HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ է հրապարակել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Մեծարգո Նախագահ,

Ես՝ Ստեփան Արտուշայի Գրիգորյանս, ծնված 1963 թվականին, ձերբակալվել եմ 1996թ․ ապրիլի 26-ին, մեղադրվել եմ 1961թ․-ի Քրօրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին և 7-րդ կետերով և որպես սպանության մասնակից՝ 1997թ․ դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի կողմից դատապարտվել եմ մահապատժի։ 2003թ․ օգոստոսի 1-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ներման հրամանագրով» մեկ այլ՝ առավելագույն դատավճռի ենփարկվեցի՝ ցմահ ազատազրկման։

Պարոն Սարգսյան,

23 տարի անազատության մեջ գտնվողիս թվում էր, որ Ձեր կողմից արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները վերջապես ազատության դուռը կբացեն։

Սակայն, արի ու տես, որ այսպես կոչված պայամանական վաղաժամկետ ազատման նոր հանձնաժողովը շարունակում է իր նախորդի սև գործը։ 2017թ․ հուլիսի 6-ին «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի որոշմամբ ներկայավել էի վաղաժամկետ ազատման։ Հանձնաժողովը, սակայն, 15 րոպե ինձ հետ զրուցելով՝ պարզեց, որ ես դրսևորել եմ ոչ պատշաճ վարքագիծ։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ մեթոդով կարողացան նրանք բացատայտել, որ ես, այսպես ասած, դեռ վտանգավոր եմ հասարակության համար։ 23 տարի շարունակ ինձ հետ աշխատել են «Նուբարաշեն», «Արթիկ», «Արմավիր» ՔԿՀ-ների անվտանգության ապահովման օպերատիվ, սոցիալ-հոգեբանական և իրավական բաժինների ծառայողները։ Ըստ նրանց՝ ես արդեն կարող եմ ինտեգրվել հասարակությանը, վերջապես լինել ընտանիքիս հետ։ Բայց այդ հանձնաժողովը գրչի մի հարվածով փշրեց հույսս ու հավատս վաղվա օրվա նկատմամբ։

Անկոտրում կամք ունեմ, երբեք չեմ ընկճվել ոչ մի բանից և չեմ էլ ընկճվի։ Մարդ տեսակս չեմ  կորցրել, անազատության մեջ գտնվելով՝ կարողացել եմ դաստիարակել երկու երեխաներիս, ում միշտ լավատեսություն եմ սերմանել, նրանք բարձրագույն կրթություն են ստացել և այսօր երկուսն էլ պիտանի են անկախ Հայաստանին։

Զղջացել եմ կատարած հանցանքիս համար, ես ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից, որը հստակ երևում է նաև դատավճռից։ Այս տարիներին փոխվել եմ, ապաշխարել մեղքերիս համար և իմ ամենօրյա աղոթքով խնդրել Արարչին լույսի մի նշույլ պարգևել, որպեսզի հայտնվեմ ազատության մեջ։ Ի՞նչու այդ հանձնաժողովը ջուրը գցեց ոչ միայն իմ սպասելիքները, այլ համակարգի բոլոր աշխատակիցների օրնիբուն աշխատանքը։

Հարգարժան Սերժ Ազատի,

Սրանք լոկ բառեր չեն, որոնք շարադրված են պարզապես գութ արթնացնելու համար։ Հավատում եմ Ձեզ և վստահում եմ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությանը։ Արդարև, կուզեի համոզված լինել, որ վերջապես արդարագատությունը Հայաստանում գերակա է։

Օրեր, ամիսներ, տարիներ շարունակ ինձ հետ աշխատել են արդարադատության համակարգի տարբեր մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններն ամբողջությամբ ներդրել են, և, արդյունքում, 23 տարի անց վարչակազմը վերջապես պատշաճ բնութագրով ինձ ներկայացրեց պայմանական վաղաժամկետ ազատման։ Կուզեի հասկանալ, թե այդ 15 րոպեների ընթացքում ինչ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորեցի, որը հիմք տվեց հանձնաժողովին  նման եզրակացություն անելու։

Հավատացնում եմ Ձեզ, որ իրավական ոչ մի նորմի մեջ չի տեղավորվում չարաբաստիկ այս պատճառաբանությունը՝ «ոչ պատշաճ վարքագիծ»։

Մեծարգո Նախագահ, չեմ ուզում, որ իմ նամակը հնչի որպես «ձայն բարբառո անապատի»։ Դիմելով Ձեզ՝ ուզում եմ հույս ունենալ, որ մեր երկրի նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, կարող է կայացնել նախադեպային որոշում և արդարացիորեն հնարավորություն տալ արդեն միանշանակ փոխված և ուղղված դատապարտյալիս վերադառնալ ընտանիք, ապրել մարդավայել և ուժերիս ներածին չափ ամեն կերպ, իմ ամենօրյա վարքագծով ապացուցել, որ չկա նախկին հանցագործ Ստեփան Գրիգորյանը։ Այլ նրա փոխարեն հասարակություն կարող է վերադառնալառողջ  հոգով և մտքով ՀՀ քաղաքացի։ Պատրաստ եմ նույնիսկ ցանկացած ժամկետով անցնել ցանկացած տիպի փորձաշրջան։

Մեծարգո Նախագահ,

Հավատում եմ Ձեզ՝ Ձեր գործին և Ձեր որոշմանը։

Հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter