Կիրակի, 24 սեպտեմբերի

Աշտարակի ավագանու անդամները կողմ են քվեարկել իրենց արտոնություն տալու որոշումներին



Աշտարակի ավագանու անդամները վերջին երկու տարիներին, օրենքի խախտմամբ, իրենք իրենց հարկային և գույքային արտոնություններ են տվել, մասնակցել այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։ 

Նախկին և ներկա քաղաքապետերը ևս ավագանու անդամների օգտին որոշումներ են կայացրել՝ աճուրդով հողեր օտարել։ 

Օրինակ՝ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Աշտարակի ավագանին որոշել է որոշ աշտարակցիների գույքահարկի և հողի հարկի մասով հարկային արտոնություն տրամադրել։ Այդ ցանկում հայտնվել են նաև ավագանու անդամներ Նորիկ Անդրեասյանը, Աշոտ Հունանյանը և Նավասարդ Պետրոսյանը։ 

Երեք անդամները միասին ստացել են գույքահարկի մոտ 122 հազար դրամի արտոնություն։ Մասնավորապես՝ Անդրեասյանը ստացել է  70 000, Հունանյանը՝ 22 000, իսկ Պետրոսյանը՝ 29 844 դրամի արտոնություն։ Նիստին մասնակցել են նաև ավագանու այս անդամներից Աշոտ Հունանյանը և Նավասարդ Պետրոսյանը, ովքեր կողմ են քվեարկել իրենց՝ գույքահարկի արտոնություն տալու որոշմանը։ 

Սա «Տեղական ինքնակառավարման մարմինների» մասին օրենքի խախտում է, քանի որ օրենքը հստակ սահմանում է՝ ավագանու անդամը չպետք է մասնակցի ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին։ 

Ավագանու անդամները արտոնություն են ստացել նաև 2015 թվականին։

Օրինակ՝ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի ավագանու որոշմամբ՝ ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը ստացել է 150 000 դրամ հարկային արտոնություն։ Մկրտչյանը ևս մասնակցել է ավագանու նիստին և իրեն արտոնություն տալու որոշմանը կողմ քվեարկել։ Սա կրկին վերը նշված օրենքի խախտում է, քանի որ ավագանու անդամը չի կարող մասնակցել իր հետ առնչվող որոշման քվեարկությանը։ Վահագն Մկրտչյանը Աշտարակի քաղաքապետարանի հնաբնակներից է։ Նա ավագանու անդամ է 1999 թվականից՝ արդեն 18 տարի։

Այս որոշումից երկու ամիս անց Մկրտչյանը գույքահարկի 8,900 դրամ արտոնություն է ստացել։ Նույն օրվա նիստին 105 600  դրամ գույքահարկի արտոնություն է ստացել նաև ավագանու մյուս անդամ Տիգրան Գալստյանը։

Նրանք կրկին մասնակցել են իրենց արտոնություն տալու որոշման քննարկմանը և կողմ քվեարկել որոշման նախագծին։

Տիգրան Գալստյանը որոշումից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 28-ին,  ավագանու մյուս անդամ Նորիկ  Անդրեասյանի հետ ավագանու կողմից կրկին գույքահարկի արտոնություն է ստացել։ Գալստյանն այս անգամ ստացել է գույքահարկի 70 000 դրամի, իսկ Անդրեասյանը՝ 444.000 դրամի արտոնություն։ Ավագանու անդամները, կրկին օրենքի խախտմամբ, մասնակցել են իրենց իսկ արտոնություն տալու հարցի քննարկմանը և կողմ քվեարկել։

Աճուրդով հողեր՝ ավագանու անդամներին 

2016-ից մինչ այս տարվա հունիս ամիս Աշտարակի քաղաքապետարանը աճուրդով համայնքային սեփականություն հանդիսացող 32 հող է օտարել։ 

Օտարման գործարքները կատարվել են և´ նախկին քաղաքապետ Արմեն Անտոնյանի, և´ սեպտեմբերի 18-ի որոշմամբ քաղաքապետ ընտրված Թովմաս Շահվերդյանի օրոք։ 

Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը աճուրդով ձեռք են բերել նաև ավագանու անդամները։ Մասնավորապես՝ մեկուկես տարվա ընթացքում կատարված առքուվաճառքի գործարքներից կրկին օգտվել են ավագանու անդամներ Նորիկ Անդրեասյանը և Վահագն Մկրտչյանը։ 

Նրանք թեև հողամասերը ձեռք են բերել նախկին քաղաքապետ Արմեն Անտոնյանի պաշտոնավորման ժամանակ, սակայն այդ ժամանակ ևս եղել են ավագանու անդամներ։ 

Մասնավորապես՝ հոկտեմբերի 18-ին համայնքի ղեկավար Արմեն Անտոնյանը որոշել է Տիգրան Մեծ փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 900 քմ հասարական նշանակության հողատարածքը առքուվաճառքով օտարել ավագանու անդամ Նորիկ Անդրեասյանին։ Հողամասի վաճառքի գինը կազմել է  2 200 000 դրամ։ Աճուրդին մասնակցել են երկու հոգի, սակայն հողամասը ձեռք է բերել ավագանու անդամը։ 

2016-ի հոկտեմբերի 10-ի մեկ այլ որոշմամբ՝ Անտոնյանը գյուղատնտեսական նշանակության հող է օտարել ավագանու մյուս անդամ Վահագն Մկրտչյանին, Պերճ Առաքելյանի և Արմեն Աղաբաբյանին։ Վաճառքով օտարված հողամասի տարածքը կազմել է 0.8953 հա։ Հողամասի մեկնարկային գինը եղել է 181 360 դրամ, իսկ նրանք այն ձեռք են բերել 199 500 դրամով։ 

Այս որոշումներից գրեթե երկու շաբաթ անց Արմեն Անտոնյանը այլևս համայնքի ղեկավար չի եղել, քանի որ հոկտեմբերի 24-ին նրան փոխարինել է նոր քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը։ 

Գլխավոր լուսանկարը՝ ashtarak.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. Saribek Ovoyan21:53 - 18 հուլիսի, 2017
Վերլուծությունը տեղին է, սակայն թերի` որոշ մանրամասներ ներկայացված չեն, ինչը իրավունք է տալիս ենթադրելու, որ հոդվածը գրված է հատուկ անձանց սևացնելու համար։ Թերևս կիսում եմ ձեր կողմից առաջ քաշված տեսակետ, ինչի համար նիստի ընթացքում ես ևս հանդես եմ եկել հայտարարությամբ(ասածիս իսկությունը կարող եք ճշտել այն նիստերի տեսագրություններում և արձանագրություններում, որոնց մասին դուք ներկայացրել եք)։ Մեկ էլ մի բան` ո՞վ է այս հոդվածի հեղինակը։
2. ՌՈՒԶԱՆՆԱ23:46 - 18 հուլիսի, 2017
1. Հարգելի ՀԵՏՔ, նման բնույթի իրավական ակտեր կայացվում են Հայաստանի Հանրապետության բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անխտիր, առանց բացառության: Ասվածը վերաբերում և ավագանու որոշմանը և համայնքի ղեկավարի որոշմանը և համայնքի ղեկավարի կարգադրությանը: ՏԻՄ-երի ձևավորման օրվանից ի վեր նրանց կողմից կայացվել, կայացվում և համոզված եղեք. որ դեռ կկայացվեն անօրինական, չհիմնավորված իրավական ակտեր: Եվ պատճառը բոլորովին այն չէ որ աշխատակազմերում չկան կիրթ, բանիմաց, պրոֆեսիոնալ կադրեր: Պատճառը ամենաթողությունն է և անպատժելիությունը: Հավատացեք որ համապատասխան վարչական մարրմինները շատ լավ տեղյակ են այս իրավաիճակին և ոչինչ չեն կարող անել, որովհետև բոլորս էլ գիտենք թե ՀՀ-իմ ինչ քաղաքական համակարգ է տիրում և ով է ասողը իսկ ով անողը: Եվ այս ամենը այնքան սովորական է դարձել, որ թվում է թե ոչինչ չի կատարվում, որ ամեն ինչ նորմալ է...
3. ՌՈՒԶԱՆՆԱ23:48 - 18 հուլիսի, 2017
ՏԻՄ-երի կողմից ընդունվող շատ և շատ իրավական ակտեր ՀՀ օրենսդրության համաձայն անվավեր են և բնականաբար իրավաբանական ուժ ունենալ չեն կարող: Օրինակ պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքի ավագանին կրում է բացարձակապես ձևական բնույթ և ավագանիների անդամների մեծ մասը կոնկրետ համայնքի ղեկավարի թիմակիցներն են, նրա բարեկամները, ընկերները, ծանոթները, համախոհները, ստվերային գործընկերները, ընդհանուր շահ հետապնդողները, և այդպես շարունակ: Կան նաև համայնքներ, որ ավագանին 100 տոկոսով համայնքի ղեկավարի թիմն է, անգամ համայնքի ղեկավարն է փնտրում, գտնում համախոհներ, նրանց համոզում ավագանու ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել, նրանց փոխարեն մուծում ընտրական գրավները և հոգում է մնացած այլ ծախսերը: ԵՎ սա բացարձակ ճշմարտություն է, քանի որ ոչ ոք անվճար չի աշխատի ոչ ոքի համար: Եվ այս ամենը արվում է նրա համար որ ՀՀ օրենսդրության համաձայն համայնքում ընտրված լինի ՏԻ մարմին՝ ավագանի, և այստեղ հատկանշականն այն է, որ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂՅԱԿ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ:
4. ՌՈՒԶԱՆՆԱ23:50 - 18 հուլիսի, 2017
Արդյունքում ստացվում է այնպես որ համայնքում իրավաբանորեն և միանգամայն օրինական և հիմնավորված գոյություն ունի և գործում է համայնքի ավագանի, սակայն իրականում, փաստացի ավագանի գոյություն չունի, այն ՈՉԻՆՉ է և կրում է ձևական բնույթ: Եվ այս ամենից հետո համայնքի ղեկավարներն ինչ ուզում են, ոնց ուզում են, ինչքան ուզում են այնպես էլ որոշում են: Եվ բնականաբար ավագանին լինելով համայնքի ղեկավարի ԳՈՐԾԻՔԸ չի կարող համայնքի ղեկավարի որոշումները վիճարկել դատարանում, իակ ավագանու անդամը չի կարող վիճարկել իր իսկ որոշումը, չէ որ դա անտրամաբանական կլիներ: Սա դեռ մի կողմ: Կան համայնքներ, որտեղ ավագանու անդամները բացակայում են համայնքից, անգամ ՀՀ-ից, բայց բացում ես որոշումը և տեսնում որ ստորագրել են դրա տակ: Եվ այս փաստը չի հուզում մեր կառավարությանը, իսկ միգուցե նրանք սա իսկապես չեն նկատում, որովհետև դրանք խնամքով թաքցվում են նրանցից......
5. ՌՈՒԶԱՆՆԱ23:52 - 18 հուլիսի, 2017
Կան համայնքներ, որտեղ քաղաքացին ավագանու անդամ է ընտրվել և ընդհանրապես չգիտի թե ինչ է ավագանին և որն է իր դերը իր իրավունքները և պարտականությունները, այս դեպքում ասացեք խնդրեմ ինչպես նա կարող է օրինակ համայնքի բյուջե հաստատել: Կան ավագանու անդամներ ովքեր աշխատում են կոնկրետ կազմակերպություններում և չգիտես թե ինչպես նույն ժամին մասնակցել են և ավագանու նիստի և օրինակի համար աշխատել են ավագանու նստավայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գընվող իրենց աշխատավայրում (մի գուցե սինխրոնիզացիա): Էլ չեմ խոսում անգրագետ համայնքի ղեկավարներից ովքեր անգամ չգիտեն, որ գոյություն ունի օրենք որը կոչվում է տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, իսկ մեր հարգելի համայնքի ղեկավարների ծանրակշիռ մասը երբեք ՏԻՄ օրենքը ամբողջությամբ ընդհանրապես չի կարդացել.... Անօրինականությունները շատ-շատ են: Ինձ հետաքրքրում է թե արդյոք այս հրապարակումից հետո ավագանին իր անօրինական որոշումը կվերացնի թե ոչ, կամ ասենք համապատասխան մարմինները դրանք կվիճարկի դատարանում թե ոչ: Եթե ոչ, ապե էլ ինչի համար են ՏԻՄ-երի իրավական ակտերը, առանց դրանց էլ կարող եին նույն բաները անել, այսպես թե այնպես որոշումները իրավաբանական ուժ չունեն.....
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ