HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Ալաշկերտի» երազանքը փշրվեց

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր բելառուսական ԲԱՏԷ-ին։

Հաշվի առնելով առաջին խաղում գրանցված 1։1 հաշիվը, այսօրվա խաղը մեծ աժիոտաժ էր առաջացրել հայ ֆուտբոլասերների մոտ։ Մրցակցի դաշտում խփած գնդակը «Ալաշկերտին» հաջորդ փուլ դուրս գալու հույսեր էր տվել։

Խաղի նախօրեին լրագրողների հետ զրույցում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չթաքցրեց, որ մեծ ակնկալիքներ ունի իր սաներից եւ ուզում է հայկական ֆուտբոլի պատմությանը նոր էջ ավելացնել։ «Մենք խաղալու ենք առաջին համարով։ Եթե փակվենք եւ խաղանք պաշտպանությունից, սխալ կլինի»,-ասել էր Խաշմանյանը։

Խաղի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ մարզադաշտ էր եկել մոտ 8-9 հազար հանդիսատես՝ մի քանի անգամ շատ, քան անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ խաղին։

«Ալաշկերտը» խաղի առաջին 20 րոպեներին շատ լավ տպավորություն թողեց եւ ԲԱՏԷ-ին սեղմել էր նրա կիսադաշտում։ Խաղի 18 րոպեին Ուրոշ Նենադովիչը սուր փոխանցում ստանալով Արտակ Եդիգարյանից, խոցեց Դենիս Շչերբիցկու դարպասը։

«Ալաշկերտը» փորձում էր նոր հնարավորություններ ստեղծել, բայց փոխարենը ԲԱՏԷ-ն հավասարեցրեց հաշիվը։ Երեւանյան թիմի պաշտպանները Միխայիլ Գորդեյչուկին թույլ տվեցին հեռվից ազատ հարվածել։ Դարպասապահը չկարողացավ փրկել դրությունը։ Ընդհանրապես, Արսեն Բեգլարյանը վերջին մի քանի խաղերին առանձնապես հուսալի դարպասապահի տպավորություն չի թողնում։ Որսում է այն գնդակները, որոնք հնարավոր է հեշտությամբ որսալ։ Դժվար է հիշել թեկուզ 2-3 դեպք, երբ Բեգլարյանը բարձրակարգ դարպասապահին հատուկ վարպետությամբ փրկած լինի «Ալաշկերտին»։

14 րոպե անց Գորդեյչուկը դուբլ ձեւակերպեց։ Այս գոլում Բեգլարյանի սխակն ակնհայտ էր։  

Ալաշկերտցիները փորձում էին նոր վտանգավոր ստեղծել ԲԱՏԷ-ի դարպասի մոտ, սակայն ոչ մի գրոհ այդպես էլ գոլի չվերածվեց։ Իսկ երբ 78-րդ րոպեին Վոլոդկոն հաշվի դարձրեց 1։3, երկրպագուները սկսեցին լքել «Հանրապետական» մարզադաշտը, «Ալաշկերտին» թողնելով առանց աջակցության։

Հայաստանի չեմպիոնը չկարողացավ օգտվել բացառիկ հնարավորությունից։

Խաղից հետո Աբրահամ Խաշմանյանը հայտարարեց, որ այս պարտությանն արդարացում չկա, եւ որ ԲԱՏԷ-ն ուժեղ էր «Ալաշկերտից»։ Նա դժգոհեց խաղի գլխավոր մրցավարից եւ նրա օգնականից։

 Հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Երմակովիչն ասաց, որ իր թիմի հաղթանակն սպասելի էր։

«Ալաշկերտ»-ԲԱՏԷ դիմակայությամբ ավարտվեց հայկական թիմերի մասնակցությունը եվրագավաթների նոր մեկնարկած մրցաշարջանում։

Ի դեպ, չնայած հանդիպման կարեւորությանը, մարզադաշտի բարձրաստիճան հյուրերի օթյակը դատարկ էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter