Կիրակի, 23 սեպտեմբերի

Արարատյան դաշտավայրում ջրային պաշարները գերշահագործվել են. ջրի արդյունավետ կառավարումը գերխնդիր է



«Ուրբան» կայուն  զարգացման հիմնադրամը եւ գործընկերները՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, Երեւանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, այսօր, Երեւանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում հայտարարեցին Արարատյան դաշտավայրում իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագրի մեկնարկի մասին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» նոր ծրագրի հանրային մեկնարկի միջոցառումը տեղի ունացով Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի, գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

Կառավարության ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում շեշտադրեցին հարուստ ջրային պաշարներ ունեցող Հայաստանում ջրի անարդյունավետ կառավարման հարցը, մանրամասնեցին անարդյունավետ կառավարման հետեւանքները, որն ուղղակիորեն անդրադառնում է բնակչության սոցիալական կյանքի վրա:

Բանախոսները նշեցին, որ Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանը 1300 ք/կմ տարածք զբաղեցնող Արարատյան դաշտավայրում է: Սակայն ջրային ռեսուրսների թերի կառավարման պատճառով, Հայաստանում հիմնական գյուղմթերք արտադրող դաշտավայրի շատ համայնքների համար խմելու եւ ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է։ Ոռոգման ջրի պահանջարկն այժմ աճում է կլիմայի փոփոխության, ձկնաբուծարանների զարգացման եւ ջրօգտագործման թույլտվությունների մեծ քանակի տրամադրման հետեւանքով` հանգեցնելով ստորերկրյա ջրային ռեսուրսների կտրուկ սպառմանը:

«Արարատյան դաշտավայրում ջրային պաշարները գերշահագործվել են, որի հետեւանքով ունենք շրջանառությունից դուրս եկած հողակտորներ: Սա արդեն ազգային անվտանգության հարց է եւ պատահական չէ, որ հողերի կառավարումը Կառավարության գերակա խնդիրներից մեկն է համարվում»,- իր խոսքում նշեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը հայտնեց, որ ջրի արդյունավետ կառավարման եւ  կյանքի բոլոր ոլորտներում ջուրը ճիշտ օգտագործելու խնդիր ունենք: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար, ձկնաբուծական տնտեսություններում, կենցաղում, բայց ոչ արտադրական նպատակով: Արդյունավետության համար ձկնաբուծարաններում օգտագործվող ջուրը հնարավոր է մաքրելուց հետո օգտագործել գյուղատնտեսության մեջ, որը չի արվում:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Դավթյանն անդրադարձավ իր զբաղեցրած ոլորտում կատարված աշխատանքներին եւ նորամուծություններին, որոնք միտված են ջրի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հայտնեց, որ ջրային պաշարների ուսումնասիրություն է իրակակացվել, եւ ջրային ռեսուրսների շտեմարան է ստեղծվել: Արտեզյան ջրերի մի քանի անօրինական հորեր են փակվել, ձկնաբուծարաններում ջրի եւ շրջակա միջավայրի խնայողության ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու փորձարարական օրինակներ կան, եւ դրանք պետք է տարածում ստանան, Արարատի եւ Արմավիրի մարզում կաթիլային ոռոգման են անցնելու եւ այլն:

«Ուրբան» կայուն  զարգացման հիմնադրամի եւ գործընկերների իրականացնելիք եռամյա ծրագիրը միտված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արտադրողանակության, արդյունավերտության եւ որակի բարելավմանը՝ քաղաքացիների ակտիվ մասնակցության եւ ջրային ենթակառուցվածքների փոքրածավալ ծրագրերի իրականացման միջոցով: Նրանց համոզմամբ՝ ծրագիրը կնպաստի հանրային վարքագծի փոփոխությանը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

«Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը հայտնեց, որ Հայաստանում հիմնական գյուղմթերք արտադրող Արարատյան դաշտավայրում տարեց-տարի ոռոգման եւ խմելու ջրի պահանջարկի աճ է գրանցվում: Ջրօգտագործման արդյունավետության բարձրացման տեսակետից պետական մարմինների, ինչպես նաեւ տնտեսվարողների համար կարեւոր է ջրօգտագործման ծավալների ճիշտ չափումն ու հսկողությունը: Առանց հանրային մասնակցության համակարգը չի կարող արդյունավետ կառավարվել: Սակայն, ջրային ռեսուրսների կառավարման գործընթացներում Արարատյան դաշտի բնակիչների եւ ջրօգտագործողների մասնակցության եւ իրազեկվածության մակարդակը ցածր է:

«Ուրբան» կայուն  զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնելով նպատակ ունի՝ խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության եւ իրազեկման միջոցով: Ծրագրի նախապատրաստական փուլում հարցումներով  ջրի լուրջ սակավություն ունեցող 30 համայնք է հաշվարկել եւ մշակված որոշակի չափանիշներով ընտրել է 12 գործընկեր համայնքներին: Այսօր, ծրագրի հանրային մեկնարկի միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արմավիրի եւ Արարատի մարզի 6-ական համայնքների ղեկավարների հետ: Առաջին անգամ համայնքները գործնական մասնակցություն կունենան ջրի կառավարմանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. ԱՐՄԵՆ22:56 - 19 հուլիսի, 2017
Արարատյան դաշտավայր հասկացություն գոյություն չունի, կա դաշտ,հարթավայր,կոպիտ խախտում է
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ