HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ու ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը քննարկել են հայ-էմիրաթական համագործակցության զարգացման հեռանկարները

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի խոսքով՝ հայ-էմիրաթական հարաբերությունները Հայաստանի և արաբական երկրների միջև փոխգործակցության լավագույն օրինակներից են, և ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում տնտեսական ու ներդրումային գործակցության ընդլայնման համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերը զարգացման ավելի գործնական փուլ են թևակոխել՝ կարևորելով 2017 թ. մարտին Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ կառավարության կողմից ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչի արդյունքում ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի էական աճ է արձանագրվել: Նշելով, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ՝ ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Համագործակցության զարգացման համատեքստում Կարեն Կարապետյանը ողջունել է «Dubai Expo-2020» ցուցահանդեսի անցկացումը, որին մասնակցելու է նաև Հայաստանը: 

ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ Էմիրությունները կարևորում են Հայաստանի հետ հաջող համագործակցության շարունակական զարգացումը և շնորհակալություն հայտնել ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի պահանջի վերացման համար: Նրա խոսքով՝ վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտում արձանագրված զգալի աճն ավելացնելու մեծ ներուժ ու հնարավորություններ կան, և պետք է հետևողական աշխատել այդ ուղղությամբ: Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Բին Սուլթան ալ Նահայանը հեռանկարային է համարել նաև գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության զարգացմանն ու սերտացմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter