HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղ համայնքում խոշորացման արդյունքներն ամռանն էլ են հաշվում

Սուսաննա Շահնազարյան

Նիկոլայ Բադամյանը Սյունիքի մարզի Վաղատուր բնակավայրում է ապրում, ասում է, որ բոլոր ժամանակներում ինքն ակտիվ մասնակցել է գյուղի կյանքին. չի թաքցնում, որ տասնամյակներ առաջ, չհամակերպվելով կոլխոզի նախագահի անգործության հետ, վստահ լինելով, որ իր կարծիքը կիսում են նաև համագյուղացիները, այդ մասին նամակ է ուղարկել ՀԿԿ կենտկոմ, որտեղից եկած մարդիկ, «համոզվելով իսկության մեջ», ժողով են հրավիրել ու նոր նախագահ ընտրել:

Նույն մտահոգությամբ նա իր կարծիքն է արտահայտում նաև համայնքների խոշորացման մասին. «Չեմ խաբի, դեմ էի, ասում էի' կարո՞ղ ա էս աշխարհքից մեր անունը վերանա, հիմա էլ էնպես չի, որ միտքս վերջնական փոխել եմ, բայց էս տարիքի մարդ եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ Վաղատուրում աղբահանություն է իրականացվում, փողոցները մաքուր են»,- ասում է Նիկոլայը' հավելելով, թե շուտով բնական գազ էլ կունենան: Այդ ամենի հետ, սակայն, անարդար է համարում, որ «իրենց շենի ջուրը կիսեն հարևան գյուղի հետ»: «Մեկ-մեկ աղբյուրի ջուրը դիտմամբ բաց եմ թողում, որ նրանց չհասնի»,-լուրջ-լուրջ ասում է նա:

Լսելով այս պատմությունը' բազմաբնակավայր Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշում է, որ, իր կարծիքով ևս, համայնքների խոշորացման արդյունքները գնահատելու լավագույն չափանիշերից մեկը մարդկանց վերաբերմունքի փոփոխությունն է: «Մեր համայնքը ձևավորվել է աշնանը, ամիսների ընթացքում գրեթե անհնար է, որ մարդկանց կյանքի բարելավման վրա վարչատարածքային փոփոխության ազդեցությունը տեսանելի լինի, մյուս կողմից էլ' միայն փոփոխությունները կարող են բնակիչների կարծիքը փոխել»,-ասում է համայնքի ղեկավարը:

Նա պատմում է, որ երբ տարիներ առաջ Տեղի գյուղապետն էր, համայնքային բյուջեի գրեթե 70 տոկոսն ուղղվում էր աշխատակազմի աշխատավարձի վճարմանը, եկամուտների հազիվ 25-30 տոկոսն էր հավաքագրվում և, ասես, բնական էր թվում, որ գյուղի փողոցները պիտի աղբակույտերով ծածկված լինեն, հիմնականում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված բնակիչներից յուրաքանչյուրն իր գլխի ճարը տեսնի, թե երբ ցորենը հավաքի, ինչպես մշակի և այլն, իսկ հիմա, ըստ նրա, շատ բան է փոխվել:

«Այդ տարիներին էլ և´ պետական դոտացիա կար, և´ միջազգային կազմակերպություններ, որոնք կարող էին և իրականացնում էին տարբեր ծրագրեր, սակայն խոշորացման արդյունքում նաև ընդհանուր ջանքերն են միավորվել, կարողությունները, մոտիվացիան, որ համատեղ ուժերով հնարավոր է բարեկեցիկ դարձնել գյուղի կյանքը, որ զբաղվածության հետ նաև մարդը հետաքրքված լինի համայնքի կյանքով, որովհետև, իմ կարծիքով, մասնավորապես, գյուղաբնակներն անտարբեր են, թե իշխանություններն ինչ են անում իրենց կյանքը բարելավելու համար: «Շատ են խոսում համայնքային բյուջեն թափանցիկ ծախսելու, համայնքի բնակիչների ձայնը լսելի դարձնելու մասին, բայց արի ու տես, որ քչերին է դա հետաքրքրում, մարդիկ հստակ, շոշափելի փոփոխություն են ցանկանում տեսնել. այսօր բնակիչն ավելի շատ անհամբեր պահանջատեր է, քան մասնակից»,-ասում է Ներսեսը:

Ասածը հաստատելու համար նա վկայակոչում է համայնքում աղբահանության կազմակերպման հարցի լուծումը: Համայնքային բյուջեով տարեկան ընդամենը 6,8 մլն դրամ է նախատեսված յոթ բնակավայրի աղբահանության կազմակերպման համար, բայց բացի այն, որ սկսեցին ավագանու որոշմամբ աղբահանության վճար գանձել, համայնքի բնակավայրերը աղբից մաքրելու համար ֆինանսական միջոցների հայթայթման արդյունքում լրացուցիչ հնարավորություններ ստեղծվեցին, մասնավորապես' Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ առաջիկայում Գորիս համայնքի հետ կստեղծվի Մինչհամայնքային միավորում, և նախատեսվող 35 հազար եվրոյի դրամաշնորհից միջոցներ կհատկացվեն աղբահավաք մեքենա ձեռք բերելու համար:

Համայնքի զարգացման ընթացիկ հնգամյա ծրագրում աղբահանությունից բացի, առաջնահերթ խնդիրների թվում կարևորվել է նաև համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանությունը և շահագործումը: Այս առումով ևս արդեն իսկ աշխատանքներ են իրականացվել, մասնավորապես' մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման՝ Հրատապ ծրագրի միջոցներով 30 մլն դրամ ներդրման միջոցներով հիմնանորոգվել է համայնքի կենտրոնը Արավուս բնակավայրի հետ կապող կամուրջը: Բացի այդ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ նախատեսվում է, որ համայնքը, ի թիվս այլ տեխնիկայի, կունենա երկու հատ միկրոավտոբուս, որոնցից մեկը կանոնավոր երթևեկություն կապահովի համայնքի բնակավայրերի միջև, ինչպես նաև, հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, ձեռք կբերվի ամենագնաց մեքենա՝ ձմռանը անխափան ուղևորափոխադրում կազմակերպելու համար:

Համայնքում տարբեր ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկայով համալրելու առումով կարևոր դերակատարություն ունի ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որի շրջանակներում Կոռնիձոր, Տեղ, Քարաշեն, Վաղատուր, Խոզնավար, Խնածախ բնակավայրերում ներդրվել է 309,460 մլն դրամ: Գումարն ուղղվել է հիմնականում արոտների ջրարբիացմանը, 34 անուն գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերմանը /տրակտոր, խոտհավաք, խոտհնձիչ, գութան, շարքացան և այլն/: Ծրագրի՝ Սյունիքի մարզային աջակցության թիմի համակարգող Միսակ Հովակիմյանի խոսքով' ծրագիրը մեկնարկել է դեռևս մինչև վարչատարածքային փոփոխությունը, և նախկին համայնքները իրենց տեղական բյուջեից ներդրումներ են կատարել, սակայն բազմաբնակավայր համայնքի ձևավորումից հետո ծրագրի շրջանակներում հիմնադրված Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներն այժմ ծառայություններ են մատուցում ամբողջ համայնքում՝ նպատակ ունենալով բարելավել գյուղացիական տնտեսությունների տնտեսական կայունությունը, բարձրացնել գյուղմթերքների արտադրության ծավալները:

Տեղ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթներից մեկը վերաբերում է համայնքի բնակավայրերում նախակրթական և արտադասարանական ուսուցման իրականացմանը: Այդ նպատակով 2017թ. բյուջեով հատկացվել է մոտ 35 մլն դրամ, և արդեն իսկ որոշակի առաջընթաց է գրանցվել, մասնավորապես' հեռավոր Խնածախ բնակավայրում բացվել է մանկապարտեզ, բարեգործական միջոցներով հիմնանորոգվել համայնքի կենտրոնի մանկապարտեզի շենքը:

Հետաքրքրական է, որ համայնքային խնդիրների լուծման գործում ներգրավվել են ոչ միայն միջազգային, տեղական ներդրումներ, այլև ոչ տեղացի մի խումբ մարդկանց նախաձեռնությամբ նախատեսվում է հիմնադրել Տեղ համայնքի զարգացման հիմնադրամ, արդեն իսկ մշակվել է կանոնակարգ, քարտեզագրվել են համայնքի առաջնահերթ խնդիրները:

«Համայնքի կազմի մեջ մտնող յոթ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու համար ես ձեռքս պարզում եմ առաջարկվող ցանկացած գաղափարի հեղինակի և համագործակցության պատրաստակամություն հայտնում»,- ասում է համայնքի ղեկավարը' նշելով նաև, որ այդ հարցում իրեն աջակցում է ավագանին (մարզի բազմաբնակավայր համայնքների ավագանիներից միակն է, որի կազմում 3 կին ավագանի կա): Նրանց մասնակցությամբ են մշակվում նախագծեր՝ նպատակ ունենալով կրճատել համայնքային խնդիրները, որոնց թվում առաջնահերթ են ոռոգման և խմելու ջրի ցանցերի կառուցումն ու նորոգումը, ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը, անհրաժեշտ ենթակառուցվածքային համակարգերի ստեղծումը, ձեռներեցության զարգացման համար պայմանների ապահովումն ու մշակութային կյանքի աշխուժացումը:

Անդրադառնալով համայնքի կազմում գտնվող Վաղատուրի վարչական ներկայացուցչի դիտարկմանը, թե կրճատելով ակումբավարի հաստիքը' դրական առումով որևէ բան չի փոխվի, քանի որ գոնե գյուղի 30-40 երիտասարդներն իրենց ազատ ժամանակն ակումբում էին անցկացնում, համայնքի ղեկավարը գոյություն չունեցող մշակութային կյանքի աշխուժացման համար «ընդամենը պահակ» ունենալը ոչ թե շքեղություն, այլ անիմաստ է համարում: Նրա կարծիքով' նախ կարիք կա այդ շենքերը բարեկարգել, բավարար պայմաններ ապահովել մշակութային կյանքի զարգացման համար, հետո համապատասխան հաստիքներ նախատեսել: Խոշորացումից հետո նախկին յոթ համայնքներում 32 հաստիք է կրճատվել, սակայն մեծ թվով մարդիկ էլ այլ տեղերում աշխատանքով ապահովվել են: Միայն Խնածախի մանկապարտեզում 6 կին է աշխատանքի տեղավորվել, նոր աշխատատեղեր են ավելացել սպասարկման ոլորտում՝ աղբահանության կազմակերպում, գազի ծառայության իրականացում և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter