HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր լրագրողների համար. ԽԱՊԿ-ն հրապարակել է հերթական զեկույցը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, որը ներառում է տվյալներ վերջին ընտրությունների եւ հետընտրական ժամանակահատվածի վերաբերյալ:

«2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարեւորագույն երկու իրադարձություններ՝ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունները։ Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու խոչընդոտումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան։

Այսպես, ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու եւ ճնշում գործադրելու 9 դեպք։ Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա դրանց նախորդող քարոզարշավի ընթացքում իսկ արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ. մեկ բռնության եւ երկու խոչընդոտումների դեպքեր։ Ֆիզիկական բռնության 2 դեպք եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին։   

Ընդհանուր առմամբ, 2017 թ. երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Իսկ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասավ 57-ի։

2017 թվականին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների

Խախտումների տեսակները

2017 թ. 1-ին եռամսյակ

2017 թ. 2-րդ եռամսյակ

Ընդամենը 2017 թ. 1-ին կիսամյակ

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ

3

5

8

Ճնշումներ` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ

32

57

89

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ

5

10

15

2016 եւ 2017 թթ. առաջին կիսամյակներին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները

Խախտումների տեսակները

2016 թ.

2017 թ.

Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ

3

8

Ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ

30  

89

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ

15

15

Դիտարկվող ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներկայացվել է 33 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Կիսամյակի կտրվածքով՝ այդ գործերի քանակը հասավ 48-ի։ Սա լրատվամիջոցների հիմնադիրների ու դրանց աշխատակիցների դեմ դատական հայցերի աննախադեպ ալիք է՝ 2010թ. մայիսին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից ի վեր։

2017 թ. երկրորդ եռամսյակն աչքի ընկավ նորաստեղծ խորհրդարանի պատգամավորների և այլ հայտնի անձանց անհիմն ու անարդարացի մեղադրանքներով լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, շարունակվեց նրանց հետ վիրավորական արտահայտություններով խոսելու, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, «դասեր» տալու միտումը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ այդպիսի վարքագիծ են դրսեւորել, օրինակ, հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը եւ այլոք։

Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ն շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ առաջինում որեւէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում՝ ընդամենը մեկ նոր մեղադրյալ է ի հայտ եկել։ Այս փաստերը եւս մեկ անգամ հիմք է տալիս ասելու, որ նախաքննության արդյունավետությունը բավարար չէ, եւ Հատուկ քննչական ծառայության քայլերը համարժեք չեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասշտաբներին։

Երկրորդ եռամսյակի կարեւոր իրադարձություններից էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 2-ին հայտարարած մրցույթը՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքսի) ստեղծման համար։ Մեկ տարի առաջ կազմակերպած նույնատիպ մրցույթը չկայացած համարվեց՝ դիմողներ չլինելու պատճառով։ Մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ։ Պատճառը խոցելի հայեցակարգային մոտեցումներն ու օրենսդրական դրույթներն են։

Մայիսի 31-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է կարգավորել ռադիոհեռարձակման անցումը թվային համակարգին։ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել առանց շահագրգիռ հասարակական լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու, ինչպեսեւ նախորդ տարիներին՝ հեռուստահեռարձակման թվայնացմանը վերաբերող մի շարք այլ օրինագծերի դեպքում։ Մինչդեռ, արդեն ընդունվելուց եւ հրապարակվելուց հետո այն մի շարք մտահոգություններ առաջացրեց, օրինակ՝ ինչո՞ւ թվայնացման պայմաններում, երբ բազմաթիվ հաճախականություններ են ազատվում, հնարավորություն չի տրվում երկրի բոլոր մարզերում տեղական մասնավոր ռադիոընկերություններ հիմնել ու գործարկել։

Ի տարբերություն այս օրենքի, ապրիլ-հունիս ամիսներին շարունակվեց լայնորեն քննարկվել շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, ինչի արդյունքում իշխանությունները որոշ զիջումների գնացին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter