HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հետք»-ի լրագրողը մրցանակ ստացավ

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Երեւանի մամուլի ակումբի 22-րդ տարեդարձին նվիրված արարողությունը, որի ընթացքում հանձնվեցին ԵՄԱ ամենամյա մրցանակները: 

Կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար Sut.am կայքն արժանացավ ԵՄԱ մրցանակին: Այս պորտալը «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ հիմնած ԶԼՄ է, որի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: 

Մրցանակը հանձնվեց կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանին: Նա իր ելույթում նշեց, որ եթե Հայաստանում չլինեին ազատ լրատվամիջոցներ, ապա իրենց թերեւս ամենահայտնի՝ նախընտրական շրջանում դպրոցների տնօրենների կողմից ձայներ հավաքագրելու հետաքննության արդյունավետությունն ու իշխանությունների կողմից կազմակերպության նկատմամբ ճնշումները կարող էին այլ ավարտ ունենալ: 

Որակյալ լրագրությունը եւ նորարարությունը լավագույնս համադրելու համար «Ազատություն»  ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Նարինե Ղալեչյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակի: 

Հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը պատկերող «Պատերազմի եւ խաղաղության կռիվը» ֆիլմաշարի համար Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ նախագծերի խմբագիր Տիգրան Դանիելյանն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին: 

Հայաստանի առցանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետազոտության համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն արժանացավ ԵՄԱ մրցանակին: 

Հայաստանի մարզական կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար, լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին: Մրցանակը հանձնեց Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակի առաջին դափնեկիր, մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը: 

Հրապարակախոսական նյութի ինքնատիպ մատուցման համար՝ լրագրող Լուսինե Հովհաննիսյանն արժանացավ ԵՄԱ մամուլի մրցանակին: Նշենք, որ Հովհաննիսյանը նաեւ Հետք-ի հեղինակներից է: 

«Հետք»-ի լրագրող Երանուհի Սողոյանը նույնպես մրցանակ ստացավ: ԱՄՆ ՄԶԳ աջակցության եւ Համայնքների ֆինանսիստների միավորման համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը Սողոյանին մրցանակ հանձնեց տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների թեմային հավատարիմ մնալու համար: Մրցանակը հանձնեց «Համայնք-ՀաՄաՏեղ» թերթի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը, նշելով, որ շատ լրագրողներ համայնքների խոշորացմանն անդրադառնում են միայն բացասական նոտայով, այնինչ քիչ են հավասարակշռված լուսաբանումները: 

ՀաՄաՏեղ ծրագրի 2016-2017 թվականի մյուս մրցանակակիրը Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունն է: Մրցանակը հանձնվեց լրագրող Անժելա Մամաջանյանին: 

ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998 թվականից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին: 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ: 

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միշտ հետաքրքիր է հետեւել, թե լրագրողներն ինչպես են կարողացել արտացոլել արագ փոփոխվող աշխարհը. «Բացի այդ, տեխնոլոգիաների զարգացումը լրագրողների համար նույնպես զարգացման հնարավորություն է ստեղծում, եւ մենք միշտ մեր մրցանակակիրներին որոշելիս դա հաշվի ենք առնում: Կարծում եմ՝ հասարակությունը նույնպես այլ կերպ է սկսել ընկալել ժուռնալիստիկան որպես այդպիսին, եւ ժուռնալիստիկան գնալով ավելի ու ավելի հետաքրքիր կերպ է սկսել ազդել հասարակական կյանքի վրա»: 

Հարցին՝ նորմա՞լ է, երբ քաղաքական իշխանություններն այսքան անտարբեր են մամուլի փոփոխություններին, ավելի ժողովրդավար երկրում կուրախանայի՞ն, որ կա, օրինակ, Sut.am-ի նման նախագիծ, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որեւէ երկրում ուրախանում են, երբ լրագրողները բացահայտումներ են անում: Պարզապես նրանք կարողանում են ցույց չտալ, որ դժգոհ են: Մեզ նման երկրներում, որտեղ խորհրդային տոտալիտար համակարգի միտումներն առայժմ դրսեւորվում են, իշխանությունները շատ դեպքերում չեն կարողանում իրենց զսպել: Բայց որքան էլ դժգոհ են՝ սկսում են համակերպվել, որ սա է այսօրվա տեղեկատվական միջավայրը: Ես որքան էլ դժգոհ եմ Հայաստանում պետական քաղաքականությունից՝ լրատվամիջոցների ոլորտում, բայց չեմ կարող չնշել, որ շատ այլ երկրների համեմատ՝ մամուլին ճնշելու փորձերն ավելի քիչ են: Հուսով եմ` այդ իրավիճակը չի փոխվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter