HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը կարող է դառնալ կանեփի ձեթ արտահանող երկիր»,- ասում է հարթագյուղցի գործարարը

Գայանե Սարգսյան

«Հայաստանը կարող է դառնալ բուսական յուղերի ու ձեթի, այդ թվում՝ կանեփի ձեթի արտահանող երկիր»,-ասում է 2008թ.-ից կտավատի ձեթի արտադրությամբ զբաղվող թիմի անդամ Սամվել Հունանյանը:

Թիմն իր գործունեությունն սկսել է կտավատի ձեթի արտադրությամբ: Որակյալ ձեթ ստանալու համար օգտագործվել է սեփական ցանքատարածություններում մշակվող կտավատը: Արտադրության փոքր ծավալների պատճառով աշխատանքը տարիներ շարունակ կրել է սեզոնային բնույթ:

«Ամռանը հիմնականում զբաղվում ենք կտավատի մշակմամբ, տարվա մյուս եղանակներին, պատվերներից ելնելով, կտավատի ձեթի արտադրությամբ»,- նշում է Ս. Հունանյանը: Նա ավելացնում է, որ արտադրել-պահպանելը ձեռնտու չէ, որովհետև մարդիկ հիմնականում նախընտրում են գնել թարմ ձեթ՝ որպես բուժական միջոց կամ աղցանների համար օգտագործելու նպատակով:

Ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում ստեղծված փոքրիկ արտադրամասը հնարավորություն ունի արտադրել օրական 70-80 լիտր ձեթ: Պահանջարկից կախված, սակայն, արտադրության իրական ծավալները շատ ավելի փոքր են:

«Սոցիալական պայմաններից ելնելով՝ մարդիկ շատ հաճախ օգտագործում են խանութներում վաճառվող 600 դրամանոց ձեթը: էդ գնանոց ձեթ չի կարող լինել, դա ձեթ չի, դա չգիտեմ ինչ է»,- նշում է  զրուցակիցս:

Կտավատի մշակման գործընթացում ներգրավվում է մինչև մեկ տասնյակ մարդ: Արտադրության մեջ աշխատողների թիվը շատ ավելի փոքր է:

Կտավատի ձեթը համարելով ընկերության բրենդը՝ թիմը վերջին տարիներին սկսել է  բուսական ձեթերի փորձնական նմուշներ արտադրել նաև այլ հումքից: Արդյունքում թիմը, որի հիմքի վրա հետագայում ձևավորվել է «Թության» ՍՊԸ-ն, արդեն իսկ արտադրել է 11 անուն բուսական յուղ ու ձեթ. կտավատի, արևածաղկի, հլածուկի, կանեփի, ծիրանի կորիզի, դեղձի կորիզի, խաղողի կորիզի և այլն:

Արտադրված տեսականին վերջերս ներկայացվել է Մոսկվայում կայացած միջազգային ցուցահանդեսի ժամանակ ու մեծ հետաքրքրություն առաջացրել:

Ս. Հունանյանի խոսքով՝ արտերկում առավելապես հետաքրրքված են կտավատի, կանեփի ձեթերով ու ծիրանի կորիզի յուղով:

Կանեփի ձեթի արտադրման ու արտահանման հարցում աջակցելու առաջարկով գործարարը վերջերս հրապարակային դիմել էր նաև վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Վանաձորում գործարարների հետ անցկացվող հանդիպման ժամանակ: Վարչապետը նախ կատակով էր ընդունել առաջարկը, ապա գործարարին հանձնարարել առաջարկը հիմնավորված, գրավոր տարբերակով ներկայացնել:

«Արտերկրում կանեփի ձեթի մեծ պահանջարկ կա: Մեր նպատակն է, որ պետության աջակցությամբ կանեփի ձեթ արտահանող երկիր դառնանք: Պարտադիր չէ, որ արտադրողը կամ արտահանողը հենց ես լինեմ: Հարցս ավելի շատ ստրատեգիական առումով  էր»,- ասում է Ս. Հունանյանը:

Վարչապետին ուղարկվելիք նամակն արդեն պատրաստ է: Մինչ նամակը կհասնի հասցեատիրոջը, գործարարը նոր բիզնես նախագիծ է մշակում: Սառը մամլմամբ կտավատի ձեթ ստանալու ընթացքում առաջացող ճզմվածքը նա մտադիր է  օգտագործել կտավատի հաց արտադրելու համար:

«Դա ևս մեկ քայլ է դեպի առաջ: Ես չեմ սիրում նույն տեղում մնալ կամ չոչ անել: Հիմա ամեն ինչ այնքան արագ է զարգանում: Եթե դու չոչ անող վաճառական ես, ոչինչ չի ստացվի քո մոտ: Գերմանիայում կտավատի հացի արտադրությունը լայն տարածում ունի, մեզ մոտ դա նորություն կլինի»,- ասում է գործարարը:

Տնային պայմաններում փորձնական տարբերակով ստացված կտավատի հացն արդեն իսկ ներկայացվել է ցուցահանդեսների ժամանակ:

«Բոլորը մեծ սիրով կերան այդ հացից,- նշում է Ս. Հունանյանն ու թվում կտավատի հացի առավելությունները,- հագեցնող է, շուտ չի փչանում, շաբաթով էլ կարող ես պահել, 5-6 տոկոս ձեթի պարունակություն ունի իր մեջ, նաև շատ առողջարար է»:

Արտադրամասում արդեն իսկ ստեղծված են բոլոր պայմանները կտավատի հացի արտադրության համար: Շուտով կտրվի նաև հացի փոքր արտադրության մեկնարկը:

Արտադրված հացը Ս. Հունանյանը մտադիր է իրացնել Լոռու ու Շիրակի մարզերում: Պատվերների դեպքում պատրաստ է առաքել նաև Երևան:

Առավել մեծ ծավալներով արտադրությունը գործարկելու համար ընկերությունը տեխնիկապես վերազինման կարիք ունի: Առաջարկվող վարկերից, սակայն, գյուղատնտեսը չի ցանկանում օգտվել:

«Վարկային քաղաքականությունը պետք է նպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ոչ թե խանգարի: Ի՞նչ է նշանակում 20-24 տոկոսով վարկ: Դա իրատեսական չէ, դրա համար էլ խուսափում ենք վերցնել: Գյուղատնտեսության մեջ այդ տոկոսների մասին խոսելն անհեթեթություն է: Գյուղատնտեսությունը վնասով աշխատող ճյուղ է, եկամուտները երաշխավորված չեն»,- նշում է նա՝ հավելելով, որ գյուղատնտեսական ապահովագրության ներդրման կարիք կա նաև: 

Մեկնաբանություններ (3)

Տիգրան
Հետք, եթե կարող եք տրամադրեք ինձ իրենց կոնտակտները, համագործակցություն ստեղծելու համար, նախապես շնորհակալություն
Ժաննա
մտեք թության.ամ կայք բոլոր կոնտակտները կա
Անի
էս մարդու հետ կապվելու կոնտակտներ կտա՞ք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter