HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սասնա ծռերի» փաստաբանների նկատմամբ սանկցիաները շարունակվում են

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալներից 15-ի նկատմամբ սանկցիա կիրառեց և 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Դատավորը որոշեց փաստաբաններ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի նկատմամբ նույնպես սանկցիա կիրառել` կարգապահական վարույթ սահմանելու համար դիմել փաստաբանների պալատ: Փաստաբանները հրաժարվել էին ներկայանալ նիստին, քանի որ չէին ցանկացել կարգադրիչների մոտ բացել պայուսակները` նշելով, որ կարգադրիչի գործողություններն անօրինական են, և իրենց նկատմամբ կատարվում է խուզարկություն:

Նիստի ընթացքում փաստաբանները հանդես եկան հայտարարություններով: Դատավորը փաստաբաններին ասում էր, որ նիստը ձգձգվում է, քանի որ ամբաստանյալները չգիտեն` ինչպես կարգուկանոն պահպանեն դատարանում, իսկ փաստաբանները չեն ներկայանում նիստերին: Փաստաբան Երվանդ Վարոսյանը, դիմելով դատավորին, ասաց. «Այսօրվա նիստը ո՞վ տապալեց: Ինեսսա Պետրոսյանն անգամ համաձայնվեց, որ ամբաստանյալների պաշտպաններից ովքեր ներկա են, նրանց ներգրավման փուլն  անցնենք, առաջ գնանք: Ամեն ինչ կարգին ընթանում էր, մինչև դուք որոշեցիք ուղղակի գնալ` լավ իմանալով հետևանքը: Հիմա գնալու եք` սանկցիայի մասին որոշում կայացնելու: Ստացվում է, որ մե՞նք ենք նիստը տապալում»:

Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ կարծես թե դատավորն այդպես վարվելու «հրաման է ստացել». «Ասացիք տոթ է դահլիճում, ընդմիջում հայտարարեցիք, հետո դուրս եկաք, որից հետո սանկցիա հայտարարեցիք»: Շարունակելով խոսքը` Ինեսսա Պետրոսյանն ավելացրեց. «Մանվել Աթոյանը և Արամ Հակոբյանը ասացին, որ ոտքի հետ խնդիրներ ունեն, չեն էլ կարողանում կանգնել, քիչ առաջ դուք թույլ տվեցիք, որ չկանգնի Արամ Հակոբյանը, հիմա բոլորի ներկայությամբ սանկցիա եք կիրառու՞մ» :

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ այդ պահին է միայն Արամ Հակոբյանին թույլ տվել ոտքի չկանգնել:

Փաստաբանները նշեցին նաև, որ իրենց նկատմամբ կա խտրական վերաբերմունք:

«Նինա Կարապետյանցի զննությունը անցել է նորմալ, հետո արգելել են, խտրական վերաբերմունք է եղել: Ինչպե՞ս եք շարունակելու դատական նիստը, եթե խախտվել է ամբաստանյալների և նրանց պաշտպանների իրավունքը»,- նշեց փաստաբան Գրիշա Բալասանյանը:

«Տպավորությունը հետևյալն է, որ որոշվել է առանց պաշտպանության կողմի դատական նիստ անել, չգիտեմ` ով` Դու՞ք, որոշո՞ղը: Առաջին քայլը խուզարկությունն էր` շատ լավ իմանալով, որ պահանջը ներկայացնելուց հետո փաստաբանը չի բացելու պայուսակը և խուզարկության չի ենթարկվելու: Այսօր Դուք ճիշտ որոշում կայացրիք` ամբաստանյալներին բերելով դահլիճ: Նիստը ընթանում էր, բայց նորից հեռացրիք` իմանալով, որ մենք էլ ենք գնալու: Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի նիստը տեղի չունենա»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Դատավորը նշեց, որ մի քանի անգամ բացատրվել է, թե որն է խուզարկությունը, որը զննությունը:

Ընթերցվեցին փաստաբաններ Մուշեց Շուշանյանի, Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի վերաբերյալ արձանագրությունները:

Փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո փաստաբան Գրիշա Բալասանյանը միջնորդությամբ հանդես եկավ` բարձրաձայնելով ջրերի շշերը նիստերի դահլիճ բերելու, ինչպես նաև ընդմիջումների տևողությունը հստակեցնելու հարցերի մասին:

Դատավորն առաջարկեց` եթե փաստաբանները ջուր խմելու կարիք ունենան, դիմեն դատարանին և թույլտվություն ստանան, այլապես նիստերի դահլիճը կդառնա «ընդմիջման վայր` բուֆետ», որին ի պատասխան` փաստաբանն ասաց. «Դպրոցում չենք, որ ձեռք բարձրացնենք ու թույլտվություն խնդրենք»:

Դատարանը որոշում կայացրեց նաև Թորոս Թորոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար դիմել հանրային պաշտպանի գրասենյակ:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հուլիսի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter