HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական դումայի նախագահն ընդունել է Արա Բաբլոյանին

Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին հուլիսի 17-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Հայաստանը մեզ համար ռազմավարական եւ հուսալի գործընկեր է»,-նշել է Վյաչեսլավ Վոլոդինը: Պետական դումայի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների հարաբերությունները գնալով ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

Արա Բաբլոյանը, խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին, մասնավորապես նշել է. «Այս տարին հայ-ռուսական դարավոր հարաբերություններում հոբելյանական է, քանի որ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը»:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Այս տարվա հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը ձեռնարկեց հերթական սադրանքը. 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի ռազմական ուժերը կիրառեցին համազարկային կրակի համակարգեր: Ադրբեջանը, կրակակետերը տեղակայելով բնակավայրերի մերձակայքում, իր բնակչությանն օգտագործեց որպես կենդանի վահան: Այդպիսի սադրանքներից, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված բազմաթիվ մարդկային կորուստներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը հավատարիմ մնար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի 2016 թվականի գագաթնաժողովներում ընդունված պայմանավորվածություններին»:

Արա Բաբլոյանը, խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին, նշել է, որ վերջերս ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը մեծ դժվարություններ է առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ԱԺ նախագահն առաջարկել է վերանայել այդ մոտեցումը:

Ի պատասխան ՀՀ խորհրդարանի ղեկավարի բարձրացրած խնդրի՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Հաշվի առնելով, որ օրենքն արդեն ընդունված է՝ իր հերթին Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել են բացառություններ:

Հակադարձելով այս առաջարկին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Քննարկումների արդյունքում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ռուսական կողմը բաց է քննարկումների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում անդրադառնալ այդ հարցին՝ գտնելով հնարավոր այլընտրանքային լուծումներ:

Կողմերը քննարկել են նաեւ միջազգային հարթակներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, ձեռք են բերվել աշխատանքային նոր ձեւաչափերի ներդրման պայմանավորվածություններ: 

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Հայ ժողովրդի համար չկա ավելի վիրավորական բան, քան որևե լեզվի տալ պետական կարգավիճակ՝ առավել ևս ռուսերենին, որը ռուսներից բացի ոչ մեկին պետք չի։ Դա կլինի ամենամեծ հանցագործությունը մեր ինքնությունը բնորոշող ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ փառավոր անցյալի և ապագայի նկատմամբ։ Ռուսական ինչ֊որ ողորմելի չինովնիկի բերանից հնչած մտքերը նորություն չեն, արդեն մի քանի տարի է նման զառանցանքներ արտաբերվում են զանազան հարթակներում և որոնք չեն ստացել արժանի պատասխան։ Բանը հասել է նրան, որ Երևանում անցկացվող տարբեր մակարդակի հայ֊ռուսական հանդիպումները բացառապես վարվում են ռուսերեն լեզվով։ Հայաստանում ռուս բնակչության իսպառ բացակայության պայմաններում ավելանում են ռուսակամ դպրոցները։ Պետական հիմնարկներում աշխատանքի չեն ընդունում ռուսերենին չտիրապետող անձանց։ Այս ամենը սկսվեց անգրագետ նախագահ ունենալուց, ով , հայերենին չտիրապետելու պատճառով ստիպված միջազգային ամբիոններից ելույթ էր ունենում ռուսերեն՝ երկիրը դարձնելով ծաղրի առարկա։ Ինչևե, քանի դեռ ամեն ինչ կորած չէ պետք է ռուսերենի հարցը մեկընդմիշտ ալնպես փակել, որ ոչ մի թոկից փախածի մտքով չանցնի ոտնձգություն անել Հայոց Լեզվի նկատմամբ։ Ինչու են պետավտոտեսչության աշխատակիցները աչք փակում այն բանի նկատմամբ , երբ Հայաստան գործուղվող բոլոր ռուսաստանցիները ՀՀ տարածքում մեքենա են վարում միայն ռուսական վարորդական վկայականներով։ Եթե մեր վկայականները իրենց մոտ չեն անցնում, ապա նույնը վերաբերվում է իրեց վկայականներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter