդայինները խփեցին թշնամու «Սու-25»-ը, Ղուրբանովը սպանվեց:

Առաջին լուսանկարում՝ Ստեփանակերտի օդանավակայանը (հեղ.՝ Հակոբ Պողոսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter