HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գոմքի՝ հայկական Շվեյցարիա դառնալու չմարող երազանքը

Ասֆալտապատ ճանապարհի պարգեւած երանելի հանգստությունը կտրուկ ընդհատվում է մեքենայի աջ թեքվելուն զուգընթաց: Ուղեցույց ցուցանակ չկա, տներից մեկի դռան առաջ կանգնած տարեց կինը մեր հարցմանն ի պատասխան՝ ձեռքով է անում.«Ճիշտ եք գնում»: Բարեկարգ Զառիթափում ասֆալտի շերտն ավարտվում է՝ ազդարարելով Գոմք տանող փոսառատ ճանապարհի մուտքը: Լեռնային, ծառազուրկ ճանապարհը ոլոր-մոլոր շրջադարձերով ձգվում է միայն վեր: Ախտա գետի ափամերձ լանջերին, ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա է գտնվում Վայոց ձորի մարզի, Զառիթափ խոշորացված բնակավայրի կազմում ընդգրկված Գոմք համայնքը:

Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունը» մեծարժեք երկում։ Պատմիչի թողած տեղեկություններով Գոմքը 6 չափ հարկ է տվել Տաթեւի վանքին, իսկ դա նշանակում է, որ շենը եղել է ոչ շատ մեծ: Ըստ պատմական տեղեկությունների, բնակավայրն ի սկզբանե կոչվել է Գոմք եւ ոչ մի հիմնավորում չկա, որ այն հին Գոմեր գյուղն է: Փոքրիկ այս բնակավայրն առավել հայտնի է 1263թ-ին կառուցված խաչքար-մատուռով՝ իր կառուցվածքով, մտահղացմամբ, քանդակներով եւ վիմագիր հիշատակարաններով անգնահատելի մի կոթողով:

Գոմքը հիմա էլ է դասվում փոքր բնակավայրերի շարքին՝ 103 տնտեսություն, 255 բնակիչ: Նախկինում ոչ հայաբնակ այս գյուղը 1989թ-ին վերաբնակեցվել է Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, երկրաշարժից հետո աղետի գոտուց եւ հանրապետության այլ վայրերից տեղափոխված ընտանիքներով: Նախկին համայնքապետ, համայնքների խոշորացումից հետո Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը գյուղ տեղափոխվել է  շատ տարիներ առաջ Ջերմուկ քաղաքից: «Եկա երկու տարով հաշվապահ աշխատելու՝ ընդմիշտ հաստատվեցի այստեղ»,-Մխիթարը ծիծաղում է:

Ամառային տոթը մեղմող թույլ, զով քամի է խաղում: Կեսօրից մեկ ժամ առաջ ենք հասել Գոմք ու գյուղին բնորոշ ամայությունն այնքան էլ չի զարմացնում: «Չկա պարապ մարդ Գոմքում, չեք գտնի՝ բոլորն աշխատում են, էս ժամին մենակ խաղացող երեխեքի կհանդիպեք գյուղամիջում»,- չտված հարցի պատասխանն է հնչեցնում 40-ամյա ղեկավարը: Գոմքում մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայողներ են: Արտագնա աշխատանքի գնացողները քիչ են: Համայնքների խոշորացումից հետո 3 ընտանիք փակել են տների դռներն ու մեկնել ՌԴ: Այս փաստը Մխիթար Հովհաննիսյանը ցավով է նշում: «Վարկերի տակ են, գնացել են գումար աշխատեն ու հետ գան՝ խոստացել են,- ասում է Մխիթարը,- մարդիկ կառչած են հողին՝ ուղղակի պետք է չհիասթափեցնես, պետք է անընդհատ խոսքով ու գործով ցույց տաս, որ լավ է լինելու»:

Մխիթար Հովհաննիսյանը

Նախկին համայնքապետի հետ զրույցը բավական անկեղծ ու անմիջական է: «Հա, լավ, զարմանում եմ, դուք հե՞չ չէիք լսել Գոմքի մասին,-հարցնում է Մխիթարը՝ տեղեկանալով, որ առաջին անգամ եմ գյուղ այցելում,-բա մեր մասին էդքան գրել են»: «Լսել էի,-ասում եմ,-բայց հիմա եկել եմ իմ պատկերացրած Գոմքը բացահայտելու, էն Գոմքը, որ ուզում էիք Շվեյցարիա դարձնել, սակայն խոշորացումը համայնքների խանգարեց, էն Գոմքը, որի ավագանին համարվում էր օրինակելի ողջ հանրապետությունում: Եվ ի՞նչ է մնացել այդ ամենից՝ ինքնուրույնությունից զրկվելուց հետո. ահա թե ինչն եմ ուզում բացահայտել»:

Զրուցակիցս մի պահ մտախոհ լռում է. «Ճիշտն ասած հազիվ էինք հունի մեջ ընկել՝ ծրագիրը ծրագրի հետեւից էինք անում, դոնորներն արդեն լավ ճանաչում էին, վստահում, մենք էլ ոգեւորված մտածում էինք, թե էլ ի՞նչ անենք, ի՞նչ ծրագրեր բերենք, որ Գոմքի ժողովուրդը հավատա վաղվա օրվան: Ու պատկերացրեք վատ չէր ստացվում: Մենակ թե էս խոշորացումը մի քիչ տեմպից գցեց մեզ: Ուղղակի մի կողմից է բախտերս բերել, որ խոշորացված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը «չէ՛» չի ասում, որ ասում եմ՝ գիտե՞ք ինչ, էս ծրագիրը կա, համաֆինանսավորում է պետք, ասում է՝ արեք, ես ներդրումը կտամ: Հլը որ մեզ դուխ տվողն էս հանգամանքն է»:

Գոմքի հաջողությունները մինչեւ խոշորացումը

Մխիթար Հովհաննիսյանը համայնքների խոշորացմանը դեմ արտահայտվող ամենաակտիվ համայնքապետերից էր: Պատմում է, որ անգամ 2015թ-ին տարածքային նախարարության կազմակերպած Ֆրանսիայի եւ Գերմանիայի խոշորացված համայնքներ կատարած այցը չի համոզել՝ ընդհակառակը, հենց այնտեղ է հասկացել, որ հայկական մոդելի ու եվրոպականի միջեւ սար ու ձորի տարբերություն կա:

«Յոթ համայնքապետով էինք, տարան, որ տեսնենք եվրոպական փորձը, բայց դե հեչ համեմատելու բան չէր ախր՝ վերցնենք թեկուզ բյուջեն: Ֆրանսիայում նույնիսկ էն միացող գյուղերն արդեն իսկ մեծ բյուջե են ունեցել ու դա գումարվելով ահռելի թիվ է կազմել,- բացատրում է զրուցակիցս,- էնքան գումար ունեին, որ գործարաններ էին կառուցել, աշխատատեղեր էին ստեղծել, աշխատող չունեին՝ էմիգրանտներին էին տանում, որպես էժան աշխատուժ: Բա չէ, մեր նման՝ բյուջեն 5 մլն դրամ լինի, որի 90 տոկոսը մենակ աշխատավարձի վրա ծախսվի»:

Մինչեւ խոշորացումը Գոմք համայնքի բյուջեն չի գերազանցել 5 մլն դրամը, որից 4 մլն 300 հազարը բավարարարել է աշխատակազմի աշխատավարձը վճարելուն, իսկ 700 հազար դրամով պիտի ընթացիկ աշխատանքներ իրականացնեին: Պետության աջակցությունը 3,5 մլն դրամն էր, մնացածը՝ սեփական եկամուտները: Աղքատիկ բյուջեով Գոմքում, Մխիթար Հովհաննիսյանի փոխանցմամբ, ամեն տարի 30 մլն դրամի ծրագիր է իրականացվել: Սա աճպարարություն չէ, ասում է զրուցակիցս, ամենօրյա աշխատանքի, վազքի, պայմանավորվածությունների հստակ կատարման արդյունք է:

«Էստեղ մեծ գաղտնիք չկա, պիտի նախ ցանկություն ունենաս համայնքդ զարգացնելու, հետո պիտի հասկանաս առաջնահերթություններդ, հետո իհարկե պիտի գտնես աջակիցներ ու պատրաստ լինես ներդրումով մասնակցելու,- բացատրում է Մխիթարը,- դոնոր կազմակերպությունը քեզ ընդառաջում է, երբ հասկանում է, որ պատրաստ ես ինքդ էլ ներդրում կատարել: Առաջ ո՞նց էր, սպասում էինք, որ գան ծրագիրն անեն, թողնեն գնան՝ մենք հետեւից քանդենք: Իսկ հիմա էդպես չէ, դու ինքդ պիտի քո գումարով, քո աշխատանքով մասնակցես, որ սիրտդ էլ ցավի, դոնորն էլ համոզված լինի, որ իր արած ներդրումը տեղ հասավ»:

Մխիթար Հովհաննիսյանը Գոմքի ղեկավարումը ստանձնել է 2012թ-ից: ՏԻՄ ընտրություններում գյուղի 120 ընտրողից 90-ն իր օգտին են քվեարկել, մնացած 30 ձայնը բաշխվել է մյուս երկու թեկնածուների՝ նախկին համայնքապետերի միջեւ: «Իրենց տնեցիք ու բարեկամներն էին ձայն տվել, ինձ՝ ողջ գյուղը: Էստեղ էլ ընդունված կարծրատիպը կոտրվեց, թե ընտրվում է մեծ ազգ ունեցողը: Ուղղակի մարդիկ տեսել էին իմ ակտիվությունը՝ որոշեցին վստահել»: Մինչեւ համայնքի ղեկավար դառնալը Մխիթար Հովհաննիսյանը բավական ակտիվ գործունեություն է ծավալել՝ լինելով ԵՀԿ (Երիտասարդների համագործակցության կենտրոն) անդամ, փոքր ծրագրեր է իրականացրել, մարդիկ տեսել են կատարածի արդյունավետությունը՝ որոշել են, որ հենց նա էլ պիտի ղեկավարի Գոմքը:

«Ես 6 տարի՝ նախքան համայնքապետ ընտրվելս, սեմինար-դասընթացների եմ մասնակցել, սովորել եմ, փորձ եմ ձեռք բերել: Միջազգային կառույցները անընդհատ տալիս են, լցնում, պիտի վերցնես, հետո էլ անպայման կիրառես, թե չէ մյուսների նման կլճանաս: Ես համայնքի ղեկավարների գիտեմ, որ անհամբեր սպասում էին խոշորացմանը, որովետեւ գործ չէին անում, միշտ դժգոհում էին, որ փող չկա, փողը քիչ է ու զարմանում, թե ես իմ 700 հազար դրամով ոնց էի էդքան գործ անում»,- Մխիթարը կրկին ծիծաղում է:

Գոմքում առաջին ծրագիրը «Քաունթերփարթ ինթերնեշնլի» միջոցներով երիտասարդական կենտրոնի կառուցումն է եղել: Պատին փակցված նկարների ստենդը Մխիթար Հովհաննիսյանի հպարտությունն է՝ որպես ապացույց, թե ինչից ինչ են ստացել: Երկրորդը ծրագիրը մանկական ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծումն էր՝ ներդրվել է Վրաստանի փորձը: Գյուղում մանկապարտեզ չկար: Ցերեկային կենտրոնի ստեղծումը հուշել է Ռուզաննա Ղազարյանը, ծրագրի իրականացմանն աջակցել են Ջինիշյան հիմնադրամը (տրամադրել է անհրաժեշտ գույքը), Օքսֆամը (խաղալիքներ է տրամադրել), Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (որոշակի գույք է տրամադրել), որպես կենտրոն ընտրել են դպրոցի չօգտագործվող դասասենյակներից մեկը: Կենտրոնը գործելու էր անվճար հիմունքներով: Գյուղի մանկահասակ երեխաների ծնողները հերթականությամբ պիտի ստանձնեին այդ օրվա տնօրեն-դաստիարակ-խոհարարի պաշտոնը հասարակական հիմունքներով: Երեխաները կենտրոն էին հաճախելու առավոտյան ժամը 9-ից մինչեւ ցերեկվա ժամը 14-ը:

«Դե միտքը պատահական չեկավ: Ուրեմն խաղահրապարակ էինք կառուցել դպրոցի բակում, որ երեխաները խաղան: Հետո, որ անձրեւները սկսվեցին, երեխեքը մեղք էին, տուն գնալ չէին ուզում, պատսպարվելու տեղ էլ չկար: Ռուզաննան, որ առաջարկեց, որոշեցինք անել, ծնողներն էլ սիրով համաձայնվեցին,- պատմում է Մխիթարը,- 10-12 երեխա էին, առավոտն ամեն մեկն իր բրդուճով տնից գալիս էր: Հետո որոշեցինք, որ տարբերություն չլինի, ծնողներից օրը մեկը՝ հերթով, բոլորի համար նախաճաշիկ պատրաստի: Էս խոշորացումը, որ չլիներ, ցերեկը քնելու հարցն էլ պիտի լուծեինք, մի հոգի էլ աշխատող ընդունեի, որ էլի աշխատատեղ էր չեղած տեղից, բայց դե փաստորեն «ստոպ» եղավ խոշորացումով: Ցերեկային կենտրոնը շարունակում է գործել, ուղղակի էս պահին փակ է, որոշակի նորոգումներ պիտի անենք՝ գումարի խնդիր ունենք»:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում 2015թ- ին Գոմքում տեղակայվեց 37 կետից բաղկացած լուսադիոդային համակարգ, որն առայժմ ապահովում է բնակավայրի 60 տոկոս լուսավորությունը: Հաջորդ գաղափարը կանանց կոոպերատիվի հիմնումն էր ու ջերմոցի ստեղծումը, որ իրականություն դարձավ «Օքսֆամ» կազմակերպության շնորհիվ 2014-ին: Ի դեպ, նույն կազմակերպության տրամադրած գումարներով Գոմքում 2013թ. ստեղծվել է սառնարանային տնտեսություն:

2016թ. «Երիտասարդ կենսաբանների ասոցացիայի» եւ Ջերմուկի զարգացման կենտրոնի» համատեղ ջանքերով Գոմքում անցկացվեց էկոտուրիզմի առաջին փառատոնը, որի շնորհիվ գյուղը ճանաչելի դարձավ զբոսաշրջիկների եւ լեռնային տուրիզմի սիրահարների համար: Խմելու ջրի ջրագծի կառուցումն հաջողվեց իրականացնել ԻՖԱԴ-ի եւ համայնքի համաֆինանսավորմամբ, ինչպես նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ- աջակցությամբ:

700 հազարով դրամով 30 մլն դրամի ծրագիր իրականացնելու գաղտնիքը

«Պլան Ա-ն դա իմ ունեցած գումարն էր, բայց ես միշտ մտածել եմ պլան Բ-ի մասին՝ ընկած փող եմ ման եկել ներդրման համար, որ կարողանամ ծրագիր իրականացնել՝ ահա եւ իմ գաղտնիքը»,-անկեղծանում է  զրուցակիցս՝ նշելով, որ Գոմքը կառավարման առումով բավական բարդ համայնք է եղել, բնիկներ չկային, բոլորը եկվորներ էին ու շատ ժամանակ անհաշտ միմյանց հետ: «Ես դա էլ եմ հաղթահարել,-ժպտալով պատմում է Մխիթարը,- գալիս էին ժողովի, էն մեկը սրա կողքը չի նստում, էն մյուսը նրա հետ չի խոսում: Գնում էի տներով, խոսում, հաշտեցնում, ասում էի՝ ախր մի ընտանիք ենք, փոքր գյուղ ենք, էսպես ո՞նց կլինի, մենք դեռ պիտի երկար ապրենք կողք կողքի: Էդպես քիչ-քիչ համերաշխություն հաստատվեց գյուղում»:

Մեծ դերակատարություն է ունեցել նաեւ ավագանու նիստերին բնակիչների մասնակցությունը: Սկզբնական շրջանում դիմել են փոքրիկ խորամանկության՝ խաբել են, թե օգնություն են բաժանելու: «Իմ գյուղապետ ընտրվելուց հետո, մենք մեր բոլոր հարցերը գյուղովի ենք լուծել: Կանչում, համոզում, բերում էինք ժողովի, բյուջեն էինք ներկայացնում, բացատրում, որ այ էսքան գումար կա, էսքանը աշխատավարձն է, էսքանը մեր ծախսելիքն է, ա՜յ, էս, էս բաները չկան գյուղում ու մենք մեր ունեցած գումարով պիտի հարցերը լուծենք,- հիշելով անցած դժվարությունները՝ Մխիթարը ժպտում է,- ինձնից առաջ սեփական եկամուտների հավաքագրումը 30-60 տոկոս էր կազմում, երբ մարդիկ հասկացան, որ իրենց տված գումարներով հնարավոր է այս կամ այն ծրագիրն իրականացնել՝ արդեն բյուջեն 100-120 տոկոսով էինք կատարում»:

Նունե Ավագյանը

Զրույցին միանում է Գոմքի նախկին ավագանու անդամ Նունե Ավագյանը: Հիշում է, թե ինչպիսի բուռն քննարկումներով, վեճերով էին ընթանում ավագանու նիստերը, սակայն վերջում ընդունվում էին միայն համայնքի շահերից բխող որոշումները: Այդպես Գոմքի 5 անդամից բաղկացած ավագանին (3 կին, 2 տղամարդ) միաձայն որոշեց ջրի ցանցը չհանձնել ջրմուղկոյուղուն, այլ թողնել որպես գյուղի սեփականություն: «Մեր կին ավագանիներից մեկը միշտ, ինչ հարց լիներ, պիտի դեմ քվեարկեր, բայց ջրի ցանցի հետ կապված որոշումը կայացվել է միաձայն՝ չենք հանձնում ու վերջ,- պատմում է Նունե Ավագյանը,- մենք ընդհանրապես շատ կառուցողական ենք եղել, լիքը տարաձայնություններ ենք ունեցել, շատ ենք վիճել, բայց հետո լավ արդյունք ենք ունեցել»:

Մխիթարն ու Նունեն կատակով ասում են, թե 4 տարի ընտանիքի անդամներն իրենց երեսները չեն տեսել: Հիմա, երբ «հարկադիր պարապուրդի» են մատնվել, ամենաշատը հենց տան անդամներ են ուրախացել, իսկ իրենք դեռ չեն կարողանում հարմարվել պասիվ աշխատանքային վիճակին, որ ստեղծվել է ոչ իրենց կամքով: «Ախր երեւի չպատկերացնեք, թե ինչ տեմպ, ինչ ներվ, ինչ ոգեւորվածություն կար մեր աշխատանքի մեջ: Մարդկանց ասում էինք, համբերեք, Գոմքը Շվեյցարիա ենք դարձնելու, դուք ու՞ր եք ուզում գնալ, սա դրախտավայր է դառնալու»,- պատմում է Նունե Ավագյանը:

Մխիթար Հովհաննիսյանի խոսքով՝ վստահությունը համագյուղացիների այնքան մեծ էր ղեկավարության հանդեպ, որ արդեն չէին էլ մտածում, թե 700 հազար դրամով համայնքապետը կարողանալու՞ է որեւէ ծրագիր իրականացնել, թե ոչ, վստահ էին՝ կարող է:

«Քո ինքնավստահությունն անցնում է նաեւ համագյուղացիներիդ, բա ո՞նց,- նկատում է Մխիթարը,-չպիտի «լացես», դոնորին էլ պիտի վստահեցնես, որ կարող ես ներդրում անել, գաղտնիքը դա է: Եթե դոնորն եկավ՝ դու լացեցիր, թե փող չունեմ, չեմ կարող անել, ինքը քեզ գումար չի տա, որովհետեւ կասկածը  մտնում է սիրտը, որ կարող է էստեղ ծրագիրը ձախողվի, չկայանա: Բայց երբ վստահ ասում ես, թե գիտես ինչ, իմ բյուջեն էսքան է, ես ունեմ խնայած էսքան գումար, կարող եմ ներդնել, բայց խոսք եմ տալիս, եթե դուք ծրագիրը անեք, մարզպետարանով, կառավարությունով, վերջը անհայտ բարերարով, կբերեմ էն պակասող գումարը` քեզ վստահում են: Սա է ողջ գաղտնիքը»:

Պատմում է, որ իր ղեկավարման տարիներին կուտակած ֆոնդային 3 մլն դրամը հաջողվել է ծախսել միայն անցած տարի՝ ներդրում են կատարել ջրային ցանցի կառուցման ծրագրում: Կատակով պատմում է, որ մի ծրագրի հետ կապված այնքան է նամակ գրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությանը, որ արդեն որպես պատասխան նամակ-հորդոր է ստացել, թե՝ «պարոն Հովհաննիսյան, էլ մի գրեք, մենք ձեզ կպատասխանենք»:

Գոմքի ապագան՝ Շվեյցարիա, թե՞ պարզապես փոքրիկ մի բնակավայր խոշորացված համայնքի կազմում

Գոմքի նախկին համայնքապետի համոզմամբ կարելի էր բացառություն անել եւ գյուղը չներառել խոշորացված փնջում՝ թողնել որպես մոդել, հետեւել, թե ինչպես է ինքնուրույն զարգանալու: «Լավ կլիներ, որ թեկուզ փորձի համար Գոմքը թողնեին մոդելային, փորձեին, տեսնեին ինչ զարգացում կունենայինք՝ կարող է Շվեյցարիա էինք դառնում»,- Մխիթարը ծիծաղում է՝ հավելելով, որ չի կարող պարապ, անգործ նստել, կառավարությանը բիզնես ծրագիր է ներկայացրել՝ ցանկանում է կաթի վերամշակման փոքր արտադրամաս կառուցել 100 քմ մակերեսով, մոտ 600 քմ տարածքով անասնագոմ ունեն: Ցանկանում է բարձր ցեղային տեսակի անասուններ պահել, կաթի շուկան էլ տեղում ձեւավորել:

«Գյուղից գալիս 120 դրամով են տանում, հիմա եթե մենք 30 դրամ ավել տանք՝ գյուղացիք կաթը մեզ կտան: Մեր մոտ ալպիական գոտի է: Կաթը շատ յուղալի ու համով է ստացվում, Գոմքի պանիրն էլ հայտնի է իր համային հատկանիշներով՝ հատկապես Ջերմուկի առողջարաններն են շատ վերցնում: Մտածում ենք տուրիզմը զարգացնել: Էկոտուրիզմի փառատոնից հետո գյուղում շատերն են ոգեւորվել, տները նորոգում են, որ կարողանան տուրիստ ընդունել: Չորանոց ենք պատրաստվում տեղադրել, որ ծիրանի չիր պատրաստենք, այսինքն սա կոոպերատիվի ծրագիրն է: 500  մետր ներքին ցանցի խնդիր ունեմ, էս տարի կանենք, սպասում ենք, որ Զառիթափին տեխնիկան տան՝ մենք մեր ուժերով անենք, գյուղի լուսավորության ցանցն էլ պիտի ավելացվի՝ խոստացել են մինչեւ մյուս տարի վերջացնել՝ տեսնենք»,- զրույցը եզրափակում է Մխիթարը:

Լուսանկարները Երանուհի Սողոյանի եւ Վազգեն Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter