HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատավորը երբեք չի փայլել կարգապահությամբ, որ մեզ սովորեցնի»,-«Սասնա ծռերի» գործով նիստի ընթացքում հայտարարեց Տիգրան Մանուկյանը

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստը սկսելուց առաջ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը և Նինա Կարապետյանցը հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել և դատարանի դահլիճ ներս չմտան: Մուշեղ Շուշանյանը արձանագրություն ներկայացրեց դատարան` ներկայացնելով առարկությունները: Նա նշեց, որ համոզված է` իր նկատմամբ նորից սանկցիա կկիրառվի: Նիստը սկսվելուց հետո Արամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը, դիմելով դատավորին, հարցրեց, թե ինչպես պետք է նիստը շարունակել առանց պաշտպանների ներկայության, այն դեպքում, երբ ամբաստանյալները ևս դահլիճում չեն գտնվում: «Ապօրինի պահանջ է ներկայացվում մեր գործընկերների նկատմամբ,- նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը և ավելացրեց. Եթե մեր պաշտպանյալները դահլիճում չլինեն, ես էլ չեմ լինի»:

Դատական նիստին չէր ներկայացել նաև Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Փաստաբանը դատարան գրություն էր ներկայացրել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ հինգշաբթի օրը կայանալիք նիստերին: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ Լիպարիտ Սիմոնյանը կայացած չորս նիստի չի ներկայացել: Թորոս Թորոսյանը դատարան բերվեց և նշեց, որ չի հրաժարվում Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանությունից: Դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավվելու համար դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, քանի որ Թորոս Թորոսյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա: «Առարկում եմ Ձեր կողմից ակնհայտ անօրինական որոշման դեմ, քանի որ Թորոս Թորոսյանը նշեց, որ չի հրաժարվում և ցանկանում է, որ միայն Լիպարիտ Սիմոնյանը պաշտպանի իր շահերը», -հայտարարեց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը և ավելացրեց, որ պաշտպանը նախօրոք տեղեկացրել է իր զբաղվածության մասին, ուստի դատարանը պետք է նիստը հետաձգի:

«Ըստ նիստերի ժամերի է հաշվարկում սանկցիաները, մենք միջնորդում ենք, որպեսզի մեր պաշտաններին անհապաղ ներկայացնեն նիստին: Մենք ունենք հանձնարարություն մեր պաշտպանյալների կողմից` առանց իրենց ներկայության նիստը չշարունակել»,- նշեց Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը և ավելացրեց, որ իր պաշտպանյալի ներկա չգտնվելու դեպքում ինքը նիստին չի մասնակցի:

Փաստաբան Գրիշա Բալասանյանն էլ նշեց, որ դատավարությունն առաջ չի գնում, քանի որ նախագահող դատավորը ճիշտ չի կազմակերպում այն: Այնուհետև դատարանին դիմելով` պահանջեց բոլոր ամբաստանյալներին դահլիճ բերել:

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը նույնպես նիստին չէր ներկայացել, ուստի դատարան բերվեցին նաև նրա պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանը և Տիգրան Մանուկյանը, ում նկատմամբ ևս վեցժամյա սանկցիա էր կիրառվել: Ամբաստանյալները հրաժարվեցին այլ պաշտպան ունենալուց: Դատավորը, դիմելով Տիգրան Մանուկյանին, նշեց, որ դատավորի հետ խոսելու ժամանակ պետք է կարգապահություն պահպանել, իսկ Տ. Մանուկյանը հայտարարեց. «Դատավորը երբեք չի փայլել կարգապահությամբ, որ մեզ սովորեցնի»:

Դատավորն ընդմիջեց նիստը` կարգադրիչների կողմից ներկայացված արձանագրություններին ծանոթանալու համար, որոնք վերաբերում էին փաստաբաններ Մ. Շուշանյանին, Ա. Պապիկյանին և Ն. Կարապետյանցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter