Չորեքշաբթի, 26 հուլիսի

ՀՀ քանի՞ քաղաքացի կա արտերկրի բանտերում. Հայաստանի պետական կառույցները պատասխան չունեն



Հայաստանը, ի դեմս պետական կառույցների, չի հետաքրքրվում այլ երկրում գտնվող իր քաղաքացիներով. չգիտի` նրանցից քանիսն են բանտերում, ինչ հոդվածներով են դատապարտված, ովքեր են նրանք:

Պարզելու համար, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է պատիժ կրում կամ կալանքի մեջ արտերկի բանտերում, «Հետք»-ը հարցումներ ուղարկեց Հայաստանի պետական հնարավոր բոլոր կառույցներին: Որոշել էինք կազմել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների «բանտային քարտեզը», և մեզ անհրաժեշտ էին ստույգ ու ամբողջական տվյալներ:

Նախ դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած տվյալները թերի են և ամբողջական տեղեկատվություն ունենալու համար ուղղորդեց դիմել ոստիկանություն և արդարադատության նախարարություն։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հարցումն ուղարկելու հենց հաջորդ օրն իր հերթին առաջարկեց դիմել ԱԳՆ: «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը ՀՀ ոստիկանության իրավասության շրջանակներից դուրս է»,- գրավոր պատասխանել էր ոստիկանությունը։ Արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ պատասխանեց, որ չի տիրապետում պահանջվող տվյալներին` համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասին, այն է` «Տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է»: 

Արտգործնախարարություն դիմեցինք երկրորդ անգամ` գրավոր հարցմամբ: Զուգահեռ նույն հարցումն ուղարկեցինք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանություն (արտակարգ և լիազիոր դեսպան` Ձյունիկ Աղաջանյան)` հասկանալու համար` արդյո՞ք հնարավոր է այլ երկրներում Հայաստանի դիվանագիտական ծառայություններից ստանալ մեզ անհրաժեշտ ինֆորմացիան: «Հաջողվելու» դեպքում որոշել էինք հարցումներն ուղարկել այլ երկրներում Հայաստանի դիվանագիտական բոլոր ծառայություններին:

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից զանգահարեցին խմբագրություն` տեղեկացնելով, որ իրենք մեզ պատասխանել կարող են միայն այն դեպքում, եթե հարցումն ուղարկվի ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության միջոցով:

Սակայն արտաքին գործերի նախարարությունն իրենց ուղարկած մեր հարցումը հյուպատոսական ծառայություններին այդպես էլ չվերահասցեագրեց: Օրեր անց պատասխան ստացանք, թե  «օտարերկրյա պետություններում ձերբակալված, կալանավորված և քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ՀՀ քաղաքացիների միասնական հաշվառում ՀՀ ԱԳՆ-ում չի վարվում, քանի որ դա ԱԳՆ իրավասության շրջանակներից դուրս է»:

Նախարարությունը «հարկ է համարել» հիշեցնել 1963թ. «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը: ԱԳՆ-ի մեջբերմամբ` համաձայն կոնվենցիայի. «Ընդունող պետության իրավասու մարմիններն ուղարկող պետության հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են այդ պետության որևէ քաղաքացու ձերբակալված լինելու, բանտում գտնվելու, մինչև դատավարությունը կալանքի տակ գտնվելու կամ որևէ այլ ձևով անազատության մեջ լինելու մասին այն դեպքում, եթե այդ մասին տվյալ քաղաքացին ներկայացնում է պահանջ» (մուգ շեշտադրումը՝ ԱԳՆ-ի)։

Կոնվենցիայի այս կետը, որի հիման վրա ԱԳՆ-ն մեզ տվյալներ չի տրամադրել, չի բացառում դրանց հավաքագրումը, այն միայն սահմանում է ընթացակարգ, համաձայն որի` օտարերկրյա պետություններում ձերբակալված, կալանավորված և քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ՀՀ քաղաքացիները հաշվառվում են, եթե այդ մասին պահանջ են ներկայացնում հյուպատոսական ծառայություն: Հարցի մյուս կողմն է, որ տվյալները կարող են, ի վերջո, ոչ ամբողջական լինել, քանի որ հնարավոր է` ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները դիմեն տվյալ երկրում ՀՀ հյուպատոսական ծառայություն կամ դեսպանատուն: Նշենք, սակայն, որ Արտաքին գործերի նախարարությանը մինչև գրավոր հարցում ուղարկելը հեռախոսազրույցի ընթացքում նախապես խնդրել էինք տրամադրել թեկուզ իրենց ունեցած ոչ ամբողջական տվյալները։

Քանի որ մեջբերված իրավական հիմքով` կոնվենցիայով, մեր հարցմամբ պահանջված տվյալները տրամադրելու արգելք չկա, ստացվում է` կամ օտարերկրյա պետություններում կալանավորված և քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ՀՀ որևէ քաղաքացի չի դիմել տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ծառայություն, կամ ԱԳՆ-ն այն տվյալները չի հավաքագրել և ամփոփել` մեզ տրամադրելու համար: Ավելի հավանական ենք համարում երկրորդ տարբերակը, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է:

Հայաստանի չորս պետական օղակով «ճամփորդելուց» հետո որոշեցինք այլ երկրում ՀՀ քաղաքացի դատապարտյալների և կալանավորների մասին հարցում ուղարկել հենց այդ երկրի պետական կառույցներին: Փորձի համար գրավոր պաշտոնական հարցում ուղակեցինք Նիդերլանդների Թագավորության անվտանգության և արդարադատության նախարարություն. խնդրել էինք տրամադրել ոչ միայն Նիդերլանդների բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը, այլև անունները և այն քրեական հոդվածը, որով դատապատրվել կամ կալանավորվել են:

Նախարարությունը թեև մերժեց տրամադրել բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների անուններն ու քրեական հոդվածները, սակայն տեղեկատվություն տրամադրեց նրանց քանակի վերաբերյալ: Պատասխանում նշված էր, որ մեր հայցած տեղեկատվությունը ստացվել է հոլանդական բանտային ծառայություններից: «Վեց ՀՀ քաղաքացիներ այժմ հոլանդական բանտերում են քրեական հանցագործությունների համար»,- գրել է նախարարության խոսնակ Յապ Օստերվերը (Jaap Oosterver):

լուսանկարը` cnn.com-ից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ