HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հյուպատոսը խաղատուն է կառուցում

Կառավարության այսօրվա որոշման համաձայն` «Դվին» հյուրանոցը կվերակառուցվի «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» և «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ընկերությունների համատեղ ներդրումների հաշվին։

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ Դվին հյուրանոցային համալիրի գնորդ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը գրությամբ դիմել է վարչապետին՝ առաջարկելով կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի ընդունված որոշման մեջ հիշատակել նաև «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ՍՊԸ-ին՝ որպես «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության հետ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի համաներդրող։

Որոշման նախագծից պարզ է դառնում, որ «Դավիթ Բեկ Էնթերթեյնմենթս» ընկերությունը որոշել է հյուրանոցի ներսում զբաղվել շահումով խաղերի կազմակերպմամբ՝ 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում։ Այս ներդրման չափը սահմանված է կառավարության որոշմամբ, և ընկերությունը կարող է  շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան ստանալ, եթե կարողանա ապահովել այդչափ ներդրում։

Կառավարության` նախորդ տարի ընդունած որոշման մեջ համաներդրողի անունը բացակայում է, ինչը, ըստ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության, կարող է հանդիսանալ լիցենզիա տրամադրելու մերժման հիմք։

Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Դավիթ Բեկ Էնթերթեյմենթս» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին։ Ընկերության սեփականատերը «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ն է։

Կիպրոսում գրանցված «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited) «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատերն է:

Ինչպես արդեն գրել ենք՝ «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ»-ը Կիպրոսում գրանցվել է 2008թ-ին: Ընկերության բաժնեմասը 2010 թվականից հավասարապես կիսում են օֆշորային երկու այլ ընկերություններ՝ Բելիզում գրանցված՝ BERFARQ INVESTMENTS LIMITED-ն ու Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված՝ JADIS SERVICES INC.-ը:

Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանը «Հետքի» հետ հարցազրույցում ասել է, որ BERFARQ INVESTMENTS LIMITED-ի բաժնետերը ինքն է, իսկ JADIS SERVICES INC.-ի բաժնեմասը ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնինն է, որը, ըստ հյուպատոսի, առողջական խնդիրների պատճառով մտադիր է հրաժարվել իր բաժնեմասից:

Արտակ Թովմասյանը

Ստացվում է՝ հյուպատոսը նոր ընկերություն է հիմնադրել՝ խաղատուն կառուցելու համար, որին ևս ներգրավում է որպես ներդրում իրականացող ընկերություն։

Դեռևս 2016-ին ընդունված որոշմամբ՝ նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և անվան վերանվանում «Դավիթ Բեկ» հյուրանոցի, որը հիշեցնում է ներդրում կատարող ընկերության անվանումը։

Նոր ներդրողի ներգրավման, շահումով խաղերի կազմակերպման թույլտվության տրամադրման որոշման նախագիծը ներկայացվել է որոշ պետական կառույցների։ Ֆինանսների նախարարությունից և պետական եկամուտների կոմիտեից դիտողություններ են եղել։

Ֆինանսների նախարարությունը նշել է՝ եթե առաջարկության նպատակը «Դավիթ Բեկ Էնթերթեյմենթս» ՍՊԸ-ի կողմից հետագայում «խաղատների կազմակերպման» լիցենզիայի համար դիմելն է, ապա անհրաժեշտ կլինի հիմնավորել «Դավիթ Բեկ Էնթերթեյմենթս» ՍՊԸ-ի կողմից (այլ ոչ թե այլ կազմակերպության կողմից) 40 միլիարդ դրամ ներդրում կատարելու փաստը:

Պետական եկամուտների կոմիտեն էլ հայտնել է, որ այս փոփոխությունները կատարելու պարագայում քննարկման ենթակա հարց է հանդիսանալու համալիրի վերակառուցման համատեղ ներդրումային ծրագրի, ներդրողների և ներդրումների չափի համապատասխանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter