HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Ջուլֆալակյան. «Ես փորձում եմ իմ ապրելակերպով օրինակ ծառայել»

Հայկական մարզաշխարհի նորագույն պատմության ամենասիրելի ու ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը Արսեն Ջուլֆալակյանն է: Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ու միջազգային կարգի սպորտի վարպետն անցել է բավականին հետաքրքիր ու դժվարին ճանապարհ: Արսեն Ջուլֆալակյանը` Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին, միայն վերջին տարիներին է սկսել մտածել, թե ինչպես ստացվեց, որ ինքը չմնաց Լևոն Ջուլֆալակյան անվանի մարդու հռչակի ստվերում:

«Իրականում շատ բարդ է, բոլոր առումներով է բարդ: Անվանի մարդու զավակ լինելու փաստը կարող է կործանարար լինել հենց անձի համար, երեխայի համար: Տարբեր բնագավառներում դու առնչվում ես այդ բարդույթին: Ինչ ուզում ես` արա, միևնույն է, ամեն բան վերագրում են քո ծնողներին »,-ասում է Արսեն Ջուլֆալակյանը:

«Սկզբում ահավոր էր, շատ վատ էի զգում դրանից: Ամեն գրանցած հաջողություն վերագրում էին հորս, անընդհատ նշում էին, որ` դե, Լևոն Ջուլֆալակյանի որդին է, այդպես էլ պետք է լիներ: Բայց թե որտե՞ղ էր դա գրված՝ չգիտես, մանավանդ, երբ հասկանում ես, թե ինչպիսի դժվարությամբ ես ամեն ինչի հասնում: Դա շատ բարդ էր, բայց ժամանակի ընթացքում սկսեցի ավելի թեթև դրան նայել: Հասկացա, որ պետք է պարզապես այդպիսի խոսակցություններին, կարծիքներին ուշադրություն չդարձնել: Ուղղակի պետք է անես քո գործը, թող մարդիկ խոսեն: Մեկ անգամ կվերագրեն, երկու, տասը… Հետո գալիս է մի պահ, երբ արդեն ծիծաղելի է դառնում…Իսկ արդեն ավելի ուշ, երբ ավելի հայտնի դարձա, սկսեցի ինչ-որ չափով ինքս աշխատել հայրիկիս անվան վրա: Հաղթում էի, ինչ-որ հաջողություն էի գրանցում, բոնուս էր գնում Լևոն Ջուլֆալակյանի անվան վրա: Այնպես որ, հիմա այդ պահն արդեն անցյալում է, այդպիսի խնդիրներ հիմնականում լինում են հասունացման տարիքում»,-պատմում է Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզիկի խոսքերով` ինքն իր աչքի առաջ միշտ ունեցել է հոր օրինակը, բայց երբեք իր առջև Լևոն Ջուլֆալակյանին գերազանցելու խնդիր չի դրել. «Նախ` պետք էր հասնել այդ տիտղոսներին, հետո նոր` անցնել, բայց նման բան չի եղել, եղել է բնական ընթացք: Եթե շատ ես հաղթում, պարզ է, անցնում ես: Սպորտում, մանավանդ` ըմբշամարտում, այնպես է, որ երբ դու գորգի վրա ես, երբեք չես նայում հակառակորդդ հայրդ է, եղբայրդ, թե ընկերդ: Այդ պահին դու մոռանում ես ամեն ինչ ու մրցում ես ողջ լրջությամբ: Դա ևս եղել է»:

Արսեն Ջուլֆալակյանը հիշում է, որ մարզումների ժամանակ ինքն ու հայրը անգամ իրար վնասել են. «Մի անգամ հայրս փորձում էր հնարք կատարել, չէր ստացվում: Այնպիսի մի արգելված շարժում արեց, որ քթիցս արյուն եկավ: Բոլորը զարմացած նայում էին»:

Ըմբիշի խոսքերով` իր անհատականության ձևավորման գործում ծնողների, իսկ կայացման փուլում՝ հատկապես մոր ազդեցությունը շատ մեծ է եղել. «Մայրս շատ ուշադիր է եղել իմ հանդեպ, ինձ երբեք նուրբ չի դաստիարակել: Լինում է, երբ տղաների հետ մայրերն ավելի շատ են աշխատում, ակամայից տղային չափից ավելի նուրբ են դաստիարակում, քան պետք է: Իմ պարագայում դա չի եղել: Դաստիարակվել եմ շատ չոր ու տղամարդուն վայել ձևով: Ու դրա համար շատ շնորհակալ եմ ծնողներիս»:

Արսեն Ջուլֆալակյանը մանկուց ունեցել է ծանրաբեռնված գրաֆիկ, հաճախել է ինքնազարգացման տարբեր խմբակներ:

«Պետք է երեխային տաս, որ հետո ստանաս: Փոքր տարիքում պետք չէ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, մտածել, թե մի քանի բանով զբաղվելով՝ լուրջ հաջողություններ չի ունենա: Կարծում եմ` նախ պետք է երեխային բազմակողմանի զարգացնել, իսկ հետո նա կընտրի նեղ մասնագիտացում: Իմ դեպքում այդպես էր: Ես ամեն տեղ կայի, բայց վերջում մնացին սպորտն ու ուսումը»,- ասում է Արսենը:

Արսեն Ջուլֆալակյանից մեծ ջանքեր, նվիրվածություն, ֆիզիկական ու մտավոր ներուժ է պահանջվել մարզական հաջող կարիերան բարձրագույն կրթության հետ համատեղելու համար: Հիշում է, որ մի անգամ Լևոն Ջուլֆալակյանն իրեն ասել է` եթե երկուսի հետևից ես գնում, երկուսն էլ բաց կթողնես, որոշիր, մեկի վրա կենտրոնացիր:

«Բայց մեծ ջանքերի շնորհիվ ինձ հաջողվեց երկու ոլորտներում էլ լուրջ հաջողությունների հասնել (Արսեն Ջուլֆալակյանը ներկայում սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ասպիրանտուրայում):

Միջազգայնագետ ըմբիշի խոսքերով` եթե կշեռքի նժարներին դնենք սպորտն ու  դիվանագիտությունը, ապա այսօր իր համար սպորտի նժարը ավելի ծանր կկշռի. «Ժամանակային առումով սպորտը շատ կարճ է, իսկ դիվանագիտությամբ կարելի է հիսունից հետո էլ զբաղվել: Սպորտում ես ունեմ առավելագույնը 4 տարի, դրանից ավելիի մասին խոսելն արդեն սուտ կլինի: Ասել, որ 37 տարեկանում ես փորձելու եմ ինչ-որ հրաշքներ գործել սպորտում, քիչ հավանական է: Պետք է հասկանալ, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Բնության օրենքն է»:

Հարցին, թե Արսեն ըմբիշն ու Արսեն դիվանագետը հաճա՞խ են պայքարի մեջ, Ջուլֆալակյանը ժպիտով պատասխանում է. «Օ~, նրանք իրար հետ բնավ պայքարի մեջ չեն: Երբեմն Արսեն դիվանագետը, եթե այդպես անվանենք, պայքարի մեջ է ինքն իր հետ, որովհետև մեր իրականության մեջ բաներ կան, որոնց հետ ես ոչ մի կերպ չեմ կարող հաշտվել: Ցավում եմ, որ այդպիսի արժեքավոր մարդիկ ծնած և ծնող ազգը նման ցավալի իրավիճակում է այսօր: Ու ես չեմ կարող դրա հետ հարմարվել: Չասեմ, որ ելք չեմ տեսնում, տեսնում եմ, բայց շատ քիչ ու դժվարին…Այ, դրա հետ եմ ես պայքարի մեջ: Փորձում եմ հասկանալ՝ ինչով կարող եմ ես օգտակար լինել, արմատական փոփոխություններ անել: Որովհետև, էլի կրկնեմ, 21-րդ դարն է, պետք է ամեն ինչ շատ ուրիշ կերպ լիներ, բայց, ցավոք, այդպես չէ: Ու ես հասկանում եմ, որ այս պահին որոշակի նախաձեռնություններում իմ ընդգրկվելը, իմ կենսակերպը կարող են դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Երբ դու պահանջում ես, պետք է առաջինը օրինակ լինես: Ես փորձում եմ իմ ապրելակերպով օրինակ ծառայել, որ մարդիկ հասկանան, որ եթե դու հայտնի ես, պետք է չկտրվես հասարակությունից, դու աստվածային ինչ-որ կերպար չես: Եթե դու հայտնի ես, դա շատ լավ է, բայց ինչո՞վ ես դու յուրահատուկ, որ պետք է անձեռնմխելի լինես»:

Արսեն Ջուլֆալակյանի համոզմամբ` 21-րդ դարում փողի մրցավազքը մարդուն  դարձրել է նյութականի գերի. «Մենք անընդհատ վազում ենք, ուզում ենք ավելի շատ վաստակել, չենք գնահատում այն, ինչ ունենք ու հաճույք չենք ստանում մեր վաստակածը ծախսելուց, սպառելուց: Մենք չենք գնահատում պահի արժեքը: Բայց ես հասկացել եմ, որ պետք է գնահատես այն, ինչ ունես ու վստահեցնում եմ, որ  մարդիկ շատ ավելի շատ բան ունեն, քան իրենք պատկերացնում են: Պարզապես պետք է գնահատել ունեցածը և վայելել պահը…»:

Արփինե Մուրադյան

Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter